Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) դահլիճում հանդիպեց ուսանողների եւ դասախոսական կազմի հետ: ՀՊՏՀ 3-րդ կուրսի ուսանողներից մեկը նախարարից հետաքրքրվեց, թե իրականության համապատասխանում է Հայաստանի կողմից «Իսկանդեր» հրթիռային համալիրներ գնելու մասին տեղեկությունը:
Պաշտպանության նախարարը պատասխանեց, որ ՀՀ զինված ուժերն անընդհատ աշխատում են մարտական կարողությունների զարգացման ուղղությամբ. «Անընդհատ ռազմական, ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում ձեռք են բերվում ժամանակակից միջոցներ, ներառյալ՝ հեռահար ճշգրիտ միջոցներ»:
Սեյրան Օհանյանը շեշտեց, որ այդ խնդիրների իրականացումը այն գաղտնիություններից մեկն է, որ զինված ուժերը պարունակում է. «Որքան մենք քիչ խոսենք դրա մասին, այդքան քիչ տեղեկատվություն կլինի մեր հակառակորդի համար, եւ մենք ավելի արագ ձեւով կարող ենք այդ ամենն իրականացնել»:
Լրագրողները հիշեցրեցին, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Վլադիմիր Պուտինի հետ վերջերս ունեցած հանդիպմանը եւ սեպտեմբերի 15-ին Դուշանբեում տեղի ունեցած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթաժողովի ընթացքում բարձրացրեց Ադրբեջանի կողմից Հայաստանի բնակավայրերի ռմբակոծության հարցը, բայց ՀԱՊԿ վերջնական հայտարարությունում այդ մասին ոչինչ չկար եւ հարցրեցին, թե այնուամենայնիվ ի՞նչ արձագանք է եղել ՀԱՊԿ-ում:
Կարդացեք նաև
Պաշտպանության նախարարը պատասխանեց, որ Սերժ Սարգսյանի կողմից բարձրացված խնդիրները լոկալ բնույթ են կրում եւ այդ խնդիրների պատասխանատուները, խախտողները Հայաստանի հարեւաններն են, իսկ արձագանքողը՝ Հայաստանը. «Իհարկե միջազգային ասպարեզում մեր բոլորիս ցանկությունն այն է, որ բոլորը արձագանքեն, բայց ես որպես անձնավորություն դրան շատ հանգիստ եմ նայում»: