Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյանը դժգոհ է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքից

Սեպտեմբեր 18,2015 16:07

«Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանի համոզմամբ` ճիշտ կլիներ, որ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում իրավաբաններից բացի՝ ընդգրկված լինեին նաև քաղաքագետներ, հոգեբաններ, հասարակագետներ, հայոց լեզվի գիտակներ: Նա պնդեց. «Այնպիսի փաստաթուղթ, ինչպիսին է Սահմանադրությունը, չի կարող մշակվել ու ներկայացվել միայն իրավաբանների կողմից: Սա լոկ իրավական փաստաթուղթ չէ»:

Մյուս մտահոգությունը կապված է մարդու իրավունքների հարցերին վերաբերող 2-րդ գլխի հետ: Ըստ Լարիսա Ալավերդյանի` այս առումով կասկածներ են առաջացել նաև այն պատճառով, որ միջազգայնորեն ընդունված հայտնի արտահայտություններ այլ ձևակերպմամբ են ներկայացվել. օրինակ` խոսքի ազատությունը դարձել է կարծիքի արտահայտման ազատություն և այլն:

Արդարադատության խորհրդի հետ կապված ևս տիկին Ալավերդյանը մտահոգություններ ունի և կանխատեսում է շահերի բախում. «Այս Սահմանադրությամբ ստացվում է, որ դատավորների հանդեպ որոշում պիտի կայացնի մի մարմին, որտեղ մեծամասնությունը դատավորներ են»:

Հանրաքվեի հետ կապված հարցին ի պատասխան՝ Լարիսա Ալավերդյանը հիշեցրեց, որ դեռ չի եղել որևէ հանրաքվե, որը չավարտվի իշխանության կողմից ակնկալվող արդյունքով:

Կայուն մեծամասնության հետ կապված մտահոգությունները տիկին Ալավերդյանն այսպես հիմնավորեց. «Կայունությունը չէ մեր նպատակը, ընդ որում առաջադեմ գաղափարների կամ նպատակների համար դա էլ է թերացում հենց առաջին պարբերությունում»:

Տիկին Ալավերդյանը նաև մտահոգություններ ունի հավաքների ազատության ապահովման հարցով: Տիկին Ալավերդյանը նաև վստահեցրեց, որ չի լինելու ոչ մի ճակատում, այլ մնալու է ակադեմիական մակարդակում, սակայն սա չի նշանակում, թե դրսևորելու է կեղծ ճկունություն:

Danielyan

Aravot.am-ը Լարիսա Ալավերդյանի` մասնագիտական հանձնաժողովում այլ մասնագետների առկայության վերաբերյալ դիտարկումը փոխանցեց սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյանին: Նա դեմ է այս մոտեցմանը: Որպես հիմնավորում նշեց. «Լեզվական խնդիրների հարցով բանասերների մեջ ևս կան տարաձայնություններ: Մենք լեզվական առումով չէինք էլ ակնկալում, որ լիարժեք փաստաթուղթ ենք պատրաստելու: Դրա համար, երբ փաստաթուղթը բովանդակային առումով պատրաստ լինի, ներկայացվելու է նաև լեզվաբաններին:

Ընդհանրապես ցանկացած օրենսդրական ակտի, ոչ միայն Սահմանադրության հետ կապված, երբ ավարտվում են քննարկումները և զուտ մասնագիտական կտրվածքով քննարկումները, այն անմիջապես հանձնվում է սրբագրիչներին ու խմբագիրներին, որպեսզի վերացվեն թերությունները: Բայց դա չի նշանակում, որ ի սկզբանե այդ մասնագետները գան մասնակցեն քննարկումներին, նրանք ի սկզբանե անելիք էլ չունեն»:

Գևորգ Դանիելյանը չժխտեց, որ ցանկացած այլ մասնագետ կարող է առաջարկություններ անել Սահմանադրության հետ կապված, բայց նաև շեշտեց, որ հանձնաժողովում ընդգրկվելու հարց չի կարող բարձրացվել: Նա վստահեցրեց, թե այլևս չենք կարող թույլ տալ այն սխալը, ինչ 1990-ականների սկզբներին, երբ քրեական օրենսգիրքը կազմող հանձնաժողովի նախագահը մասնագիտությամբ ֆիզիկոս էր:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930