Երևանի պետական համալսարանի «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի նախաձեռնությամբ սեպտեմբերի 19-ին մեկնարկել է «Կրթությունը ՀՀ անվտանգության համատեքստում» խորագրով գիտագործնական կոնֆերանսը` նվիրված ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան 50-ամյակին: Կոնֆերանսի հանդիսավոր բացման արարողությանը մասնակցել է նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Ողջունելով հյուրերին` Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը կարևորել է պաշտպանության նախարարության և մայր բուհի միջև հաստատված երկարատև համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը և ընդգծել, որ համալսարանականների հետ ավանդույթ դարձած հանդիպումները կարևոր խթան են հանդիսանում երիտասարդների հայրենասիրական դաստիարակության համար:
Ընդգծելով, որ մշտապես մեծ պատիվ է գտնվել Մայր բուհում և համալսարանականներին ներկայացնել ազգային բանակի հաջողությունները, ձեռքբերումներն ու կատարվող բարեփոխումները, ՀՀ պաշպանության նախարար Սեյրան Օհանյանն իր ելույթում կարևորել է բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված ծրագրերի շրջանակում ուսանողների ներգրավմամբ անցկացվող գիտակրթական կոնֆերանսները, որոնցից հերթականը նվիրված է ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան 50-ամյակին: Անհատ, ում Արցախյան ազատամարտում ընդհատված կենսագրության էջերը երիտասարդության համար մշտապես եղել և շարունակում են մնալ ոգեշնչման ու հայրենասիրության յուրօրինակ դասեր:
Պաշտպանության նախարարը պատասխանել է նաև համատեղ նոր հայրենասիրական ծրագրերի կյանքի կոչման, հայ-ադրբեջանական սահմանագոտում տիրող իրավիճակին, հակառակորդի սադրիչ գործողությունների և այդ համատեքստում հայկական զինված ուժերի ու միջազգային կառույցների կողմից ձեռնարկվող քայլերի վերաբերյալ ուսանողների հարցերին:
Կարդացեք նաև
ՊՆ հաղորդագրություն