Ուրբաթ օրը Հայաստանում առաջին անգամ հյուրընկալվեց Արևելյան գործընկերության երկրների տարածաշրջանային և տեղական իշխանության մարմինների կոնֆերանսը (CORLEAP)։ Եվրոպական միության և Արևելյան գործընկերության երկրների տեղական և տարածքային ներկայացուցիչները, որոնք կազմում են CORLEAP-ի բյուրոն, հրավիրվել էին Երևան CORLEAP-ի համանախագահ, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանի կողմից։ Անդամները հաստատեցին գործողությունների մի ծրագիր 2016–2017թթ.-ին ընդառաջ և վերահաստատեցին ընդհանուր նպատակների հետամուտ լինելու իրենց հանձնառությունը։ Տարածաշրջանների եվրոպական կոմիտեի նախագահ Մարկկու Մարկկուլան հանդիպեց նաև ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանին:
Մայիս ամսին Ռիգայում կայացած Արևելյան գործընկերության պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթաժողովը գնահատեց CORLEAP-ի աշխատանքը կառավարության տարածաշրջանային և համայնքային մակարդակում համագործակցությունը խթանելու ոլորտում և կոչ արեց Եվրոպական հանձնաժողովին երաշխավորելու պատշաճ և թիրախավորված աջակցություն Արևելյան գործընկերության տարածաշրջանային և համայնքային կառավարություններին։ CORLEAP-ի 2016-2017թթ. Գործողությունների ծրագիրը, որը Երևանում հաստատել են Բյուրոյի անդամները, գերակայություններ է սահմանում Արևելյան գործընկերության երկրներում տեղական և տարածքային իշխանությունների ապակենտրոնացմանը, հզորացմանը և ֆինանսական հնարավորություններին առնչվող հետագա գործողությունների համար։
«Բոլոր այդ գործոնները նպաստում են գործարարության միջավայրի բարելավմանը և միջսահմանային ու տարածքային համագործակցությանը։ Ռիգայի գագաթաժողովը ԵՄ-ի հետ համապարփակ համագործակցության հետագա զարգացման ելակետ էր փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։ Անդամ պետությունները հաստատեցին մեր խնդրանքը ֆինանսական նոր միջոցների վերաբերյալ, որոնք պետք է օգտագործվեն տարածքային զարգացման և տեղական մակարդակում հզորացման նպատակով։ Մենք նաև ջատագով ենք անհատական և հատուկ մշակված մոտեցման, որը պետք է ընդունվի ԵՄ կողմից ցանկացած առանձին գործընկեր երկրի, այդ թվում՝ Հայաստանի ակնկալիքների, հնարավորությունների և խնդիրների հետ կապված»,- ասաց CORLEAP-ի համանախագահ, Տարածաշրջանների եվրոպական կոմիտեի նախագահ Մարկկու Մարկկուլան։
Արևելյան գործընկերության երկրները ներկայացնող համանախագահ Էմին Երիցյանն ասաց. «Մեր ուշադրությունը շարունակելու է բևեռվել ապակենտրոնացման և հանրային կառավարման բարեփոխմանը՝ միևնույն ժամանակ հարթակ տրամադրելով տարբեր ոլորտներում լավագույն գործելակերպի փոխանակման համար։ Հայաստանում ընթացող վարչատարածքային բարեփոխումը կարող է լավ օրինակ ծառայել գործընկեր մյուս երկրների համար։ Մենք նաև հետապնդում ենք ԵՄ ֆինանսավորումը մեր տեղական և տարածքային իշխանությունների համար դյուրին դարձնելու և հանրային արդյունավետ և հուսալի կառավարման վերաբերյալ խորհրդատվություն տրամադրելու նպատակ»։
ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ՀՀ կառավարության անունից ընդգծեց, որ Հայաստանի կառավարությունը մեծապես կարևորում է ԵՄ և ԱլԳ երկրների տեղական և տարածքային իշխանությունների միջև երկխոսության և համագործակցության հետագա զարգացումը լավագույն փորձի փոխանակման և բարեփոխումների ռազմավարության միջոցով, հատկապես միջսահմանային համագործակցության համատեքստում: Օրվա ընթացքում Տարածաշրջանների եվրոպական կոմիտեի նախագահ Մարկկու Մարկկուլան երկկողմ քննարկում ունեցավ նաև ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հետ:
Կեսօրին տեղի ունեցավ Արևելյան գործընկերության երկրներում տեղական ժողովրդավարությանը նվիրված խորհրդաժողովը։ CORLEAP-ի անդամները մտքեր փոխանակեցին տարբեր զեկուցողների, այդ թվում նաև ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի և Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների առաջին փոխնախարար Թենգիզ Շերգելաշվիլու հետ, ով ամփոփեց 2003թ.-ից ի վեր Հայաստանի և Վրաստանի միջև գործող համատեղ Տարածքային համագործակցության ծրագրի փորձը։