Լրահոս
Օրվա լրահոսը

Համազգայինի տնօրենը թատրոնի շենքի հարցից չի խոսել վարչապետի հետ

Սեպտեմբեր 19,2015 13:30

Ըստ Վարդան Մկրտչյանի, գլոբալ թեմաները
«ծեծվելուց» կորցնում են կարեւորությունը

Համազգային թատրոնի շենքի հարցը մինչեւ հիմա առկախ է: Օրերս կայացած ասուլիսում թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը հայտնել էր, որ ամեն ինչ անում են շենքի համար անհրաժեշտ գումարը հայթայթելու համար: Նաեւ ցավով փաստել, որ յուրաքանչյուր ներկայացում բեմադրելուց առաջ բավականին շատ խնդիրների են բախվում, ինչը, մեղմ ասած, ճիշտ չէ: «Պետք է վերջ տալ այն մտածողությանը, որ Համազգային թատրոնը միայն Սոս Սարգսյանն էր կամ միայն Սոս Սարգսյանի շենքն է… Համազգային թատրոնը 60 աշխատող ունի. թատրոնը բոլորինն է: Հետեւաբար՝ թատրոնի շենքի խնդիրը պետք չէ կապել մեկ անձի հետ: Դա մեր բոլորի խնդիրն ու երազանքն է»,-ասել էր տնօրենը:

Ու քանի որ վերջերս Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում վարչապետ Հովիկ Աբրահամյանը մշակույթի գործիչների ու մտավորականների հետ հանդիպում էր ունեցել, Համազգային թատրոնի տնօրենից «Առավոտը» հետաքրքրվեց՝ արդյոք Համազգային թատրոնի շենքի հարցը բարձրացրել է այդ հանդիպման ժամանակ: «Ոչ, չեմ բարձրացրել: Դա մի թեմա է, որի շուրջ մամուլի ասուլիսի ժամանակ արդեն խոսել էինք մեկ-երկու օր առաջ, եւ ես եւս մեկ անգամ հնչեղ կերպով բարձրացրել էի: Ինչ վերաբերում է վարչապետի հետ հանդիպմանը, այն ավելի շատ ոչ պաշտոնական, ընկերական բնույթ ուներ, ու նպատակահարմար չգտա թատրոնի շենքի մասին խոսել ու արծարծել թեման: Կարծում եմ, որ կան գլոբալ թեմաներ, որոնք պետք չէ ամեն առիթ օգտագործել՝ բարձրաձայնելու համար, դրանք պետք է ավելի գլոբալ հնչեղություն ունենան: Իմիջիայլոց, վարչապետն էլ շատ լավ գիտի շենքի խնդիրը, մշակույթի նախարարն էլ, նախագահն էլ… Եվ հետո պետք չէ անընդհատ թեման բարձրացնել, որովհետեւ անընդհատ խոսելով՝ գուցե թեմայի նշանակությունը նսեմացնում ենք: Այլ թատրոնի ղեկավարներ նման հարցեր բարձրացրեցին, իրենց գործն է, ես չցանկացա»,-ասաց Վարդան Մկրտչյանը:

Հարցրինք՝ իր տպավորությամբ ինչպիսի՞ն էր Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպումը, կա՞ր դրա անհրաժեշտությունը: «Որ անկեղծ լինեմ, այդպիսի ձեւաչափով հանդիպում ես չեմ տեսել, առաջին անգամ էի նման հանդիպման մասնակցում, չնայած մեկ անգամ էլ նախագահի հետ է եղել՝ երիտասարդ մշակութային գործիչների հետ Կոմպոզիտորների միության Դիլիջանի տանը: Նմանատիպ հանդիպումները, որտեղ նստում ես սեղանի շուրջ, ազատ զրույց կա, շատ օգտակար են հատկապես արվեստագետների համար, մանավանդ արվեստագետները չեն սիրում պրոտոկոլային հանդիպումներ, պրոտոկոլային վիճակները մեզ խորթ են: Կարծես թե խոսք գնաց, որ այս ձեւաչափով հանդիպումները կդառնան պարբերական, եթե սա դառնա պարբերական, մենք կիմանանք, որ տարվա մեջ մեկ-երկու անգամ հնարավորություն ենք ունենալու երկրի առաջին կամ երկրորդ դեմքի հետ շփվելու, մեր խնդիրները համակարգելու եւ բարձրաձայնելու: Ճիշտն ասած՝ գնալուց առաջ չգիտեի, թե ինչ տեսակ հանդիպում է լինելու, բայց հիմա արդեն ունեմ փորձ եւ հաջորդիվ արդեն կարելի է ավելի փոքր խնդիրներ բարձրացնել»,-ասաց մեր զրուցակիցը:

Թատրոնի տնօրենից փորձեցինք տեղեկանալ՝ կա՞ պաշտոնյա, որ հաճախ է գալիս իրենց թատրոնի ներկայացումներ դիտելու:

«Պարբերաբար մշակույթի նախարարն ու փոխնախարարը, փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանն են գալիս Համազգային թատրոն, վարչապետ Հովիկ Աբրահամյանը վերջին շրջանում «Համլետի» ժամանակ է եղել, առաջին տիկինն է մշտապես գալիս»,- պատասխանեց Վարդան Մկրտչյանը:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930