Ինչպես տեղեկացրել էինք, այսօր Կամերային երաժշտական թատրոնում լրագրողները ծանոթացան այս տարի իրականացված նորոգման աշխատանքներին: Aravot.am-ը թատրոնի տնօրեն Վարդան Գրիգորյանից հետաքրքրվեց, թե ինչ արդյունք տվեցին ամիսներ առաջ կատարված կադրային փոփոխությունները: Ավելի վաղ տեղեկացրել էինք, թատրոնի մի շարք աշխատակիցներ կրճատվել էին:
«Զանգվածային կրճատումները չափազանցված են: Նախ, թատրոնի կադրերը ամբողջովին համապատասխան չէին թատրոնի ապագային վերաբերող իմ հայեցակարգին: Բավականին բարձր էր կենսաթոշակի անցած աշխատակիցների թիվը, եւ թատրոնը չէր կարող այդ մարդկանց հետ շարունակել ճանապարհը: Այդ պատճառով էլ օրենքի սահմաններում սկսվեցին կադրային փոփոխությունները»,-ասաց Վարդան Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ աշխատանքից հեռացվել են այն հսկիչները, որոնք չէին համապատասխանում թատրոնի դիմագծին. «Հսկիչը պետք է լինի ոչ միայն հարդարված, այլեւ կոռեկտ եւ կարողանա շփվել հանդիսատեսի հետ»,-նշեց Գրիգորյանը:
Տնօրենը նաեւ տեղեկացրեց, որ 25 դերասաններից ոմանք նորավարտ են եւ արդեն կխաղան առաջիկա ներկայացումներում:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ