Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս խաղաղապահներ՝ Ղարաբաղո՞ւմ

Սեպտեմբեր 19,2015 12:00

ՀԱՊԿ խաղաղապահներ նախապատրաստելու
բազային կազմակերպություն են ստեղծում, որ ի՞նչ անեն

Սեպտեմբերի 7-ին Սերժ Սարգսյանը Մոսկվայում տեղեկացրեց, որ Դուշանբեում՝ ՀԱՊԿ գագաթնաժողովում խոսելու է սահմանում լարվածության մասին մանրամասն: Նա այդպես էլ վարվեց սեպտեմբերի 16-ին՝ ՀԱՊԿ-ական գործընկերներին հայտնեց սահմանում տիրող իրավիճակի մասին: Եվ ընդամենը այսքանը:

Միամտություն կլիներ ՀԱՊԿ-ի գործընկերներից իրավիճակին համարժեք արձագանք ակնկալելը, որովհետեւ Դուշանբեի հանդիպումից ընդամենը օրեր առաջ Աստանայում թյուրքախոս պետությունների ղեկավարների 5-րդ գագաթնաժողովում ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների ներկայությամբ Ադրբեջանի նախագահը խոսում էր Զանգեզուրը վերադարձնելու մասին՝ նշելով. «Ոչ միայն ԼՂ-ն, այլեւ Զանգեզուրը հին թյուրքական երկրամաս են, եւ 20-րդ դարի սկզբին Զանգեզուրն անջատելով Ադրբեջանից ու այն փոխանցելով Հայաստանին՝ ըստ էության խախտվեց ողջ թյուրքական աշխարհի աշխարհագրական կապը»:

ՀԱՊԿ անդամ երկրների` սեպտեմբերի 15-ին ընդունված համատեղ հայտարարության մեջ որեւէ մտահոգություն, անհանգստություն չի արտահայտվել կոնկրետ հայ-ադրբեջանական սահմանին վերջին շրջանի լարվածության, իսկ ավելի ճիշտ` ադրբեջանական կողմից բացահայտ ագրեսիայի դրսեւորումներին: Այսինքն` անգամ դեկլարատիվ կերպով ՀԱՊԿ-ում Հայաստանին պաշտպանելու ցանկություն չկա:
ՀԱՊԿ անդամ երկրները հանդես են գալիս հօգուտ համաշխարհային քաղաքականության միասնական օրակարգի եւ իրենց ներդրումն են կատարում գոյություն ունեցող հակասությունների եւ հակամարտությունների բացառապես խաղաղ, քաղաքական եւ դիվանագիտական միջոցներով լուծման գործում՝ ասվում է համատեղ հայտարարության մեջ։ ՀԱՊԿ-ականները «խիստ անհանգստություն են հայտնել ՀԱՊԿ պատասխանատվության գոտում գտնվող սահմաններին տիրող իրավիճակի, տարածաշրջանային հակամարտությունների կարգավորված չլինելու, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ակտիվացման, Աֆղանստանի տարածքը աշխարհի ամենամեծ թմրանյութի արտադրության վայրը դառնալու առնչությամբ», եւ վերջ։

Իսկ ահա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ գագաթնաժողովում հանդես է եկել եվրաատլանտյան անվտանգության համակարգի ներդրման իր տեսլականով, որն անհրաժեշտ է ահաբեկչության դեմ պայքարի համար. «Պետք է մի կողմ թողնել աշխարհագրական հավակնությունները, հրաժարվել, այսպես կոչված, երկակի չափանիշներից՝ հավակնություններին հասնելու համար, այդ թվում՝ իրենց ոչ ձեռնտու կառավարությունները փոխելու նպատակով ուղղակի կամ անուղղակի առանձին ահաբեկչական խմբավորումներն օգտագործելու քաղաքականությունից»։ ՌԴ նախագահը նաեւ խոսել է Մերձավոր Արեւելքում, Սիրիայում, Իրաքում եւ Աֆղանստանում տիրող իրավիճակի մասին։

ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի ամենասենսացիոն մասը, սակայն, Հայաստանի սահմաններում տիրող իրավիճակի պայմաններում ՀԱՊԿ գործընկերների դրսեւորած անտարբերության ֆոնին Սերժ Սարգսյանի մի առաջարկն է եղել: Հասունացել է ՀԱՊԿ խաղաղապահներ նախապատրաստելու համար բազային կազմակերպություն ստեղծելու պահը՝ հայտարարել է ՀՀ նախագահը` հավելելով, որ Հայաստանը 2016թ. ՀԱՊԿ նախագահության շրջանակներում մեծ ուշադրություն կհատկացնի խաղաղարարական արշավներին. «Որպես այդ բազային կազմակերպության հիմք՝ առաջարկում ենք դիտարկել Հայաստանում ԶՈւ խաղաղապահ բրիգադի նախապատրաստական կենտրոնը։ Մենք պատրաստ ենք կիսել տարբեր գործողություններին 10-ամյա մասնակցության ընթացքում մեր կուտակած փորձը»։

Սերժ Սարգսյանի մոսկովյան այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններից մեկը, թերեւս, հենց այս գաղափարն է եղել: Պաշտոնական Մոսկվան, հավանաբար, պահանջել է, որ հենց պաշտոնական Երեւանը հանդես գա ՀԱՊԿ խաղաղապահներ նախապատրաստելու համար բազային կազմակերպության ստեղծման գաղափարով: Պուտինի տրամաբանությունը այստեղ կարելի է հասկանալ` «շա՞տ եք դժգոհ ՀԱՊԿ-ի անտարբերությունից, ուրեմն ՀԱՊԿ խաղաղապահների նախապատրաստելու կազմակերպություն ստեղծենք»:

Իսկ նման առաջարկ հնչեցնելու համապատասխան մթնոլորտ արդեն իսկ ստեղծվել էր. իշխանական պատգամավորները, փորձագետները վերջին օրերին սկսել էին բացահայտ քննադատությամբ հանդես գալ` ՀԱՊԿ-ի ոչ ադեկվատ պահվածքը մատնացույց անելով, ինչը աննախադեպ էր: Հիմա, կարծես, պաշտոնական Երեւանը Մոսկվայի օգնությամբ Հայաստանի սահմաններն ավելի «անվտանգ» դարձնելու ճանապարհին քայլ է արել` նպատակ ունենալով ցույց տալ, թե Մոսկվան «մեր թիկունքին կանգնած է»:
Հնարավոր է, որ ՀԱՊԿ խաղաղապահներ նախապատրաստելու համար բազային կազմակերպությունում ոչ թե տաջիկ, ղրղըզ ու ղազախ խաղաղապահները «կրթվեն», այլ միայն ռուսները: Բայց սա գործնականում ոչինչ չի փոխելու Ադրբեջանին սաստելու հարցում: Եթե ռուսական կողմը նույնիսկ որեւէ հայտարարություն չի համարձակվում անել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ, ապա Ալիեւի մոտ հազիվ թե ահ ու սարսափ առաջանա այն մտքից, որ ՀԱՊԿ խաղաղապահներ են նախապատրաստվելու:

Իրականում Սերժ Սարգսյանի առաջարկով եւս մեկ քայլ է իրականացվում տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության մեծացման հնարավորությունների ուղղությամբ: Սա հիմք է՝ ինչ-ինչ պայմաններում ռուս խաղաղապահներին Ղարաբաղում տեղակայելու համար:

Մեկ ուշագրավ հանգամանք եւս. ՀԱՊԿ խաղաղապահներ նախապատրաստելու համար բազային կազմակերպություն ստեղծելու առաջարկը, կարծես, Մոսկվայի կողմից պատասխան լինի Վրաստանում ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնի բացմանը, որին պաշտոնական Մոսկվան բավական ագրեսիվ արձագանքեց:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930