Սեպտեմբերի 17-ին ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարեց. «Դադարեցնում եմ անդամակցությունս «Ժառանգություն» կուսակցությանը, ինչպես նաև վայր դնում խմբակցության ղեկավարի լիազորությունները»: Արդյունքում այժմ «Ժառանգություն» խմբակցությունում միայն մեկ պատգամավոր՝ Զարուհի Փոստանջյանն է «Ժառանգություն» կուսակցության անդամ:
Aravot.am-ը 2007-2012-ին ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ գնահատական կտա կատարվածին, և որքանո՞վ արդյունավետ կլինի խմբակցության աշխատանքը ստեղծված իրավիճակում: Տիկին Ալավերդյանը հիշեցրեց իր՝ 2012-ին ասած հետևյալ խոսքերը. «Չի կարելի պայմանագրային կամ քաղաքական համաձայնությունների հասնել մեկ կամ երկու-երեք ուժի հետ, որոնց հետ դու չես անցել նախնական քաղաքական ճանապարհ: Եթե դու նրանց հետ գործունեություն չես ծավալել, զուտ խոսքի վրա, ընտրություններից մի քանի օր կամ ամիս առաջ համաձայնությունների գալը կարծում եմ սխալ է: Այժմ բոլոր լուծումները թողնում եմ կուսակցության անդամներին, բայց սա ես արտահայտել եմ 2012-ի գարնանը: Այն ժամանակ էլ ես գտնում էի, որ այս ճանապարհը արգասաբեր չէ ոչ միայն «Ժառանգություն» կուսակցության համար, այլև դա իր բացասական արձագանքներն ու անդրադարձերն է ունենում նաև հասարակության վրա»:
Տիկին Ալավերդյանը կարծիք հայտնեց, որ 2007-2012-ին «Ժառանգություն» խմբակցությունը կարողացել է թիմ դառնալ և իր շուրջ միավորել ոչ միայն կուսակցական և անկուսակցական մարդկանց, այլ հասարակության մեջ մի հույս էր ստեղծել, որ կարող է պատահել՝ ծնվի քաղաքական մի ուժ, որի շուրջ կարելի է համախմբվել և ինչ-որ դրական բաների հասնել: Մեր այն հարցին՝ այժմ խմբակցության գործունեությունն արդյունավե՞տ կլինի՝ նաև հաշվի առնելով այն փաստը, որ խմբակցությունում «Ժառանգությունից» ընդամենը մեկ պատգամավոր կա, տիկին Ալավերդյանը պատասխանեց. «Բուն այս խնդիրը ես տեսել եմ ի սկզբանե: Մենք էլի ունեցել ենք մեր սեփական կարծիքի արտահայտում, բայց այսպես իրար հակասող չի եղել: Այնտեղ եղել են երանգներ, իսկ հիմա գույների մեջ տարբերություն կա»:
Հետաքրքրվեցինք՝ այս՝ մշտապես գոյություն ունեցող խնդիրը կուսակցության ղեկավարի՞ց է գալիս, թե՞ անդամներն են անհամատեղելի, Լարիսա Ալավերդյանը պատասխանեց. «25 տարեկանից միշտ ինչ-որ կառույցի ղեկավար եմ եղել և ունեմ իմ կարգախոսը: Եթե հաջողություն է, ապա դա թիմինն է, եթե սխալ է, ղեկավարինն է»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ