«ԱԶԴ» ընկերության նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 20-ին՝ ժամը 19:00-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Ջազ կայանումը Երևանում» նախագծի համերգը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության օրվան:
Համերգին մասնակցում են Մարիամ Մերաբովան, Արմեն Մերաբովը, Մարգարիտա Պոզոյանը, Էդգար Հակոբյանը, Արծվիկ Հարությունյանը, Գայանե Զախարովան, Էդվարդ Քոչարյանը, Սյուզի Մխիթարյանը, Արտյոմ Քոչարյանը և այլ երաժիշտ-կատարողներ:
Համերգի հատուկ հյուրերն են Շուշան Պետրոսյանն ու Ալին Գոյան:
Նշենք, որ «Ջազ կայանում» նախագիծը մեկնարկել է 2008 թվականի նոյեմբերին, Մոսկվայում, և այսօր արդեն միավորում է կատարողական արվեստի ավելի քան 100 ներկայացուցչի:
Կարդացեք նաև
Նախագծի հեղինակ Անժելիկա Ալֆյորովա-Հարությունյանի խոսքով՝ նպատակը երիտասարդ կատարողներին ինքնադրսևորվելու, արդեն փորձառու երաժիշտների հետ բեմ դուրս գալու, կատարելագործվելու, փորձառություն ու լայն ճանաչում ձեռք բերելու հնարավորություն տալն է:
«Ջազ կայանումը Երևանում» նախագծի երիտասարդ երաժիշտ-կատարողները սեպտեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին, որ մեծ պատասխանատվություն է հայրենիքում ելույթ ունենալը, և իրենք ամեն ինչ կանեն, որ համերգը յուրահատուկ ու անմոռանալի լինի հայ հանդիսատեսի համար:
«Շատ հաճելի ու պարտավորեցնող է հայրենիքում հանդես գալը, հատկապես այնպիսի լեգենդար բեմում, ինչպիսին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնինն է»,- ասաց Էդվարդ Քոչարյանը:
Իսկ Արտյոմ Քոչարյանն առաջիկա համերգին մասնակցությունը մեծ պատիվ է համարում: Բացի այդ, նրա համար առանձնահատուկ նշանակություն ունի այցելությունը Հայաստան հատկապես այս տարի, երբ լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ