Սեյրան Օհանյանի խոսքերով՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները, Արցախի բանակի առաջապահ զինվորականները իրենց առջեւ դրված խնդիրներին տիրապետում են եւ լիարժեք կերպով իրականացնում են
«Վերջին օրերին լարվածությունը մի քիչ իջել է, բայց ոչ այն մակարդակի, որ նախորդ տարիներին է եղել»,- սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նա ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները, Արցախի բանակի առաջապահ զինվորականները իրենց առջեւ դրված խնդիրներին տիրապետում են եւ լիարժեք կերպով իրականացնում են. «Մենք կարող ենք անհոգ լինել, որ նրանք ապահովելու են մեր ժողովրդի խաղաղ արարումը, իհարկե՛, զինված ուժերի, պաշտպանության նախարարության ղեկավարության հետ միասին:
Անկասկած, զինված ուժերի ղեկավարության ամենակարեւոր խնդիրներից մեկը մեր մարտական կարողությունների կատարելագործումն է եւ տարեց տարի նոր միջոցների ձեռքբերումն է, որոնք որ պետք է ապահովեն մեր խնդիրների իրականացումը, թե՛ համազորային ժամանակակից տարբեր մարտերում, թե՛ պաշտպանության, թե՛ կանխարգելիչ, թե՛ նաեւ այլ հարձակողական միջոցառումների ընթացքում»:
Կարդացեք նաև
Նա նշեց, որ պաշտպանության նախարարությունը ամեն օր պատրաստվում է պատերազմի. «Բայց այսօրվա ռազմաքաղաքական իրավիճակի գնահատման արդյունքում մենք գալիս ենք այն եզրակացության, որ մարտական գործողությունների լայնածավալ սանձազերծումը այս պահին մենք չենք տեսնում»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ