Սեպտեմբերի 18-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Արևելյան գործընկերության անդամ երկրների տեղական և տարածքային իշխանության մարմինների խորհրդաժողովի` CORLEAP-ի բյուրոյի Երևանում կայացած հանդիպմանը:
Ողջույնի խոսքով դիմելով հանդիպման մասնակիցներին՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ նման ձևաչափով հանդիպումները կարևոր են և խթանում են տեղական և տարածքային իշխանության մարմինների միջև փոխգործակցությունը։
Անդրադառնալով Կովկասյան տարածաշրջանում համագործակցությանը՝ նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ թե Ադրբեջանը, թե Թուրքիան խոչընդոտում են տարածաշրջանային փոխգործակցությանը:
Կարդացեք նաև
Նախարարն անդրադարձավ նաև Հայաստանի և Վրաստանի միջև տարբեր նախագծերի շրջանակներում արդյունավետ համագործակցությանը՝ ընդգծելով.
«2009թ.-ից ի վեր Հայաստանի և Վրաստանի տարածաշրջանները ակտիվ համագործակցել են «Եվրոկովկաս» եվրոտարածաշրջանային նախագծի շրջանակներում: Վերջինս միտված է խթանելու միջսահմանային համագործակցությունը ու հնարավորություն է ընձեռում տեղական իշխանություններին ուղիներ փնտրելու ընդհանուր տարածաշրջանային տնտեսական և սոցիալական խնդիրների լուծման համար:
«Մենք նաև արժևորում ենք Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի հետ համագործակցությունը Հայաստանում տեղական ժողովրդավարությունը խթանելու և ամրապնդելու գործում։ Դիտարկում ենք համագործակցությունը տեղական և տարածաշրջանային մակարդակներում, մասնավորապես՝ միջսահմանային համագործակցությունը՝ որպես հարևան երկրների հասարակությունների միջև կամուրջներ հաստատելու և տարածաշրջանային կայունությունը և կայուն զարգացումը խթանելու անհրաժեշտ միջոց»,_ ասաց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
ՀՀ ԱԳՆ