ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում այցելեց թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայում բուժում ստացող երեխաներին:
Այստեղ են բուժվում նաև սեպտեմբերի 16-ին «Թունավորում սնդիկի միացությամբ» ախտորոշմամբ Մասիսից Երևան տեղափոխված 4-ամյա Սյուզին, ինչպես նաև պատահաբար խաղողի վազերի համար նախատեսված բուժանյութը խմած 6-ամյա Գոռը, ով արդեն ապաքինվել է և պատրաստվում է դուրսգրման:
Սյուզիի առողջական վիճակը գնահատվում է կայուն: Երեխան շարունակում է ստանալ հակաթունային թերապիայի կուրս:
Գլխավոր բժիշկ Բագրատ Բավեյանը և կլինիկայի ղեկավար Մարինե Գրիգորյանը նախարարին ներկայացրեցին փոքրիկների առողջական վիճակը, բուժման մանրամասները:
Կարդացեք նաև
Նշվեց, որ վերջին տարիներին ավելացել է թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայում բուժում ստացողների թիվը: Նախորդ տարիների համեմատ գրեթե կրկնապատկվել է կենցաղային բնույթի թունավորումներով հիվանդների թիվը։ 2014թ. արձանագրվել է շուրջ 600 նման դեպք։ Բժիշկների խոսքով` դա հիմնականում ծնողների անուշադրությամբ հետևանք է:
Ծնողների հետ զրույցում նախարարը հորդորեց ավելի մեծ պատասխանատվությամբ վերաբերվել երեխաների առողջության պահպանմանը և հնարավորինս խուսափել անուշադրության պատճառով ծագող կենցաղային թունավորումներից, որոնք կարող են անդառնալի հետևանքներ թողնել:
Մասնագետները հորդորում են ծնողներին մեծ ուշադրություն դարձնել քիմիական նյութերի, դեղերի պահպանման պայմաններին: Դրանք պահել երեխաների համար անհասանելի տեղերում, ինչպես նաև վտանգ ներկայացնող ըմպելիքները պահել հատուկ, պիտակավորված փակ տարաներում` երեխաների տեսադաշտից հեռու:
ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկական անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայի ղեկավար Հրանտ Կալենտերյանի մասնակցությամբ հրավիրված խորհրդակցության ընթացքում Արմեն Մուրադյանը հանձնարարեց, հաշվի առնելով երկրի կարիքները, ուսումնասիրել առկա վիճակը և մանկական ռեանիմոբիլների հասանելիությունն առավել բարելավելու նպատակով ներկայացնել առաջարկություն:
ՀՀ առողջապահության նախարարության մամուլի հաղորդագրություն