Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանության գլխին մնալու համար Սերժ Սարգսյանին ամենեւին անհրաժեշտ չէ ԱԺ նախագահի աթոռը

Սեպտեմբեր 19,2015 15:00

Ըստ իրավաբանի` նոր Սահմանադրությունը նրան այդ հնարավորությունը տալիս է առանց նման պատասխանատվություն իր վրա վերցնելու

Իրավաբան Նիկոլայ Բաղդասարյանի կարծիքով` սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի ներկայացրածը ոչ թե Սահմանադրության փոփոխությունների, այլ նոր Սահմանադրության նախագիծ է: Հիշեցնենք, որ առաջին անգամ չէ, որ այս փաստը նկատում են եւ ուշադրության հրավիրում: Օրինակ` նման դիտարկմամբ էր հանդես եկել նաեւ Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանը: Նա մասնավորապես նշել էր. «Հանձնաժողովում անհատապես բոլորին ճանաչում եմ, բայց ինչպե՞ս է ստացվել նման դեպք, որ բարեփոխման մասին խոսք չկար ՀՀ նախագահի հրամանագրում, այլ կար ընդամենը մեկ սկզբունքային խնդիր, այն է` ներկայացնել բարեփոխումների նախագիծ, բայց ստացվում է` նախագահի հրամանագիրը չի կատարվել, քանի որ ոչ թե բարեփոխումների նախագիծ է ներկայացվել, այլ Սահմանադրության նոր տեքստ»:
Հետեւաբար ստացվում է, որ հանձնաժողովը չի կատարել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագիրը: «Առավոտի» հետ զրույցում Նիկոլայ Բաղդասարյանը վստահեցրեց, որ ամենեւին պարտադիր չէ լինել մասնագետ՝ հասկանալու համար, որ դա այդպես է: Որպես հավաստում` նա նշեց. «Փոփոխությունների դեպքում կպահպանվեր համարակալումը, բայց այս տարբերակով Սահմանադրությունն իննսուն տոկոսով փոխվել է եւ լրիվ այլ բան գրվել: Սա նոր Սահմանադրություն է նոր պետության համար»:

Մեր այն դիտարկմանը` հետեւաբար ընդդիմության պնդումները, թե Սերժ Սարգսյանը նախաձեռնել է սահմանադրական փոփոխությունները վերարտադրվելու համար, ճի՞շտ են, պարոն Բաղդասարյանը այսպես պատասխանեց. «Նոր Սահմանադրություն է գրվել, որ մի հոգին միշտ լինի թագավոր: Դա վերարտադրության հետ կապ չունի: Չեմ կարծում` Սերժ Սարգսյանը մի Սահմանադրություն գրեր, որի արդյունքում ինքն այլեւս պետության գլուխ չլիներ»: Մեր այն հիշեցմանը, թե Սերժ Սարգսյանը մի քանի անգամ հայտարարել է, որ ինքը չի մնալու իշխանության մեջ, Նիկոլայ Բաղդասարյանը հետեւյալ զուգահեռն անցկացրեց. «Հիմա ես որ հայտարարում եմ, որ մեր ընտանիքում ուզում եմ կարգուկանոն մտցնել ու սրանից հետո իմ կինն է լինելու ընտանիքի գլուխ, կհավատա՞ք: Ինչո՞ւ Սերժ Սարգսյանն ու իր մոտիկները պիտի հրաժարվեն այն ամենից, ինչ ութ տարիների ընթացքում են ձեռք բերել:

Դուք լինեիք՝ կհամաձայնեի՞ք իշխանությունը կամովին տալ ուրիշին»: Ըստ իրավաբանի` Սերժ Սարգսյանին ամենեւին պետք էլ չէ լինել ՀՀ ԱԺ նախագահ՝ երկիր կառավարելու համար, իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնում էլ նա հանգիստ կարող է դա անել: Իրավաբանը կանխատեսում է. «Ինչ-որ մեկը դառնալու է կուսակցության նախագահ, նա էլ երկիրն է իշխելու, իր մոտիկներին նշանակելու է պաշտոնների: Իսկ այդ պաշտոնը կարող է ժառանգել տղայից թոռ, իրենից իշխանություն վերցնել հնարավոր չի լինի: Իսկ ԱԺ նախագահը երկրորդ-երրորդ դեմքն է դառնում: Ուղղակի քաղաքակիրթ պետություններում իշխող կուսակցության ղեկավարը ինչ-որ պաշտոն է զբաղեցնում, բայց մեր երկրում դրա կարիքը չկա: Լրացուցիչ պատասխանատվություն ինչո՞ւ վերցնել, եթե կարելի է միայն իրավունքներ ստանձնել»: Նիկոլայ Բաղդասարյանը կեսկատակ-կեսլուրջ վերջում հավելեց. «Իսկ եթե ԱԺ նախագահն էլ մի վատ բան անի, իշխող կուսակցության ղեկավարը կասի` «Տարո՛ն, սիրուն չէ»:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930