Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հոնը` ժողովրդական բժշկության մեջ

Սեպտեմբեր 19,2015 11:00

Հոնը մարդու ամենասիրելի պտուղներից մեկն է։ Դժվար թե գտնվի մի ընտանիք, որ ձմեռվա համար հոնի մուրաբա, կոմպոտ, հյութ կամ գոնե չորացրած հոն չունենա։ Դա նույնպես գալիս է դարերի ընթացքում կուտակված կենսափորձից՝ ժողովրդական բժշկությունից։ Հոնը պարունակում է մեր օրգանիզմի համար մի շարք կարեւոր նյութեր` շաքար, օրգանական թթուներ, վիտամին C, դաբաղիչներ եւ այլն։ Տեղին է նշել, որ թվարկած նյութերի տեսակետից վայրի պայմաններում` անտառում աճած հոնն ավելի հարուստ է, քան այգում աճեցրածը։ Անտառի հոնի մեջ շաքարի քանակը հասնում է մոտ 9%֊ի, օրգանական թթուները կազմում են 2-3%, վիտամին C֊ն` 55 մ/գ%, սակայն այգում աճեցրած հոնի պտուղներն ավելի խոշոր, մսալի ու հյութալի են լինում։

Ժողովրդական բժշկության մեջ հոնը հայտնի է որպես լավագույն միջոց նյութափոխանակության, սակավարյունության, մաշկի հիվանդությունների, պոդագրայի եւ մկանային ցավերը բուժելու համար։ Առաջարկվում է պատրաստել հոնաջուր` մեկ բաժակ ջրի համար վերցնել մեկ ճաշի գդալ չոր հոն, դնել կրակի վրա, թողնել մինչեւ եռալը, վերցնել կրակից, թողնել 30-50 րոպե եւ օրական 3 անգամ կես բաժակի չափ խմել։
Հոնի հրաշալի դաբաղիչ հատկության շնորհիվ բժշկության մեջ այն օգտագործվում է ստամոքս-աղիքային համակարգի խանգարումների ժամանակ։ Հոնից պատրաստում են նաեւ դիետիկ ճաշատեսակներ, հատկապես մանկական պրակտիկայում։ Այն հրաշալի ախորժաբեր ու քրտնաբեր հատկություն ունի։ Հոնը թարմ վիճակում երկար պահելու համար պետք է այն մաքրել ավելորդ մասերից, վրան ցանել շաքարավազ ու պահել հով տեղում։ Այն կարելի է երկար պահել նաեւ շաքարահյութի` օշարակի մեջ։ Հոնը պետք է չորացնել շոգ օրերին, բայց ոչ արեւի տակ (տանիքում եւ այլ տեղերում), փռելով որքան կարելի է բարակ շերտով, որ շուտ չորանա։ Հակառակ դեպքում՝ այն փչանում է։ Չորացրած հոնը ավելի լավ է պահել փայտյա ամանի մեջ, չոր տեղում։

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
18.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930