Արձանի գողերը դատապարտվեցին տուգանքի
Երեւանի բնակիչ, 1990թ. ծնված Գեւորգ Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. փետրվարի 7-ին ժամը 02-ից 04-ն ընկած ժամանակահատվածում մշակութային արժեք ներկայացնող առարկա հափշտակելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով Երեւանի բնակիչ, 1986թ. ծնված Ասատուր Ծատուրյանի հետ՝ Դիլիջանի ամֆիթատրոնի տարածքից հափշտակել են քանդակագործ Լեւոն Թոքմաջյանի քանդակած, Դիլիջանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված, մոտ 600 հազար դրամ արժողությամբ, Ուրալի մարմարից «Հայուհի» արձանը, որը «Ռենջ-Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկ տեղափոխելու ընթացքում անզգուշորեն վնասել են, 60 հազար դրամի չափով վնաս պատճառել:
Գ. Գեւորգյանին եւ Ա. Ծատուրյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 180 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով («Առանձնակի արժեք ունեցող առարկաները հափշտակելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, որն անզգուշությամբ առաջացրել է առանձնակի արժեք ունեցող առարկաների կամ փաստաթղթերի ոչնչացում կամ վնասում»), նրանց նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Դատաքննության ընթացքում, ապացույցների հետազոտումից հետո մեղադրողը որոշում է ներկայացրել Գ. Գեւորգյանի եւ Ա. Ծատուրյանի մեղադրանքը փոփոխելու եւ նոր մեղադրանք առաջադրելու մասին, երկուսին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով («Գողությունը, որ կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով» ):
Կարդացեք նաև
Դատարանում տված իրենց ցուցմունքներում Գեւորգ Գեւորգյանը եւ Ասատուր Ծատուրյանն իրենց մեղավոր են ճանաչել: Գեւորգյանը դատարանում է ասել է, որ ինքը ծառայել է Դիլիջանում, միշտ ուշադրություն է դարձրել «Հայուհի» արձանին, այն կոտրված է եղել, եւ ինքը 2013թ. մտադիր է եղել այն վերանորոգել: Գ. Գեւորգյանը գողացված արձանը տեղադրել է Երեւանում բնակվող իր աներոջ՝ Տիգրան Ռաֆայելյանի առանձնատան բակում: Ասատուր Ծատուրյանն ասել է, որ Գեւորգն առաջարկել է արձանը տեղափոխել Երեւան՝ նորոգելու, ինքն էլ համաձայնվել է, հետո են հասկացել, որ իրենց արարքը գողություն է: Նա ասել է,որ դեպքի օրն ալկոհոլ է օգտագործել, սակայն իր գործողություններին տիրապետել է: Դատարանը Գ. Գեւորգյանի եւ Ա. Ծատուրյանի պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանքներ է համարել այն, որ նրանք դրական են բնութագրվում, ընդունում են իրենց մեղքը,անկեղծորեն զղջում կատարած արարքի համար, Գ. Գեւորգյանը վերականգնել է Դիլիջանի քաղաքապետարանին պատճառված 60 հազար դրամ նյութական վնասը:
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը Գ. Գեւորգյանին եւ Ա. Ծատուրյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով եւ յուրաքանչյուրին դատապարտել 600 հազար դրամ տուգանքի:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ