Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լեւոն Ջուլֆալակյան. «Մրցավարն իրավունք չունի ըմբիշի տարիների աշխատանքը մեկ վայրկյանում ջուրը գցել»

Սեպտեմբեր 18,2015 17:02

Այսօր Սպուտնիկ Արմենիա միջազգային մամուլի կենտրոնի հյուրերն էին օրերս Լաս-Վեգասում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում աշխարհի կրկնակի չեմպիոն հռչակված 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը, ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը, մարզիչ Սամվել Գեւորգյանը եւ Արթուր Ալեքսանյանի անձնական մարզիչ, միջազգային կարգի մրցավար Գեւորգ Ալեքսանյանը:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղար, մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը նշեց, որ Արթուր Ալեքսանյանը Լաս-Վեգասում մեկ անգամ եւս ապացուցեց, որ իր քաշային կարգում աշխարհում բացարձակ առաջատար է եւ անցկացրած հինգ գոտեմարտերում ընդամենը մեկ միավոր է տվել մրցակիցներին, այն էլ՝ թյուրիմացաբար:

Լեւոն Ջուլֆալակյանը, գնահատելով հավաքականի ընդհանուր մասնակցությունն աշխարհի առաջնությանը, նշեց. «Ընդհանուր առմամբ գոհ եմ բոլորից, բացի ծանր քաշային Էդուարդ Խաչատրյանի մասնակցությունից: Մյուսներն իրենց գոտեմարտերն արել են որակով: Բնականաբար, սպասելիքները շատ էին՝ թե մեդալների, թե վարկանիշերի: Անցած տարի աշխարհի առաջնությունում մենք երկու չեմպիոն ունեցանք՝ Արթուր Ալեքսանյան եւ Արսեն Ջուլֆալակյան: Արթուրը պաշտպանեց տիտղոսը: Արսենն էլ պատրաստ էր եւ պարտավոր էր:

Բոլորին հետաքրքրում է, թե ինչո՞ւ Արսենը առանց վարկանիշի եւ առանց մեդալի վերադարձավ: Ցավոք, ի տարբերություն շատ մարզաձեւերի, որոնցում վիճակահանությունն այնպես է արվում, որպեսզի ուժեղագույններն իրար հետ հանդիպեն կիսաեզրափակչում կամ եզրափակչում, ըմբշամարտում վիճակահանությունն այս առումով անորոշ վիճակում է գտնվում: Դրանից դժգոհ են ամբողջ աշխարհի ազգային ֆեդերացիաները: Եթե առաջին շրջանում հանդիպում են ըստ քաշային կարգի լավագույն ըմբիշները, նրանցից մեկը պետք է պարտվի եւ դուրս մնա: Դրանից հետո ինչ էլ ստացվի, ըմբիշը պարտավոր է 20 րոպե ընդմիջումներով գոտեմարտել, իսկ դա ֆիզիկական շատ լուրջ ծանրաբեռնվածություն է եւ շատ բարդ ճանապարհ:

Անպայման ուզում եմ խոսել Արսեն Ջուլֆալակյանի եւ Ռոման Վլասովի գոտեմարտի մասին: Ցավոք, դեռ չի ստացվում հաղթել: Առաջին հնարքը կատարեց Վլասովը: Նման պարագայում մրցավարը ըմբիշին 25 վայրկյանից ավելի չպետք է թողնի չորեքթաթ դիրքում: Իսկ մրցավարը Արսենին պահեց մոտ 35 վայրկյան, մինչեւ Վլասովը հնարքը կկատարեր: Ու այդ հնարքը 2-ի փոխարեն գնահատվեց 4 միավոր: Պարզ է, որ 2 միավորը ետ բերելը ավելի հեշտ է, քան 4-ը, առավել եւս Վլասովի նման ըմբիշի հետ գոտեմարտում: Իսկ երբ մենք բողոքարկեցինք, մի միավոր էլ նվիրաբերեցին մրցակցին: Ու եղավ այն, ինչ եղավ: Ճիշտ է, այդ մրցավարներին մեկ օրով որակազրկեցին, բայց դա մեզ ոչինչ չէր տալիս ու արդեն բացարձակապես չէր էլ հետաքրքրում: Դրանից հետո Արսենը եւս երկու ծանր գոտեմարտ արեց: Հաղթեց հիմնական մրցակիցներից հունգարացուն, իսկ ահա ղազախի հետ, որում վարկանիշ էր ձեռք բերում եւ պայքարում էր երրորդ տեղի համար, չստացվեց: Եղածն արդեն եղած է:

Մրցավարն իրավունք չունի մարզիկի ու մարզիչների տարիների աշխատանքը մեկ վայրկյանում ջուրը գցել: Հիմա Արսեն Ջուլֆալակյանը ստիպված է պատրաստվել վարկանիշային մրցաշարերին, ուղեգիր նվաճել եւ միայն դրանից հետո նախապատրաստվել օլիմպիական խաղերին»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930