Լրահոս
Օրվա լրահոսը

Վալերի Օստալեպ. «Ձեր տարածաշրջանում աճելու են անվտանգության առումով  ռիսկերը»

Սեպտեմբեր 19,2015 20:21

Մոլդովայում տեղի ունեցող զարգացումները ռուսական ԶԼՄ-ները հաճախ համեմատում են Մայդանի հետ: «Ռեգիոն» կենտրոնի՝ «Մամուլի միջազգային «ԴԻԱԼՈԳ» ակումբ. հայաստանյան լրատվամիջոցների համար միջազգային տեղեկատվության աղբյուրների բազմազանեցնում» ծրագրի շրջանակներում, որին աջակցում է ԵԱՀԿ Երեւանի գրասենյակը, անցկացվող օնլայն ասուլիսի ժամանակ Aravot.am-ը Դիվանագիտական, քաղաքական և անվտանգության հարցերով հետազոտությունների ինստիտուտի ղեկավար, Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրացիայի նախկին փոխնախարար Վալերի Օստալեպից հետաքրքրվեց` արդարացվա՞ծ է այդ մոտեցումը, թե՞ դա ռուսական քարոզչության հերթական դրսևորումներից է:

Նա պատասխանեց. «Գործնականում լրագրությունը, ինչ էլ որ անես, վաղ թե ուշ համեմատվում է քարոզչության հետ: Ես վաղուց արդեն ուշադրություն չեմ դարձնում նման կլիշեներին: Ի վերջո, լրագրողը, ինչպես յուրաքանչյուր  անհատ՝ երևույթների սուբյեկտիվ ընկալում ունի և բացարձակապես կապ չունի` նա ներկայացնում է CNN-ը, առաջին ալիքը, թե մոլդովական հեռուստաընկերությունը: Եվ եթե ինչ-որ մեկն իր կարճ խելքով Մոլդովայում կատարվածն  անվանել է Մայդան կամ հեղափոխություն, ես չեմ շտապում դա վերագրել ռուսական քարոզչությանը: Դա պարզապես տվյալ լրագրողի` Մոլդովայում տեղի ունեցող իրադարձությունների ոչ համարժեք ընկալումն է: Եվ մեկ անգամ ևս շեշտեմ, որ ռուսական ԶԼՄ-ները առանձնապես մեծ տեղ չեն հատկացնում մոլդովական իրադարձություններին, ուստի Մոլդովայում ես ամենևին չեն նկատում ռուսական քարոզչություն»:

Մեր մյուս հարցին`համամի՞տ եք արդյոք այն պնդումներին, որ ավելի ու ավելի է ամրապնդվում այն համոզմունքը, թե ՀԱՊԿ դերակատարությունը Հայաստանի անվտանգության ապահովման հարցում զուտ ֆորմալ բնույթ ունի, մանավանդ Դուշանբեում կատարվածի ֆոնի վրա, երբ փաստն այն է, որ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներից որևէ մեկի, ինչպես նաև կազմակերպության մակարդակով  հայ-ադրբեջանական շփման գծում ստեղծված իրավիճակին որևէ անդրադարձ, չեղավ, պարոն Օստալեպն ասաց. «Ձեր տարածաշրջանում անվտանգության համակարգն այնպիսին է, որ տարեցտարի ավելի մեծ ջանքեր են անհրաժեշտ լինելու ապահովելու համար տարածաշրջանային անվտանգությունը: Ե՛վ ֆինանսական, և՛ մարդկային ռեսուրսների անհրաժեշտությունը մեծանալու է, միևնույն ժամանակ աճելու են նաև ռիսկերը»:

Պարոն Օստալեպն անդրադարձավ նաև Արևելյան գործընկերության ծրագրի գլխավոր թերությանը` իրական գործընթացների հետ դրա թույլ կապին: Նա մանրամասնեց. «Հիմա արդեն ակնհայտ է, որ 2008-ի փաստաթղթի հեղինակներն անգամ պատկերացում չունեին մեր տարածաշրջաններում առկա իրավիճակի մասին: ԵՄ-ն պատրաստվում էր Ռուսաստանի հետ լուրջ աշխարհաքաղաքական առճակատման և իրենց անհրաժեշտ էր հապճեպ ստեղծել մի ձևաչափ, որը հնարավորություն կտար դեպի իրեն ձգել որոշակի քանակությամբ «մասնակիցների»: Բնականաբար դա նրանց մոտ չստացվեց, իսկ Արևելյան գործընկերության արդյունքները աղետալի են»:

Անդրադարձ կատարվեց նաև ԱՊՀ-ի գործունեությանը: Ըստ Վալերի Օստալեպի` ցանկացած կազմակերպության արդյունավետությունը կախված է նրա անդամների նպատակներից և գործարկվելիք ջանքներից: Փորձագետի կարծիքով` ԱՊՀ-ն երբևէ չի կորցել իր հրատապությունն ու անհրաժեշտությունը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930