Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Գյումրու մանկավարժականի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի սպանության գործով դատավարությունը: Հիշեցնենք, որ սպանության մեջ մեղադրվում է նրա հարեւան Արման Կատունյանը՝ ռազմական ոստիկանության քրեական հետախուզության Գյումրու բաժանմունքի նախկին պետը:
Այսօր դատարանում վկայություն տվեց նրանց հարեւաններից մեկը՝ Սամվել Եփրեմյանը, որը իր սեփական մեքենան ծառայեցնում է որպես տաքսի ու Արման Կատունյանի կնոջը՝ Ջեմմա Խաչատրյանին մշտապես աշխատանքի կամ գնումների է տարել իր տաքսի մեքենայով: Վկան դատարանում ասաց, որ Ջեմմա Խաչատրյանը 7 ամիս է՝ չի օգտվել իր ծառայություններից: Այն հարցին էլ, թե լսե՞լ եք խոսակցություններ Հարություն Գրիգորյանի ու Ջեմմա Խաչատրյանի մոտ հարաբերությունների մասին, վկան ասաց՝ չգիտեմ:
Հարություն Գրիգորյանի կնոջ շահերը պաշտպանող փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը միջնորդեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքը, որտեղ վկան խոսում է այդ երկու անձանց մտերիմ հարաբերությունների մասին: Նախաքննական ցուցմունքում վկան պատմում է, որ դեպքից մոտ մեկ տարի առաջ Հարություն Գրիգորյանը խնդրել է իրեն տալ Ջեմմա Խաչատրյանի հեռախոսահամարը՝ վստահ լինելով, որ որպես մշտական հաճախորդի այն իր մոտ կա: Վերջին նաեւ նշում է, որ Ջեմմա Խաչատրյանը՝ Նանան, այլեւս չէր օգտվում իր տաքսու ծառայությունից, քանի որ ինքը տեսել էր, որ Հարություն Գրիգորյանն ու Ջեմմա Խաչատրյանը հանդիպել են իրենց հարեւան Սարգիսենց տանը, որը հիմա մահացած է:
Մի անգամ էլ ականատես է եղել, թե ինչպես Գյումրու «Էլեգանտ Շիկ» խանութից վերեւ Հարություն Գրիգորյանի մեքենայի մեջ վերջինս ու Արման Կատունյանը բարձր տոնով զրուցում էին: Ըստ նրա, ինքն անմիջապես հասկացել է, որ Ջեմմա Խաչատրյանի ու Հարություն Գրիգորյանի մտերմության մասին խոսակցությունները հասել են Ջեմմայի ամուսնուն՝ Արման Կատունյանին:
Կարդացեք նաև
Իր ցուցմունքի վերջում վկան խորհուրդ տվեց հարցաքննել «իսկական տաքսիստին»: «Ինչի՞ չեք բռնե-բերել նրան, ով որ կտաներ-կբերեր իրենց, ինձ եք բռնել բերել», հարցրեց նա: Արման Կատունյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը հետաքրքվեց, թե տեղյա՞կ է վկան, որ այդ տաքսու վարորդը Ջեմմա Խաչատրյանի եղբոր ընկերն է: «Չէ, ես չգիտեմ», -արձագանքեց տաքսու վարորդը:
Հարցաքննվեց նաեւ հարեւանուհին՝ Արեգնազ Ինճիճյանը, որը մահացած Սարգիսի կին է ու որտեղ, ըստ խոսակցությունների, եղել են Ջեմմա Խաչատրյանի ու Հարություն Գրիգորյանի հանդիպումները: Տիկինը բացառեց, որ իր տունը եղել է հանդիպման վայր կամ առհասարակ սիրավեպ է եղել նրանց միջեւ: Նա ասաց, որ Հարությունը եղել է իր ամուսնու մոտ ընկերը, իսկ Արման Կատունյանի ընտանիքի հետ իրենք շատ մոտ են եղել:
Հրապարակվեցին նրա նախաքննական ցուցմունքները եւս, որտեղ վկան նշում է, թե մի անգամ իր մոտ կասկածներ է առաջացրել այն, որ ամուսնու մահից հետո Հարություն Գրիգորյանը, գալով իրենց տուն, սկսել է ծառերի արանքից նայել Ջեմմա Խաչատրյանենց պատուհաններին: Վերջինս չի իմացել, որ նրանք հանգստի էին գնացել, քաղաքում չեն: Ըստ վկայի, սա դուր չի եկել իրեն, քանի որ հասկացել է, թե ինչ նպատակով է Հարություն Գրիգորյանը այցելել իրենց տուն: Նախաքննական ցուցմունքներից մեկում տիկինը նշում է նաեւ, որ վերջին շրջանում հենց Ջեմմա Խաչատրյանը գալիս էր իրենց տուն, Հարություն Գրիգորյանը հետեւից գալիս էր: Մի պահ հարեւանուհուն թվացել է, որ Հարություն Գրիգորյանը սիրահարված է Ջեմմա Խաչատրյանին: Այդուհանդերձ Արեգնազ Ինճիճյանը դատարանում մինչեւ վերջ պնդեց, որ այս երկուսի միջեւ սիրային կապ չի նկատել, իր տանը նրանք միասին մենակ են մնացել այնքան ժամանակ, քանի դեռ ինքը խոհանոցում սուրճ է եփել:
Հարություն Գրիգորյանի կնոջ շահերը պաշտպանող փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը միջնորդեց եւս երեք անձանց ներգրավել որպես վկա:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ