Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Որոշ փոքր ՀԷԿ-եր շահագործողներ համոզված են, որ ձկներն ունեն ոտքեր. ՀԲՃ

Սեպտեմբեր 18,2015 17:07

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը 2015թ. հուլիսի 7-ին դիմել էր ՀՀ բնապահպանության նախարարին Մարց գետի վրա կառուցված և շահագործվող «Մարցիգետ» 2 և «Մարցիգետ-1» փոքր ՀԷԿ-երում տեսչական ստուգումներ անցկացնելու առաջարկով: Մեր կողմից ներկայացվել էին լուսանկարներ, որոնցում հստակ երևում են, թե ինչպիսի կոպիտ նախագծային խախտումներով են կառուցված այդ ՓՀԷԿ-երի ձկնանցարանները, ինչի հետևանքով ուղղակի բացառվում է գետում ձկների ազատ տեղաշարժը: Այս ՓՀԷԿ-երը կառուցողներն ու շահագործողներն ամենայն հավանականությամբ մտածում են, որ ձկներն ունեն ոտքեր ու կարող են քայլելով բարձրանալ իրենց սարքած այս աստիճաններով։
Դիմումում նաև խնդրել էինք տեղեկացնել մեզ, թե ինչ ջրաբանական տվյալների հիման վրա և ինչ եղանակով է հաշվարկվել այդ երկու ՓՀԷԿ-երի համար հաստատված բնապահպանական թողքերի չափերը, ինչպես նաև դեռ 2013թ-ի մարտի 21-ի մեր դիմումի հետքերով «Մարցիգետ» ՓՀԷԿ 2-ում անցկացված ստուգման արդյունքները, արձանագրված խախտումները, կիրառված պատժամիջոցներն ու ձկնանցարանի վերակառուցման մասով տրված հանձնարարականները։

Ձեզ ենք ներկայացնում բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնատար Խ. Աղաբեկյանի ստորագրությամբ պատասխանն ամբողջությամբ.

«Ի պատասխան Ձեր 2015թ. հուլիսի 7-ի գրության, հայտնում եմ, որ 2013 թվականին ՀՀ Լոռու մարզում գործող «Արգիշտի-1» ՍՊ ընկերությանը պատկանող «Մարցիգետ» ՓՀԷԿ 2-ում բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ստուգում չի իրականացվել: «Մարցիգետ» ՓՀԷԿ 2-ում ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 2015թ. հուլիսին իրականացվել է տեսչական ստուգում: Ստուգմամբ արձանագրվել է, որ «Մարցիգետ» ՓՀԷԿ 2-ի ձկնանցարանը կառուցված է նախագծի խախտումներով և այն որպես ձկնանցարան չի կարող ծառայել: «Մարցիգետ» ՓՀԷԿ 2-ի գլխամասային կառույցի ջրընդունիչի վրա առկա է ձկնապաշտպան ցանց, որը չի համապատասխանում սահմանված նորմերին: Նշված խախտումները վերացնելու համար տրվել է համապատասխան հանձնարարական և սահմանվել երկամսյա ժամկետ, իսկ ընկերության ղեկավարն ենթարկվել է վարչական պատասխանատվության:

Martsiget-2

«Մարցիգետ-1» ՓՀԷԿ-ում ստուգում չի կարող իրականացվել, քանի որ ՀՀ կառավարության 30 հուլիսի 2015 թվականի N 839-Ա որոշման համաձայն ստուգումների գործընթացը դադարեցվել է մինչև 2016 թվականի հունվարի 1-ը, իսկ առանձնահատուկ դեպքում կարող է իրականացվել ստուգում միայն նշված որոշման պահանջներին համապատասխան»:

Իհարկե ողջունելի է, որ վերջապես տրվել է խախտումները վերացնելու հանձնարարական: Սակայն հարց է առաջանում, թե ինչո՞ւ այդ նույն բանը չի արվել դեռ 2013 թվականի մեր դիմումից հետո, երբ նախարարությունից մեզ պատասխանել էին, որ «Մարցիգետ» ՓՀԷԿ 2-ի շինարարության և շահագործման հետևանքով առաջացած բնապահպանական խնդիրների լուծման համար ՀՀ բնապահպանության նախարարությունը նախատեսում է իրականացնել տեսչական ստուգումներ ՓՀԷԿ-ի շինարարությունը իրականացրած «Արգիշտի-1» ՍՊԸ-ում, և, որ ստուգումների ավարտից հետո արդյունքների վերաբերյալ կտեղեկացնեն լրացուցիչ: Այժմ պարզվում է, որ այն ժամանակ ոչ մի ստուգում էլ չի իրականացվել, և այդ ընկերությունը մինչև օրս շարունակել է ոչնչացնել Մարց գետի ձկնաշխարհը:

Երկրորդ հարցը կայանում է նրանում, թե ինչո՞ւ ստուգում չի իրականացվել մեր դիմումում նշված մյուս՝ «Մարցիգետ-1» ՓՀԷԿ-ում: Պատասխանում նշված կառավարության որոշումն ուժի մեջ է մտել միայն հուլիսի 30-ին, իսկ մեր դիմումը տրված է եղել դեռ հուլիսի 7-ին, և ցանկության դեպքում հանգիստ կարելի էր իրականացնել ստուգումներ՝ ինչպես դա արվել է մյուս ՓՀԷԿ-ի դեպքում: Մնում է ենթադրել, որ այս դեպքում նախարարության ցանկությունների վրա վերևներից լուրջ ազդողներ են եղել՝ ինչին մենք բազմիցս ականատես ենք եղել տարբեր բնապահպանական խնդիրներ բարձրաձայնելիս: Ստացվում է, որ «Մարցիգետ-1» ՓՀԷԿ-ը շահագործող «ՄԱՐՑ ԷՆԵՐՋԻ» ՍՊԸ-ն կշարունակի աշխատել առանց ձկնանցարանի, ինչի հետևանքով էական վնաս կհասցվի Մարց գետի ձկնաշխարհին և կվտանգվի ձկների վերարտադրությունը:

Եվ երրորդ անպատասխան հարցը դա այն է, որ նախարարության նամակում չկա գեթ մի բառ այդ երկու ՓՀԷԿ-երի համար սահմանված բնապահպանական թողքերի հաշվարկման համար հիմք հանդիսացած ջրաբանական տվյալների և մեթոդների մասին, չնայած նրան, որ մենք դիմումում հատուկ նշել էինք, որ պատասխան տրվի մեր առաջադրված բոլոր հարցադրումներին:

Բնության պահպանությունը հետևողական և անաչառ մոտեցում պահանջող ոլորտ է, քանի որ բնությունը չի կարող ինքն իրեն պաշտպանել մարդու անխոհեմ գործունեությունից, և բնապահպանության նախարարության բոլոր աշխատակիցները միշտ պետք է հիշեն այդ մասին:

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930