«Ղարաբաղ-Ֆրանսիա» և «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակների ու բարեկամացած քաղաքների ներկայացուցիչները ս. թ. սեպտեմբերի 18-ին «Ֆրանսիական օրեր Արցախում» փառատոնի շրջանակներում անցկացրել են համատեղ նիստ:
Նիստի մասնակիցները.
– Ողջունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) ժողովրդի և իշխանությունների հետևողական քայլերը՝ ուղղված ազատ և ժողովրդավարական պետականության ստեղծմանն ու զարգացմանը,
– Նշելով, որ միջազգային գործընթացներից Արցախի ժողովրդի մեկուսացումն անթույլատրելի է և նման քաղաքականությունը խոչընդոտում է ժողովուրդների միջև երկխոսության և խաղաղության ամրապնդմանը,
– Աջակցություն հայտնելով Ֆրանսիայի և Արցախի քաղաքների միջև բարեկամական հարաբերությունների հաստատմանը, որն ուղղված է համագործակցության ընդլայնմանն ու ամրապնդմանը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ կրթության, առողջապահության, մշակույթի, սպորտի, զբոսաշրջության և տնտեսության,
– Հաստատելով Ֆրանսիայի և Արցախի միջև բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը շարունակելու մտադրությունը,
– Համոզված լինելով, որ բարեկամական հարաբերությունների հաստատումը և համագործակցությունը կարևոր գործոն են խաղաղության ամրապնդման, մարդու իրավունքների և ժողովրդավարական ազատությունների պաշտպանության գործում`
ա/ Կարևորել են «Ֆրանսիական օրեր Ղարաբաղում» փառատոնի անցկացումը՝ որպես երկխոսության և համագործակցության շրջանակների ընդլայնման հաջողված նախաձեռնություն,
բ/ Բարձր են գնահատել հանրապետությունում ֆրանկոֆոնիայի զարգացմանն ուղղված ԼՂՀ իշխանությունների ջանքերը և, այս կապակցությամբ, ողջունել Ստեփանակերտում «Պոլ Էլյուարի տուն» ֆրանկոֆոնիայի կենտրոնի հիմնադրումը,
գ/ Համաձայնվել են անհրաժեշտ քայլեր ձեռնարկել համագործակցության առկա ձևաչափերի հետագա զարգացման համար՝ առաջնորդվելով հավասարության, փոխլրացման և համերաշխության սկզբունքներով։
ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայություն