«Պատմական նշանակության օր է»,- սեպտեմբերի 19-ին «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը՝ խոսելով Անկախության օրվա՝ սեպտեմբերի 21-ի մասին:
Նա նշեց, որ ցանկացած այդպիսի օր համարում է նաեւ պայքարի օր, այսինքն՝ զուտ միայն ուրախանալու եւ անցած օրերի նվաճումները նշելու օր չէ, այլ յուրահատուկ հաշվետվության օր պետք է լինի, երբ յուրաքանչյուրը պետք է վերանայի պարտավորությունները, որոնք որ մասամբ ենք կատարել կամ չենք կարողացել կատարել. «Մենք մի ճանապարհ ենք ընտրել, որ ոչ մեկը մեզ չի խոստացել, որ վարդերով է զարդարված լինելու, մենք ի սկզբանե գիտեինք, եւ օրերն այնպիսին էին, որ դա մարտահրավեր էր եւ մարտահրավերի արձագանք: Մեկ օրվա մեջ չէ, որ լուծվել է»:
Լարիսա Ալավերդյանը իր խոսքում անդրադարձավ 1991 թվականի սեպտեմբերի 21-ից 6 ամիս առաջ տեղի ունեցած իրադարձություններին: Նա նշեց, որ հայտարարությունները, թե Սովետական Միության անդամ հանրապետություններից ոչ մեկը դուրս չի եկել միջազգային եւ ներպետական օրենքի համաձայն, ամենեւին այդպես չէ. «Խիստ հակառակը՝ միայն Հայաստանն է կատարել բոլոր այն նորմերը, որոնք որ նախատեսված են եղել եւս մեկ տարի առաջ՝ 1990 թվականին ընդունված Սովետական Միությունից հանրապետության դուրս գալու կարգի մասին օրենքը: Միայն Հայաստանն է ճիշտ ժամանակին, ինչպես գրված է եղել օրենքում՝ եթե կա այպիսի մտադրություն, ապա ոչ ուշ, քան 6 ամիս առաջ պետք է հայտարարվի հանրաքվեի օրը, առնվազն մեկ-երկու շաբաթվա տարբերությամբ, ոչ ուշ քան վեց ամիս, դա բավականին հստակ է: Եվ դա տեղի է ունեցել Գերագույն խորհուրդը դեռ վեց ամիս շուտ՝ մարտ ամսին կայացրել է այդպիսի որոշում, որ պետք է կայանա հանրաքվե, որովհետեւ արդեն հայտնի էր, որ չի մասնակցելու Հայաստանը Սովետական Միության մեջ մնալու-չմնալու հանրաքվեին»:
Նա նշեց, որ հանրաքվեն անցկացվել է ճիշտ այն ժամանակ, երբ գոյություն ուներ Սովետական Միությունը: Ըստ նրա՝ պատահական չէ, որ բոլորը փորձում են մոռացության տալ կամ մերժում են այն հանգամանքը, որ Հայաստանը գործել է Սովետական Միությունում գործող օրենքի տառի եւ ոգու համապատասխան եւ միջազգային նորմերով:
Կարդացեք նաև
Եզրափակելով իր խոսքը՝ Լարիսա Ալավերդյանն ասաց. «Ինձ համար անկախության օրը իրվական, սոցիալական, ժողովրդավարական պետության կայացման եւ կառուցման ճանապարհի վրա օրերից մեկն է, եւ երբ որ մենք պետք է վերհիշենք մեր առջեւ ծառացած խնդիրները եւ հնարավորինս լուծենք դրանք»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ