Սպուտնիկ Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսում հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը լրագրողներին շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների համար՝ ասաց. «Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելը դժվար է, բայց այն պահպանելն ավելի դժվար է, քանի որ բոլոր մրցակիցներդ ամբողջ տարի նախապատրաստվում են հատկապես քո դեմ գոտեմարտելու:
Հպարտ եմ, որ կարողացա երկրորդ անգամ անընդմեջ դառնալ աշխարհի չեմպիոն: Դա վկայում է, որ անձնական եւ հավաքականի մարզիչների հետ ճիշտ ենք աշխատել»: Պատասխանելով հարցին, թե իրեն եւ անձնական մարզիչ Գեւորգ Ալեքսանյանին, որն Արթուրի հայրն է, արտասահմանյան այլ երկրներից չե՞ն հրավիրում, «Ճերմակ Արջը» պատասխանեց. «Հրավերներ շատ են եղել ու կան: Եվ ոչ միայն ինձ ու հորս՝ իմ անձնական մարզիչ Գեւորգ Ալեքսանյանին: Դա նրանից է, որ Հայաստանի մարզիչները լավագույններից են աշխարհում: Բայց մենք բոլորին էլ մերժում ենք: Ես հայ եմ, Հայաստանի հավաքականի անդամ եւ մինչեւ վերջ հանդես եմ գալու Հայաստանի դրոշի ներքո»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ