Տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստ
Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստը: Կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց, որ օրակարգում քննարկվել են ե՛ւ արտաքին, ե՛ւ ներքին քաղաքական հարցեր: Օրակարգում, ըստ նրա, նախ քննարկվել է սեպտեմբերի 14-15 Դուշանբեում տեղի ունեցած ՀԱՊԿ անդամ ղեկավարների գագաթաժողովը, որի ժամանակ Հայաստանը ստանձնեց ՀԱՊԿ-ի նախագահությունը, հետո խոսվել է սահմանադրական բարեփոխումների շուրջ քաղաքական ուժերի քննարկումների մասին, երրորդը հարց վերաբերել է նախորդ շաբաթ տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին:
Էդուարդ Շարմազանովը ներկայացրեց, որ ԱԺ-ում առկա քաղաքական ուժերը մեծամասամբ կողմ են սահմանադրական բարեփոխումներին: «Եթե պառլամենտում կային մի շարք կուսակցություններ, ովքեր որ մինչեւ այս օրը դեռեւս գնահատական չէին հնչեցնում կամ ամիսներ առաջ խոսում էին բացասական գնահատականների մասին, ապա այսօր մենք տեսանք, որ թե Հանրապետական կուսակցությունը հայտարարեց, որ կողմ է, իհարկե դա սպասելի էր, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, թե Հայ հեղափոխական դաշնակցությունը, որը եւս սպասելի էր:
Պետք է ասեմ, որ «Ժառանգություն» խմբակցությունում, իրենց խնդիրն է, ես բան չեմ ուզում ասել, բայց ֆորմալ առումով ամբողջ «Ժառանգություն» կուսակցության անդամներից երեքը, նույնիսկ չորսը դրական են արտահայտվել այս փաստաթղթի վերաբերյալ: Կարող եմ ասել, որ ՀԱԿ խմբակցության, ֆորմալ առումով, երկու անդամ հանդիպել են հանրապետության նախագահի հետ, ներկայացրել են իրենց տեսակետները: Եւ մեր նպատակը չի եղել, որպեսզի բոլորը կողմ արտահայտվեն այս նախագծին: Մեր նպատակն է, որպեսզի Ազգային ժողովում եւ մեր հասարակության մեջ լինեն առողջ քննարկումներ, եւ մենք տեսանք, որ աննախադեպ քննարկումներ եղան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում»,- ասաց Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ չի եղել որեւէ խմբակցություն կամ քաղաքական ուժ, որը չի մասնակցել բովանդակային քննարկումներին:
Կարդացեք նաև
«Այն, որ նման բովանդակային, բուռն քննարկում Ազգային ժողովում ո՛չ հիշում եմ, ո՛չ տեսել եմ, փաստ է»,- ասաց նա, հավելելով, որ դեռ քննարկումները շարունակվում են, եւ ԱԺ-ում քվեարկությունից առաջ՝ հոկտեմբերի 5-ին, քաղաքական ուժերը կարող են իրենց կարծիքները հայտնել:
Անդրադառնալով ՏԻՄ ընտրություններին՝ Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղարը հիշատակեց, որ ընտրատեղամասերում Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հաջողություններ են գրանցել:
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե արդյոք նիստում քննարկվել է Վահան Մարտիրոսյանի՝ Ադրբեջանում քաղաքական ապաստան խնդրելու հարցը: Էդուարդ Շարմազանովը հեգնեց, ասելով, որ մնացել էր՝ տառականների եւ թախտաբիթիների հարցը քննարկեին. «Իհարկե, ոչ, չենք քննարկել»,- ասաց նա, եւ ներկայացրեց, թե ինչ է մամուլից տեղեկացել այդ մարդու մասին՝ նշելով, որ ավելի լավ կլիներ, որ տառականներից խոսային:
Լրագրողներից մեկի հարցն էլ վերաբերում էր ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին, որը վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել լրագրողի հասցեին: Էդուարդ Շարմազանովը նշեց, որ դեպքին տեղյակ չէ, սակայն իր վերաբերմունքը պարզ է ցանկացածի նկատմամբ, որը վիրավորական արտահայտություններ կանի լրագրողների հասցեին:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ