«Հարգելի գործընկերներ,
արդեն մի քանի ամիս է քաղաքական ուժերի ու հասարակության քննարկումների կարեւորագույն թեման սահմանադրական բարեփոխումներն են: Բնականաբար, գործընթացը պետք է ուղեկցվեր բուռն քննարկումներով, քանի որ բանավեճը երկրի, պետության եւ հասարակության զարգացման իրավական հիմքերի շուրջ է:
Սահմանադրության փոփոխությունները կենսական անհրաժեշտություն չեն ո՛չ իշխանությունների, ո՛չ իշխող քաղաքական ուժի, ո՛չ էլ առանձին վերցրած որեւէ կուսակցության կամ կազմակերպության համար: Սակայն դրանք կենսական անհրաժեշտություն են երկրի, հասարակության եւ քաղաքական ուժերի ապագայի տեսանկյունից, եւ խոսքը բնավ էլ անմիջապես վաղվա կամ մյուս օրվա մասին չէ, ինչպես հաճախ ամբոխահաճությանը գերի ընկնելով եւ հասարակությանը թյուրիմացության մեջ գցելով` պնդում են որոշ քաղաքական գործիչներ կամ մամուլի ակումբների մշտական հաճախորդներ:
Որեւէ մեկը չպետք է երկրի հիմնական օրենքը՝ պետության Սահմանադրությունը, շփոթի սեփական Սահմանադրության հետ, որովհետեւ այսօր պետությունը մենք բոլորս ենք, այսինքն՝ եւ՛ այստեղ նստածներս, եւ՛ Ազատության հրապարակի ցուցարարը, եւ՛ սահմանը պաշտպանող զինվորը, եւ՛ թշնամու գնդակների տակ անգամ իր հողից երբեք չկտրվող գյուղացին: Մի խոսքով, ինչպես Սահմանադրությունն է ամրագրում, իշխանությունը պատկանում է ժողովրդին: Հետեւաբար, ո՛չ Սահմանադրությունը, ո՛չ էլ առաջարկվող փոփոխությունները որեւէ մեկի սեփականությունը չեն, ոչ որեւէ մեկի համար են, ոչ էլ որեւէ մեկի դեմ:
Կարդացեք նաև
Սահմանադրության փոփոխություններն ուղղված չեն որեւէ քաղաքական ուժի կենսապահովմանը, սակայն դրանք ուղղված են քաղաքական դաշտի կենսունակության ամրապնդմանը: Իսկ քաղաքական դաշտը բաղկացած է եւ՛ իշխանությունը ներկայացնող, եւ՛ իշխանությանն ընդդիմադիր ուժերից: Այս նախագիծը կոչված է դառնալու քաղաքական ուժերին ոչ թե հակամարտության, այլ համերաշխության եւ համագործակցության մղող, տեսակետները համադրող, ոչ թե հակադրող փաստաթուղթ, որովհետեւ միայն համերաշխ ու հանդուրժող հասարակության պայմաններում կարելի է համախմբել ուժերը եւ ապահովել երկրի կայուն ընթացքը դեպի զարգացում: Հենց դրանից ելնելով էլ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը քաղաքական ուժերի ու գործիչների, հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված առաջարկությունները քննարկում է՝ անկախ դրանց հեղինակների քաղաքական դիրքորոշումներից ու կուսակցական պատկանելությունից: Առիթից օգտվելով՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն կուսակցություններին, կազմակերպություններին, անհատներին ու խմբերին, ովքեր այս կամ այն կերպ մասնակցում են Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկումներին, կրկնեմ՝ այս կամ այն կերպ, որովհետեւ քննարկումը ենթադրում է նաեւ բացասական արձագանք ու տեսակետ, մերժում եւ քննադատություն: Այս տեսանկյունից, ինչ-որ առումով հասկանալի են Սահմանադրության փոփոխություններին դեմ արտահայտվող այն կազմակերպությունների դիրքորոշումները, որոնք փորձում են որոշակի անվանումով ինչ-որ շարժում ձեւավորել: Սա եւս տեղավորվում է Սահմանադրության, ինչպես նաեւ առաջարկվող փոփոխությունների ընձեռած հնարավորությունների, գաղափարախոսության եւ, ընդհանրապես, սահմանադրական ազատությունների ու ժողովրդավարության շրջանակներում: Չէ՞ որ հենց Սահմանադրությունն է փաստում, որ յուրաքանչյուր ոք ազատ է արտահայտելու իր կարծիքը: Ասեմ, որ մենք եւս կողմ ենք «ոչ»- ի գաղափարին: Այո, մենք ոչ ենք ասում պոպուլիզմին, մենք ոչ ենք ասում քաղաքացիական հասարակության ներուժն անհիմն ու ժամանակավրեպ ակցիաներով վատնողներին: Մենք ոչ ենք ասում որոշ քաղաքական ուժերի, անհատների, անհետացող ու պահ առ պահ վերակենդանացող քաղաքական գործիչների կողմից ժողովրդի զգացմունքների վրա խաղալու գործելակերպին եւ հանուն սեփական քաղաքական գոյությունը երկարաձգելու՝ քաղաքական թատերախաղով զբաղվելուն: Բայց մենք այո ենք ասում քաղաքացիական հասարակության ակտիվությանը, պետության ճակատագրով անկեղծորեն մտահոգվելու գործելակերպին, Սահմանադրության շրջանակներում տեղավորվող ցանկացած գործունեությանը:
Հարգելի գործընկերներ,
17-րդ դարի ֆրանսիացի հայտնի պետական գործիչներից մեկը՝ կարդինալ Ռիշելյեն, ժամանակին ասել է. «Տվեք ինձ ամենաազնիվ մարդու ձեռքով գրված վեց տող, եւ ես դրանցում կգտնեմ ինչ-որ բան, որի համար նրան կարելի է կախել»: Անշուշտ, որեւէ փաստաթուղթ լիովին անթերի չէ: Այն, որ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը դրվել է հրապարակային քննարկման, եւ յուրաքանչյուր ոք իրավունք ու հնարավորություն ունի դրա վերաբերյալ կարծիք հայտնելու, առաջարկ անելու, վկայում է, որ իշխանությունները շահագրգռված են ունենալու առավելագույնս ընդունելի, հասարակության առաջարկներով համալրված եւ կատարյալ տեսք ստացած փաստաթուղթ:
Սահմանադրությունը, տվյալ դեպքում՝ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, պիես չէ, որը կարելի է բեմադրել ըստ ռեժիսորի հայեցողության ու ճաշակի: Այն լրջագույն եւ երկրի ու նրա քաղաքացիների համար կարեւորագույն նշանակություն ունեցող փաստաթուղթ է, որին պետք է յուրաքանչյուր ոք, առավել եւս քաղաքական գործիչ եւ հատկապես խորհրդարանական ուժ մոտենա մեծագույն սթափությամբ՝ գիտակցելով իր պատասխանատվությունը պետության ապագայի հանդեպ, ստանձնելով նվազագույնը բարոյական պատասխանատվության իր բաժինը: Եթե որեւէ քաղաքական ուժ կամ գործիչ նշված փաստաթուղթը պատկերացնում է որպես թատերախաղ եւ իր դժգոհություններն ու քննադատությունները պայմանավորում դրանում իրեն գլխավոր դեր չհատկացնելով, ապա մեր ժողովուրդը բավականաչափ իմաստուն է, որպեսզի այդ քաղաքական ուժին կամ գործչին ընտրությունների ժամանակ համապատասխան վերաբերմունքի արժանացնի:
Հարգելի գործընկերներ,
կցանկանայի, որ մեր հասարակությունը, եւ հատկապես քաղաքական ուժերը Սահմանադրության փոփոխությունները դիտարկեին որպես մի կարեւոր եւ անհրաժեշտ գործընթաց, որը միտված է երկրում կայուն ժողովրդավարության հաստատմանը եւ այնպիսի պետության կառուցմանը, որը հիմնված է մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության, իշխանությունների ճիշտ բաժանման եւ հավասարակշռման, հասարակության համար սոցիալական ժամանակակից երաշխիքների ապահովման, քաղաքական ու տնտեսական կայուն զարգացման համար իրավական հենքի ձեւավորման, ինչպես նաեւ համամարդկային մյուս արժեքների վրա:
Կյանքը հարափոփոխ է, եւ մենք չենք կարող մեզ թույլ տալ հետ մնալ ժամանակի ռիթմից, սակայն չենք կարող նաեւ ավելորդ շտապողականություն ցուցաբերել այնպիսի կենսական հարցերում, ինչպիսիք, օրինակ, քաղաքական կամ ընտրական համակարգերի արմատական փոփոխություններն են: Իշխանությունները մշտապես գիտակցելով ժողովրդի առջեւ ստանձնած պատասխանատվությունը՝ առաջնորդվել եւ առաջնորդվում են երկիրն անցնցում առաջ տանելու սկզբունքով: Ուզում եմ հիշեցնել, որ տարիներ առաջ, երբ քաղաքական տարբեր ուժեր համոզված պնդում էին, որ անհրաժեշտ է միանգամից անցում կատարել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի եւ վերացնել մեծամասնական ընտրակարգը, որեւէ մեկը լիարժեք չէր պատկերացնում այդպիսի անցման առանձնահատկությունները եւ այն դժվարությունները, որոնք կծագեին հետագայում: Մենք գնացինք այլ ճանապարհով. աստիճանաբար փոքրացնելով մեծամասնական տեղերի թվաքանակը՝ միաժամանակ բարելավեցինք եւ հստակեցրեցինք կուսակցությունների գործունեության իրավական հիմքերը, 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ սահմանեցինք Երեւանի ավագանու ընտրությունների համար, ինչը հսկայական նշանակություն ունեցավ նոր համակարգը եւ դրա ներդրման գործընթացը պատկերացնելու գործում, էականորեն բարելավեցինք ընտրական օրենսդրությունը եւ այլն: Հենց սա նկատի ունեմ` կարեւորելով սահմանադրական փոփոխությունները որպես գործընթաց դիտարկելու անհրաժեշտությունը, քանի որ լինելով այդ գործընթացի մեջ՝ մենք շատ հաճախ չենք տեսնում այն ամբողջական եւ օբյեկտիվ պատկերը, որն արդեն իսկ ձեւավորվել է անցած ժամանակաշրջանում եւ ուրվագծվում է ապագայում: Իսկ չպատկերացնելով երկրի զարգացման ամբողջ գործընթացը՝ շատերն ակամայից կենտրոնանում են ընթացիկ պահին Սահմանադրության փոփոխությունների ընձեռած հնարավորությունների վրա` դրանում տեսնելով քաղաքական առանձին ուժերի եւ նույնիսկ անհատների շահեր: Սահմանադրության փոփոխությունները հետապնդում են շատ հստակ եւ կոնկրետ նպատակներ՝ շարունակել Հայաստանում կայուն ժողովրդավարական համակարգի եւ իշխանության թեւերի բաժանման ու հավասարակշռման վրա հիմնված պետական կառավարման արդյունավետ կառուցվածքի ձեւավորումը, ինչպես նաեւ ապահովել սահմանադրական հիմքեր խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու համար: Առաջարկվող փոփոխությունները բխում են այս հիմնական նպատակներից, ինչպես նաեւ ներառում են սահմանադրական բոլոր այն հիմնահարցերի լուծումները, որոնք ի հայտ են եկել 2005 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո:
Իսկ անհրաժեշտ էր արդյոք այս ընթացքում Սահմանադրության փոփոխությունների նախաձեռնումը, թե՞ ոչ: Հատկապես սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվող քաղաքական ուժերի եւ անհատների շրջանում տարածված է այն կարծիքը, որ Հայաստանի Սահմանադրությունը որեւէ կերպ չի խանգարում երկրում քաղաքական բարեփոխումներ իրականացնելուն, մենաշնորհների դեմ պայքարին եւ այլն: Իհարկե, չի խանգարում, ինչպե՞ս կարող է երկրի Սահմանադրությունը խանգարել կամ նույնիսկ սահմանափակել որեւէ լավ բան անելուն: Սա ակնհայտ ճշմարտություն է: Բայց միթե՞ կարելի է նման կերպ պարզունակ դարձնել Սահմանադրության փոփոխությունների գլոբալ գործընթացը եւ այսպիսի պարզունակ ընկալումներով ակամայից մարդկանց գցել անորոշության եւ թյուրիմացության մեջ: Քաղաքականապես քիչ թե շատ գրագետ եւ լայն մտահորիզոն ունեցող մարդկանց համար, որպիսիք, կարծում եմ, մեծամասնություն են կազմում մեր ժողովրդի մեջ, հասկանում են, որ Սահմանադրության այս փոփոխությունները ոչ թե այսօրվա, այլ ապագայի խնդիրներ են լուծում, հասկանում են, որ այս փոփոխություններն անհրաժեշտ են Հայաստանի դինամիկ զարգացումն ապահովելու եւ դրան համապատասխան պետական կառավարման համակարգ ձեւավորելու համար: Իսկ այս ուղղությամբ առաջ շարժվելու համար Սահմանադրությունը չի ընձեռում անհրաժեշտ բոլոր հնարավորությունները. գործող կառավարման համակարգի պայմաններում Հանրապետության Նախագահի գործառույթների ու լիազորությունների միջեւ ապահովված չէ անհրաժեշտ համամասնություն, բավարար չափով հստակեցված չեն Նախագահի լիազորությունները գործադիր իշխանության իրականացման եւ Սահմանադրության պահպանման գործառույթների իրականացման բնագավառներում, հստակեցված չէ գործադիր իշխանության համակարգը, առկա է անհստակություն գործադիր իշխանության գործառութային դերի, իրավասության եւ պատասխանատվության միջեւ։ Առկա է գործադիր իշխանության ներքին երկվություն՝ պայմանավորված Հանրապետության Նախագահի եւ կառավարության գործառութային լիազորություններով, ինչի արդյունքում կառավարությունն ամբողջական ու համալիր պատասխանատվությամբ չի իրականացնում գործադիր իշխանությանը բնորոշ գործառույթները: Մյուս կողմից` Ազգային ժողովը չունի գործադիրի նկատմամբ իրական վերահսկողության անհրաժեշտ բոլոր մեխանիզմները, Ազգային ժողովում Հանրապետության Նախագահի քաղաքական հենարանի բացարձակ մեծամասնության առկայության եւ ներխորհրդարանական հակակշիռների բացակայության պայմաններում մեծանում է քաղաքական մենիշխանության վտանգը եւ այլն։ Հետեւաբար, կարծում եմ, Սահմանադրության փոփոխությունները կատարում ենք ճիշտ ժամանակին` նախապես հստակեցնելով մեր դիրքորոշումներն արտաքին քաղաքականության բնագավառում, հաշվի առնելով Հայաստանի աշխարհաքաղաքական շահերն ու հնարավորությունները, ինչպես նաեւ օգտագործելով սահմանադրական զարգացումների համաշխարհային հարուստ փորձը:
Հարգելի գործընկերներ,
Սահմանադրության փոփոխությունների համատեքստում շատ կարեւորում եմ կառավարման խորհրդարանական համակարգին եւ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցումը, որը ոչ միայն էապես կընդլայնի մեր պետության կոլեգիալ կառավարման շրջանակներն ու ծավալները, այլեւ մեծապես կնպաստի Հայաստանում կուսակցությունների դերի բարձրացմանը: Այս փոփոխություններով մենք կուսակցությունների համար պետական կառավարմանը մասնակցելու, ընդունվող որոշումների վրա ազդեցություն ունենալու եւ իրենց ծրագրերն իրականացնելու ավելի մեծ հնարավորություններ ենք ստեղծում: Զգալիորեն ընդլայնում ենք Ազգային ժողովում ներկայացված ընդդիմադիր կուսակցությունների լիազորություններն ու հնարավորությունները, մասնավորապես` Ազգային ժողովի նախագահի տեղակալ ունենալու, իրավունքի ուժով քննիչ հանձնաժողովներ ձեւավորելու, դրանք նախագահելու եւ այդ հանձնաժողովի անդամների նույնիսկ մեկ քառորդի պահանջով իրենց իրավասության ոլորտին վերաբերող անհրաժեշտ տեղեկություններ պահանջելու եւ ստանալու, սահմանադրական օրենքների ընդունման ժամանակ էական ազդեցություն ունենալու, քաղաքացիական նախաձեռնության կարգով Ազգային ժողովին օրենքի նախագիծ առաջարկելու, պետական առանցքային պաշտոններում նշանակումներ կատարելիս իրական ազդեցություն ունենալու եւ այլ տեսանկյուններից:
Խորհրդարանական կառավարմանն անցումը մեծացնում է նաեւ Ազգային ժողովի դերը` երկրի կենսական բոլոր հարցերը կառավարության հետ միասին լուծելու առումով: Խորհրդարանը կունենա կառավարության ձեւավորման եւ դրա գործունեության նկատմամբ իրական վերահսկողության անհրաժեշտ բոլոր մեխանիզմները, ինչն էլ, մեր կարծիքով, կապահովի պետական կառավարման արդյունավետության ավելի պատշաճ մակարդակ: Լուծումներ կտրվեն նաեւ այն հիմնախնդիրներին, որոնք բնորոշ են կիսանախագահական կառավարման համակարգին, մասնավորապես` Հանրապետության Նախագահը հնարավորություն կունենա լիարժեք կերպով ստանձնելու վերկուսակցական նախագահին բնորոշ բոլոր գործառույթները։ Նրա հիմնական առաքելությունը կդառնա Սահմանադրության պահպանմանը հետեւելը, հակակշռող եւ զսպող լիազորությունների գործադրումը, հաշտարարի ու միջնորդի դերի ստանձնումը: Վարչապետը կնշանակվի խորհրդարանական ընտրությունների արդյունքում, իսկ կառավարությունը պատասխանատու կլինի Ազգային ժողովի առջեւ: Կձեւավորվի միասնական գործադիր իշխանություն եւ գրեթե կբացառվի խորհրդարանի ու Հանրապետության Նախագահի միջեւ առճակատման վտանգը:
Հարգելի պատգամավորներ,
մենք համոզված ենք, որ կառավարման ձեւի ներկայացված տարբերակն ու անցումը խորհրդարանական կառավարման համակարգին կարող են մեծապես նպաստել Հայաստանի Հանրապետությունում սահմանադրականության ամրապնդմանն ու իշխանությունների բաժանման եւ հավասարակշռման համակարգի կատարելագործմանը: Համոզված ենք նաեւ, որ այս փոփոխություններն օբյեկտիվորեն հանգեցնելու են նաեւ Հայաստանի քաղաքական ամբողջ համակարգի կառուցվածքի բարելավմանը, քաղաքական ուժերի կոնսոլիդացմանը, կուսակցությունների խոշորացմանը եւ պոպուլիզմի ծավալների էական կրճատմանը, քանի որ «չունենք իշխանություն, չունենք նաեւ պատասխանատվություն» սկզբունքն այլեւս չի կարող գործել, իսկ իշխանության առանձին տարրեր կունենան նույնիսկ խորհրդարանում չներկայացված կուսակցություններն ու քաղաքացիական շարժումները: Արդյունքում կշահեն բոլորը եւ առաջին հերթին մեր ժողովուրդը` ձեռք բերելով կայուն ժողովրդավարության ավելի բարձր մակարդակ, ուստի հորդորում եմ ակտիվորեն մասնակցել Սահմանադրության փոփոխությունների նախագծի լրամշակմանը եւ հանրաքվեի անցկացմանը»:
ՀՀ ԱԺ