Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե վաղը լայնամասշտաբ պատերազմ լինի, այդ բանակն էլ ո՞ւմ է պետք». Սեյրան Օհանյան

Սեպտեմբեր 18,2015 23:22

«Պատկերացնում եք, չէ՞, եթե ամեն մի կրակոցի համար դիմենք ՀԱՊԿ-ին, բա վաղը, եթե լայնամասշտաբ պատերազմ լինի, այդ բանակն էլ ո՞ւմ է պետք, եթե ամեն մի կրակոցի համար այսօր դիմենք ՀԱՊԿ-ին»,- այսօր ԵՊՀ ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը՝  պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե ինչու ՀԱՊԿ-ը չի արձագանքում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին ու ինչու միջոցներ չի ձեռնարկում՝ սահմանին խաղաղությանը նպաստելու համար:

Նրա խոսքով. «Ինքներս մեր ուժերի հավասարակշռությամբ, առաջին հերթին մարտական ոգու ու որակական հատկանիշների շնորհիվ, առաջին գծում մեր դիրքերը պահում ենք: ԼՂՀ հակամարտության գոտում, անմիջապես շփման գոտու պայմաններում գտնվելով՝ ապացուցում ենք, որ երկրագնդի վրա չկա հակամարտության գոտի, որտեղ առանց երրորդ ուժի այդ խնդիրները հանգուցալուծվեն, առանց երրորդ ուժի ԼՂՀ պաշտպանության բանակը իր առջեւ դրված խնդիրներն իրականացնում է: Որքան էլ մեր հարեւանները զբաղվեն հռետորաբանությամբ, հոխորտան՝ հզոր ու ուժեղ են, այնուամենայնիվ,  պաշտպանության բանակում Ղարաբաղի  քաղաքացին, զինվորը՝ կանգնած առաջին գծում, իրեն շատ վստահ է զգում ու մեր սահմանն  էլ լիարժեք ձեւով պահպանում է»:

Նախարարը շարունակեց. « ՀԱՊԿ-ի հետ պայմանագրի հիմքում առանձնակի ու երկկողմ հարաբերություն ունենք Ռուսաստանի հետ. մեծ պայմանագրեր՝ անվտանգության ապահովման, ռազմական, ռազմատեխնիկական համագործակցության: Ելնելով մեր տարածաշրջանային իրավիճակից՝ այդ պայմանագիրը կնքել ենք հաշվի առնելով տարածաշրջանային երկրների ու մեր երկրի ներուժի հարաբերակցությունը: Նկատի ունեմ  ոչ թե Ադրբեջանին, այլ առաջին հերթին Թուրքիային, որի հետ փորձում ենք հարեւանություն անել, բանակցային հարաբերություններ ունենալ: Այս պարագայում, երբ մեր հիմնական լարվածությունը Ադրբեջանի հետ է, հայկական բանակը ապացուցել է պատերազմի տարիներին՝ գերազանց ձեւով հանձնելով քննությունը, այսօր էլ գերազանց ձեւով այդ քննությունը հանձնում է»:

Պարոն Օհանյանը նաեւ անդրադարձավ  ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը ու ասաց, որ դժգոհություններ չունի.«Դրական ենք գնահատում նրանց գործունեությունը, ինչու, որովհետեւ եթե չլիներ այդ խմբի աշխատանքը,  ապա վերջին քսանմեկ տարվա ընթացքում մենք չէինք կարողանա թեկուզ հարաբերական խաղաղություն պահպանել… Միշտ ասում ենք՝ մեզ վրա ճնշում գործադրելով, չեք կարող միակողմանի զիջումների մեզ տանել, եթե ուզում ենք հարցը լուծվի, այն պետք է լուծվի  երկխոսության եւ խաղաղ պայմաններում, փոխադարձ համաձայնության շրջանակներում եւ առաջին գծում վստահության մեխանիզմների ձեւավորմամբ: Ինչ է նշանակում վստահության մեխանիզմ՝ չկրակել, դիվերսիաներից զերծ մնալ, խախտումների դեպքում միջազգային հետաքննություն անցկացնել, որի  պատրաստակամությունը մենք միշտ հայտնել ենք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930