Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Ո՞ւմ պատճառով մենք կորցրինք Շահումյանը. Դալիբալթայանին հերքում են

Սեպտեմբեր 19,2015 14:30

Ըստ Վաղարշակ Հարությունյանի՝ կան օբյեկտիվ
եւ սուբյեկտիվ պատճառներ Շահումյանը կորցնելու հարցում

«Ո՞վ պետք է պատասխան տա Շահումյանի համար: Մենք նրա ղեկավարությամբ կորցրինք Շահումյանը, որը մինչեւ հիմա Ադրբեջանի ձեռքի տակ է»,- երջանկահիշատակ գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը 1-in.am-ի հետ զրույցում այսպիսի հայտարարություն էր արել՝ Շահումյանը կորցնելու համար մեղադրելով Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանին՝ Կոմանդոսին:
«Առավոտը» 1999-2000թթ. պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանից հետաքրքրվեց՝ նա կիսո՞ւմ է այդ տեսակետը, ո՞ւմ պատճառով եւ ինչպե՞ս մենք կորցրինք Շահումյանը:

Պարոն Հարությունյանը պատասխանեց. «Այն ժամանակ՝ պատերազմում, պիտի հստակ պատկերացնեք, որ Ադրբեջանն ուներ Հայաստանից մի 5-6 անգամ ավելի ներուժ՝ ե՛ւ մարդկային, ե՛ւ տնտեսական, ե՛ւ զենք-զինամթերքի տեսանկյունից: ԽՍՀՄ-ի ժամանակ իր տարածքում 3-4 անգամ ավելի հզոր բանակ էր տեղակայված, քան Հայաստանում: Այդ ամենը առավելություն էր Ադրբեջանի համար: Խորհրդային Միության փլուզման ժամանակ իրենք ուժով զավթեցին խորհրդային բանակի զորամասերն ու զինվորական տեխնիկան, եւ դա նրանց համար ապահովեց ժամանակավոր հաջողություն: Իրենք այդ պահին ունեցան տեխնիկա, որը շատ կարճ ժամանակ անց վերածվեց ուղղակի մետաղի ջարդոնի: Մենք գնացինք ավելի խելամիտ ճանապարհով: Մենք պատրաստում էինք անձնակազմը՝ ապագա բանակի հիմքը, դրանից հետո վերցնում էինք զորամասերը: Դա մեզ երկարաժամկետ առավելություն տվեց. նրանք շահեցին այդ պահի մարտը, իսկ մենք՝ պատերազմը: Մենք 12 հազար քմ ավելացրինք մեր տարածքը, դա կազմում է Հայաստանի տարածքի 30 տոկոսը: Այդպիսի հաղթանակ չի եղել ոչ միայն Հայաստանի պատմության, այլ նաեւ որեւէ այլ երկրում չի եղել, իր նախադեպը չի ունեցել, որ պետությունը կարողանա ազատագրել իր տարածքի 30 տոկոսի չափ տարածք»:

Մեր հարցին՝ այսինքն՝ մեղավորներ չկա՞ն Շահումյանը կորցնելու հարցում, նա պատասխանեց. «Մեղավորներ միշտ կան: Կան օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ Շահումյանը կորցնելու հարցում: Այստեղ կարող ենք ասել ամեն ինչ, ասել, որ մի հատ զինվոր լավ չի կրակել: Բայց հիմնական պատճառն այն է եղել, որ հակառակորդը զինտեխնիկայի հարցում առավելություն ուներ, բալանսը խախտված էր»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ներսես says:

    Ձեռք ե՞ք առնում։ Շահումյանի գրավման հարվածային ուժը եղել է սովետական այսինքն ռուսական բանակը, որը բնական է և սպառազինություններով էլ ուժեղ է եղել և պատրաստվածությամբ։ Հիմա ԵՏՄ եք գնացել, ամեն ձև ուզում եք ռուսներին արդարացնել, որ էլի ռուս խաղաղապահներ բերեք, նորից հայաթափե՞ք Արցախը այ դավաճաններ։

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930