Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Նոր Սահմանադրությամբ վերադարձ է կատարվում Սովետական միություն»

Սեպտեմբեր 18,2015 17:55

«Հիմա լուրջ գործընթաց է տեղի ունենում, որը փոխում է Հայաստանի քաղաքական համակարգը. եթե մինչեւ հիմա կային հնարավորություններ իշխանությունը փոխել մեկ անձի՝ նախագահի փոփոխությամբ, հիմա իշխանությունը պետք է փոխվի ավելի մեծ մի զանգվածի փոփոխությամբ, որը կոչվում է հանրապետական կուսակցություն»,-այսօր «Մեդիա կենտրոնում» ասաց Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Աղասի Ենոքյանը՝ «Քաղաքական զարգացումները սահմանադրական փոփո­խությունների գործընթացի համատեքստում» թեմայով հրավիրված ասուլիսին:

Պարոն Ենոքյանի դիտարկմամբ՝ Սահմանադրության նոր նախագծով՝ իշխանությունը, կարելի է ասել՝ անդեմանում է:

«Իշխանությունն անցնում է մի մեծ խմբի, եւ փոփոխությունը նրա հետ պիտի տեղի ունենա: Վերադառնում ենք Սովետական միությանը, որտեղ, որ իհարկե, շատ կարեւոր էր կուսակցության ղեկավարը, այնուամենայնիվ, կար կուսակցություն, ստրուկտուրա, որը մեկ անձի փոփոխության դեպքում կարող էր վերարտադրել նման տիպի անձինք, եւ իշխանության փոփոխությունը բավականին բարդ էր խորհրդային միությունում»,- ասաց Ենոքյանը:

Քաղաքագետի կարծիքով՝իշխանությանը սպառնալիք կա, որ կփոխվեն, կան անձինք, որոնք ունեն իշխանությունը փոփոխելու ներուժ. «Եվ հիմա իշխանությունը, Սերժ Սարգսյանն օգտագործում է իր հիմնական գործիքը, այն ինչ չունեն մյուս քաղաքական գործիչները. դա ստեղծված բավականին կուռ կառույցն է՝ հանրապետական կուսակցությունը եւ ուզում է իշխանությունը պահել կուսակցության միջոցով, այլ ոչ թե անձնապես: Մենք տեսնում ենք, որ Հայաստանում շատ հեշտ է միտինգներ կազմակերպելը, նույնիսկ Բաղրամյանում էլ է հեշտ կազմակերպել միտինգ, որի ընթացքում պրոցեսն անկանխատեսելի է դառնում, եւ սրանով Հանրապետականի հարատեւության երաշխիքի հարցն է առաջանում»:

Ասուլիսի մեկ այլ մասնակից, քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը չհամաձայնվեց Ենոքյանի հետ, որ Սահմանադրության նոր նախագծով վերադարձ է կատարվում ԽՍՀՄ. Իսկանդարյանը նկատեց, որ այն ժամանակ իրական ընտրություններ տեղի չէին ունենում:

Իսկանդարյանի կարծիքով՝ «Ոչ»-ի ճակատը, հաշվի առնելով քաղաքական դաշտում ընդդիմության դիրքերի թուլությունը, դժվար թե հաջողության հասնի. Հայաստանում ոչ թե պետք է միավորվեն այս կամ այն ընդդիմադիր հատվածները, այլ պետք է ստեղծել ընդդիմություն:

Քաղաքագետի խոսքերով՝ «Այժմ գոյություն ունի մի իրավիճակ, որ իշխող Հանրապետական կուսակցությունը կարող է տեսանելի ապագայում հանգիստ շարունակել կառավարել երկիրը, հաղթել ընտրություններում եւ վերարտադրվել: Այս առումով, Հայաստանի խնդիրը, ոչ թե ընդդիմադիր հատվածների միավորումն է, այլ ընդդիմության՝ որպես ինստիտուտի ստեղծումը: Այժմ ընդդիմությունը, կամ այն ինչ նրանից մնացել է, գործում է բացասական ծրագրի հիման վրա եւ գնում է իշխանության առաջարկների մերժման ճանապարհով: Օրինակ՝ մարդիկ, ովքեր ժամանակին կողմ էին խորհրդարանական համակարգին, հիմա ընդդիմանում են Սահմանադրության նոր տարբերակին, որը հենց առաջարկում է անցում խորհրդարանական կառավարման մոդելի»:

Ըստ Իսկանդարյանի, «Հետխորհրդային տարածքի այն երկրներում, որտեղ առկա է հանրային քաղաքականություն, այնտեղ տեղի է ունեցել անցում խորհրդարանական կառավարման մոդելի: Օրինակ՝ Մոլդովա, Ուկրաինա, Վրաստան, այժմ նաեւ Հայաստանն է ընթանում այդ ուղիով: Մոդելի փոփոխության պատճառն այն է, որ այդ երկրներում կարծում են, որ դեմոկրատական ինստիտուտները խորհրդարանական կառավարման ձեւի պարագայում ավելի լավ կաշխատեն:

Սակայն իրականությունն այլ է: Կառավարման համակարգը ուղղակի ձեւ է, որը պետք է լցվի բովանդակությամբ: Իսկ բովանդակությունը քաղաքական կուսակցություններն են, կուռ քաղաքական համակարգը, որը Հայաստանում բացակայում է»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930