Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մահացող տնտեսություն ունենք. Նոբելյան մրցանակակիրն էլ չի կարող վիճակը կարգավորել»

Սեպտեմբեր 18,2015 16:05

Հայաստանի տնտեսությունը մահացող տնտեսություն է. այսօր այսպիսի կարծիք հայտնեց «Փաստարկ» ակումբում ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: Ըստ նա, մեր տնտեսությունը հայտնվել է այնպիսի իրավիճակում, որ կառավարությունը որեւէ քայլ չի կարող անել, կամ ինչ էլ անի՝ օգուտ չի լինի:

Խաչատրյանի դիտարկմամբ՝ եթե կառավարությունն ուզում է տնտեսությունն աշխուժացնի, պետք է արժեզրկի դրամը, կամ եթե կայունություն ապահովի, 1 դոլարը թողնի 480 դրամի սահմաններում, բայց 2 դեպքում էլ տնտեսությունը մահանում է, եթե իշխանությունը սրան զուգահեռ այլ քայլեր չձեռնարկի:

Տնտեսագետի խոսքերով՝ մեր տնտեսության այս իրավիճակը կանխատեսելի էր, եւ թե համաշխարհային բանկը, թե տնտեսագետները լուծում վաղուց են առաջարկել՝ պետք է մենաշնորհների դերը կրճատել մեր տնտեսությունում, փոքր ու միջին բիզնեսը զարգացնել, կոռուպցիան կրճատել, եւ որ ամենակարեւորն է՝ արդար դատական համակարգ ստեղծել. «Այս բոլոր ոլորտներում մենք արձանագրում ենք բացասական միտումներ»:

Ընդ որում, ԵՏՄ-ին անդամակցելիս, Խաչատրյանի դիտարկմամբ՝ մեզ վստահեցնում էին, որ կունենանք 170 միլիոնանոց շուկա, կարող ենք այնտեղ առանց մաքսային խոչընդոտների արտահանում անել. «Բայց այդ ի՞նչ ունենք արտահանելու, կամ ո՞վ էր մեզ խանգարում արտահանել: Մենք ունենք 1 կամ 2 ոլորտ, որ կարող ենք արտահանում անել՝ հանքարդյունաբերություն եւ գյուղատնտեսություն, կամ ոսկի-ադամանդագործություն: Հանքարդյունաբերությունն էլ դառնում է ամենամեծ չարիքը: Այո պետք է հանքարդյունաբերությունը զարգացնենք, ունենք պոտենցիալ, բայց վիճակագրական տվյալներով՝պղնձամոլիբդենային հանքաքարի արդյունահանումը 2014 թվին մոտ 22 միլիոն տոննա է եղել, տարվա վերջին 30 միլիոնի կհասնենք, 2009-ին՝ 13 միլիոն էր, 2003-ին՝ 7 միլիոն էր: 11 տարում 3 անգամ ավելացել է. վտանգավոր շեմի ենք հասել, մեր բնությունը պատրաստ չէ մարսել դա, իրենք էլ տնտեսապես պատրաստ չեն: Խնդիր են լուծում՝ պարզապես արտահանենք, թեեւ գները իջել են, բայց պետք է արդյունաբերեն, արտահանեն, որ եկամուտ ստանան: Սա անհեռանկարային միջոց է աճ ապահովելու համար, ապագա չունեցող»:

Կառավարությունը խնդիր է դրել աճ ապահովել, բայց, ըստ Խաչատրյանի, եթե նայում ենք թվերը, ապա տարօրինակ բան է տեղի ունենում. Վերամշակող արդյունաբերությունը բացասական աճ ունի, էներգետիկայում այս տարվա հունիսը նախորդ տարվա հունիսի համեմատ 32% աճ է ունեցել. «Ի՞նչ է տեղի ունեցել՝ անհասկանալի է, ոչ մի տարի նման բան չի եղել: Տնտեսության 4.2% աճում 3.1%-ը գյուղատնտեսությունն է, սա անհաշվելի ոլորտ է, այսինքն` հնարավոր չէ ճշգրիտ հաշվարկել»: Ըստ Խաչատրյանի, եթե հավատանք պաշտոնական թվերին, ապա խորհրդային տարիների գյուղատնտեսության ոլորտի բոլոր թվերը գերազանցել ենք. «Գյուղապետերին զանգում են՝ թիվ են ասում, ասում են՝ 1000, սրանք էլ ասում են՝ լավ, գրեք 1100, ո՞վ է հաշվելու: Որքան էլ թիվը նկարեն, միեւնույն է, շուկան ամեն ինչ ասում է, իսկ շուկայում գյուղմթերքները թանկ են: Հայտնվել ենք փակուղային իրավիճակում: Եւ եթե իշխանությունը քաղաքական կամք չդրսեւորի, ապա նոբելյան մրցանակակիրն էլ տնտեսագիտության ոլորտի, չի կարող Հայաստանի տնտեսության այս վիճակը կարգավորել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930