«Ժառանգություն» խմբակցության տեսակետը ներկայացրել է Զարուհի Փոստանջյանը: Նա տեղեկացրել է, որ «Ժառանգություն» կուսակցությունը դեմ է ՀՀ Նախագահի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումներին, որի նպատակը, ըստ պատգամավորի, երկրում կուսակցապետության ստեղծումն է: Տիկին Փոստանջյանը համոզմունք է հայտնել, որ երկրի համար օրակարգայինը ոչ թե սահմանադրական բարեփոխումներն են, այլեւ իշխանափոխությունը եւ արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունները: «Ժառանգություն» խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին:
Ներկայացնելով ՕԵԿ խմբակցության տեսակետը՝ Հովհաննես Մարգարյանը նշել է, որ սահմանադրական բարեփոխումները կարեւոր նշանակություն ունեն ցանկացած երկրի, այդ թվում՝ ՀՀ-ի համար: Սակայն այս պահին, ըստ պատգամավորի, Հայաստանում չկա սահմանադրական փոփոխություններ կատարելու քաղաքական եւ հասարակական պահանջ: Ըստ Հովհաննես Մարգարյանի՝ ներկայացված նախագիծը հակասում է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին: Պատգամավորը հորդորել է իշխանություններին չցուցաբերել շտապողականություն եւ եւս մեկ անգամ կազմակերպել խորհրդարանական լսումներ եւ քննարկումներ: Հովհաննես Մարգարյանը ներկայացրել է նախագծի վերաբերյալ խմբակցության առաջարկները եւ մտահոգությունները: Նա նշել է, որ խմբակցությունը կներկայացնի առաջարկներ, որոնց ընդունումից հետո խմբակցությունը կհայտնի իր վերջնական դիրքորոշումը:
ՀՅԴ խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա նախ շնորհակալություն է հայտնել մասնագիտական խմբին մեծածավալ աշխատանք կատարելու համար, ապա նշել, որ խմբակցությունն աշխատել է հանձնաժողովի հետ եւ արդյունքում նախագծում ընդգրկվել են իրենց հիմնական առաջարկները: Պատգամավորն անդրադարձել է այն առավելություններին, որոնք առաջարկվում են ներկայացված նախագծով: Ըստ խմբակցության ղեկավարի՝ նախագծով ապահովվում է ավելի բարձր ժողովրդավարություն ՝ նրա բոլոր տեսակների մեջ: ՀՅԴ խմբակցությունը կողմ է քվեարկելու նախագծին:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, խոսելով երկրի անվտանգության խնդիրներից, համոզմունք է հայտնել, որ առաջարկվող կառավարման մոդելի փոփոխությունը համարժեք չէ երկրի անվտանգության դեմ սպառնալիքներին: Պատգամավորն առաջարկել է երկրի առողջացման համար Սահամանդրությունը փոխելու փոխարեն հրաժարական տալ` միանգամից բացելով Սահմանադրության դուռը դեպի ժողովրդավարություն: Ըստ խմբակցության ղեկավարի՝ հանրաքվեի դրվելու է երկրի մենաշնորհացմանը «այո ասելը»: Պատգամավորը կոչ է արել հանրությանը «ոչ ասել» նախագծին:
Կարդացեք նաև
ԲՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրել է Միքայել Մելքումյանը: Նա նախ արձագանքել է ԲՀԿ-ի հասցեին ուղղված քննադատություններին` ասելով, որ ԲՀԿ-ն երկու տարի առաջ քաղաքական կոնսուլտացիաներ էր սկսել սահմանադրական փոփոխությունների շուրջ եւ ԲՀԿ-ի դիրքորոշումը չի փոխվել: Պատգամավորը խոսել է վերջին տարիների տնտեսական եւ սոցիալական բեկումներից, նախագծով առաջարկվող կառավարման մոդելի փոփոխությունից: Ըստ Միքայել Մելքումյանի՝ իրականության մեջ գերկատարյալ փաստաթղթեր չեն լինում, ուստի պետք է գնալ փոխզիջման: ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն աննախադեպ է համարել խորհրդարանում մի քանի օր տեւած քննարկումները: Նա ողջունել է խորհրդարանական բոլոր խմբակցություններին՝ քննարկումներին ակտիվ մասնակցելու համար: Խմբակցության ղեկավարն անդրադարձել է որոշ ելույթների եւ տվել քաղաքական գնահատականներ: Նշվել է, որ խմբակցությունը 1 տարուց ավել քննարկել է առաջարկվող փոփոխությունները, ներկայացրել է իր առաջարկները: ՀՀԿ-ն կողմ է քվեարկելու նախագծին:
Եզրափակիչ ելույթում Հովհաննես Սահակյանն ընդգծել է, որ բոլոր ելույթ ունեցողները փաստել են մասնագիտական խմբի՝ մեծածավալ աշխատանք կատարելու հանգամանքը: Պատգամավորը նշել է, որ համակարգային փոփոխություններ հնարավոր է իրականացնել միայն Սահմանադրության միջոցով: Հովհաննես Սահակյանը շնորհակալություն է հայտնել Վարդան Պողոսյանին՝ պատգամավորների՝ 100-ից ավելի հարցերին մանրամասն պատասխանելու եւ նախագծի դրույթները մեկնաբանելու համար: Նա վստահություն է հայտնել, որ հետագա աշխատանքը կլինի նույնքան բովանդակալից:
Եզրափակիչ ելույթ է ունեցել ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, հիմնական զեկուցող Վարդան Պողոսյանը: Նա շնորհակալություն է հայտնել խորհրդարանին շահագրգիռ քննարկումների համար՝ նշելով, որ պատգամավորների եւ խմբակցությունների հնչեցրած առաջարկները հետապնդել են մեկ նպատակ՝ առավել բարեփոխված տեսնել Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, ունենալ այնպիսի Սահմանադրություն, որը կծառայի երկար ժամանակ եւ անհրաժեշտություն չի լինի կրկին փոփոխություններ ձեռնարկելու: Վարդան Պողոսյանն անդրադարձել է նաեւ քառօրյա քննարկումների ընթացքում հնչած հարցադրումներին եւ պնդումներին, տվել պարզաբանումներ, նաեւ նշել, որ դրանցից շատերը բացարձակապես առնչություն չեն ունեցել քննարկվող նախագծի հետ:
Հիմնական զեկուցողը հորդորել է առաջիկա օրերին, եթե կլինեն այլ առաջարկներ, դրանք եւս ներկայացնել մասնագիտական հանձնաժողովին, որը կքննարկի դրանք եւ ընդունելի լինելու պարագայում կներառի նախագծում: Վարդան Պողոսյանը խորհրդարանին առաջարկել է նախագծի քվեարկությունը «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի համաձայն՝ կազմակերպել հաջորդ քառօրյա նիստի ընթացքում:
Սպառելով օրակարգը՝ խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը:
ՀՀ Ազգային Ժողով