Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմենիադան» Հայաստանի մասին է, բայց հասու է նաև մարդկանց, որոնք հայերի մասին չեն էլ լսել»

Սեպտեմբեր 18,2015 20:08

«Փարաջանովյան գեղագիտությունն անծայրածիր է, և եթե նույնիսկ Փարաջանովի անվան բազմաթիվ թատրոններ լինեին աշխարհում, միևնույն է, վերջակետ չէր դրվի։ Ամեն օր կարող ես բացահայտել տարբեր գաղտնիքներ, որոնք կտանեն քեզ իրենց հետևից»,- ասում է Մոսկվայի Սերգեյ Փարաջանովի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Վլադիմիր Գաբբեն:

Այս օրերին հյուրախաղերով Հայաստանում է գտնվում Փարաջանովի անվան թատրոնը, որն արդեն 20 տարի է, ինչ գործում է Մոսկվայում:

«Մեր թատրոնի նպատակը Փարաջանովի ֆիլմերը թատրոնի վերածելը, նրա արածի կրկնությունը ցույց տալը չէ։ Մեր գործունեությունը հարգանքի տուրք է մեծ վարպետին, որն աշխարհին հավերժական գեղեցկություն ու էսթետիկա է փոխանցել»,- Երևանում սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վ. Գաբբեն։

Թատերախումբը Հայաստանում հանդես կգա երկու ներկայացմամբ՝ «Արմենիադա» և «Կյանքը չես խաղա կրկին»։ Առաջինի երևանյան պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերի 22-ին՝ ժամը 19:00-ին, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում։ Իսկ «Կյանքը չես խաղա կրկին»-ը կներկայացվի հաջորդ օրը՝ սեպտեմբերի 23-ին:

Թեև «Արմենիադան» նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, սակայն թեման համամարդկային է, չի մնում ազգայինի սահմաններում. «Արմենիադան» մոլորակ է, ներկայացում մարդու արքետիպի, ենթագիտակցության, ներքին հոգևոր փիլիսոփայության, իր ժամանակի և առհասարակ ժամանակի հետ հարաբերության մասին»,- ասաց Վ. Գաբբեն, որը նաև նախագծի հեղինակն ու բեմադրող ռեժիսորն է։

«Արմենիադան» Հայաստանի մասին է, բայց հասու է նաև մարդկանց, որոնք հայերի մասին չեն էլ լսել»,- հավելեց թատրոնի երաժշտական ղեկավար Մադաթ Ավանեսովը՝ ընդգծելով, որ առավել կարևոր է հայկական հարցը տեսնել ոչ թե հայի, այլ աշխարհի աչքերով. «Մենք ուզում ենք ցույց տալ, թե Հայոց ցեղասպանության խնդիրն ինչքան կարևոր է աշխարհի համար: Փորձել ենք այնպես անել, որ խոսքի, երաժշտության, պատկերի միջոցով այս թեման հասանելի ու հասկանալի լինի բոլոր ազգություններին: Եվ, երևի, հասել ենք մեր նպատակին: Ապացույցը ներկայացման պրեմիերան էր Մոսկվայում, որին ներկա էին տարբեր ազգերի ներկայացուցիչներ՝ ռուսներ, գերմանացիներ, անգլիացիներ, չինացիներ։ Նույնիսկ այն հատվածներում, որտեղ հնչում էր հայերեն տեքստ և հայկական երաժշտություն, ոչ մեկի մեջ հարց չէր ծնվում, թե ինչ է կատարվում բեմի վրա։ «Արմենիադայի» յուրահատկություններից մեկը հենց դա է, որ հայկական ցավի մասին լինելով՝ այն միաժամանակ վերազգային է ու հասու բոլորին»,- ասաց Մ. Ավանեսովը:

Հավելենք, որ Մոսկվայի Փարաջանովի անվան թատրոնի երևանյան հյուրախաղերը հնարավոր են դարձել ՀՀ մշակույթի նախարարության և Beeline-ի աջակցությամբ։

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930