Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից անցկացվող 9-րդ Երեւանյան միջազգային երաժշտական փառատոնի հրավիրյալ մասնակիցների թվում է միջազգային համբավ վայելող ալտահար Քիմ Քաշքաշյանը: Հավատացած ենք, որ երաժշտին մեր ունկնդրին ներկայացնելու հարկ չկա: Այնուամենայնիվ, նշենք, որ մեր հայրենակիցը պարգեւների ու մրցանակների պակաս չունի: Ոչ միայն Ամերիկան է գնահատել, ասենք, արմատներով հայ արվեստագետի մեծ ավանդը ամերիկյան երաժշտության ասպարեզում, այլեւ եվրոպական շատ պետություններ: Օրինակ, ժամանակակից երաժշտության տարածման գործում նա Շվեյցարիայում արժանացել է Golden Bow հեղինակավոր մրցանակին, 2013 թ.՝ Grammy-ի «Լավագույն դասական գործիքային մենանվագային ալբոմ» անվանակարգում եւ այլն:
«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ երաժշտին խնդրեցինք ներկայացնել Բոստոնում հիմնված սովի դեմ պայքարող Music for Food բարեգործական կազմակերպության աշխատանքները, քանի որ ինքը հանդիսանում է այդ միության հիմնադիր անդամներից մեկը: Սա անակնկալի բերեց արվեստագետին: Նա նշեց, որ այդ մասին չի սիրում բարձրաձայն խոսել, ավելին, իր խոսքերով՝ կազմակերպության մասին նեղ շրջանակ գիտի: Այդուհանդերձ, որոշ տեղեկություններ ներկայացրեց. «Վեց տարի առաջ գործընկերներիս հետ որոշեցինք համախմբվել մի գաղափարի շուրջ, այն է՝ պարզապես օգնել սովյալներին, ինչի համար առիթ ծառայեց ԱՄՆ-ում հրապարակված մի վիճակագրություն, ըստ որի՝ Ամերիկայում բնակվող վեց մարդուց մեկը, մեղմ ասած, ապահով չէ սննդի առումով»:
Դիտարկմանը, թե անհավանական է, մեծ թվով գաղթականներ ընդունող երկիրը, փաստորեն, իր քաղաքացիներին չի կարողանում ապահովել սննդամթերքով, տիկին Քաշքաշյանը հավաստիացրեց, որ սովյալներ կան ոչ միայն ԱՄՆ-ում, ու հետո հայտնեց հետեւյալը. «Մեր երաժիշտներից մեկ-երկուսը ինչ-ինչ պատճառներով մեկնեցին Բեռլին, ժամանակ անց նրանցից լուր ստացանք, թե նույն խնդիրը կա Գերմանիայում, եւ ոչ միայն այնտեղ: Համոզված ենք, որ սովյալներ կան ողջ աշխարհում»: Հարցին՝ եթե հայտարարում է, որ ողջ աշխարհում կան սովյալներ, գուցե այդ մասով տեղեկություն ունենա նաեւ մեր երկրից, երաժիշտը պատասխանեց. «Ես ու կոլեգաներս, անկեղծ ասած, այդ խնդրի մասով ոչինչ չգիտենք Հայաստանից…»: Ռեպլիկին՝ իսկ եթե իմանար, համապատասխան կոչով կդիմե՞ր հայաստանցի գործընկերներին, մեր զրուցակիցն ասաց, որ նման առաջարկ կամ կոչ չէր անի երբեք. «Եթե նույնիսկ տեղեկություն ունենայի, ապա լուռումունջ գործ կանեի, այսինքն՝ մեր կազմակերպության ուժերի ներածին չափով նաեւ կօգնեինք հայաստանցիներին: Կրկնում եմ՝ այս պահին ոչ մի նման տեղեկություն չունեմ եւ մի տեսակ, չգիտես ինչու, վստահ եմ, որ աշխարհին նաեւ իր հյուրասիրությամբ հանրահայտ Հայաստանը նման խնդրի առաջ երբեք չի կանգնի: Գուցե մտածեք, որ մեկ րոպե առաջ հայտարարեցի, թե աշխարհում չկա երկիր, որ սովյալներ չունենա, հիմա էլ ասում եմ, որ Հայաստանը հավանաբար նման խնդրի առջեւ չի կանգնի… Այսինքն՝ ինքս ինձ հակասում եմ, բայց այդպես է, ներքին ձայնս դա է ասում»:
Խոսելով ընդհանրապես բարեգործության, մասնավորապես՝ արվեստագետների նման գործունեության մասին, Քիմ Քաշքաշյանը զրույցի ընթացքում քանիցս նշեց. «Բարեգործական համերգներին բարեգործությամբ են զբաղվում նաեւ հանդիսականները: Եթե ոչ նրանք, ապա ոչ մի, նույնիսկ աշխարհահռչակ արվեստագետ, չի կարող գնալ նման քայլի»: Ժպտալով հավելեց նաեւ, թե՝ «ո՞վ ենք մենք առանց ունկնդրի, փաստորեն լինի դա պարզապես համերգ կամ բարեգործական միջոցառում»:
Մեզ համար անսպասելի Քիմ Քաշքաշյանը հայտարարեց, որ ինքը պատրաստվում է անցնել թոշակի: Հետաքրքրությանը, թե ինչն է իրեն ստիպում կամ դրդում գնալ այդ քայլին, ալտահարը նախ հայտնեց, թե, իր ձեւակերպմամբ՝ դրանում վատ ոչինչ չի տեսնում, ընդհակառակը՝ ավելի շատ ժամանակ կտրամադրի վարպետության դասընթացներին եւ իր մանկավարժական գործունեությանը Բոստոնի New England Conservatory-ում: Հավելեց նաեւ, թե գուցե միայն այդ ժամանակ կարողանա ինչպես հարկն է խնամել իր առանձնատան ընդարձակ պարտեզը:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
18.09..2015