Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գեւորգ Դանիելյանը Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ընդդիմադիրների` նոր սահմանադրության նախագծի վերաբերյալ քննադատությունները հիմնականում քաղաքական ենթատեքստ ունեն, դրանք իրավական չափանիշներով հիմնավոր չեն:
Նշենք, որ այսօր անցկացվեց «Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի դրույթները և դրանց իրացման հիմնական ուղղությունները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով կլոր սեղանը և նույնանուն գիտագործնական աշխատության շնորհանդեսը: Կլոր սեղանի ընթացքում քննարկվեցին իշխանությունների բաժանման և հավասարակշռման, սահմանադրական կարգի, իրավունքի գերակայության սկզբունքի երաշխավորմանը վերաբերող հարցեր:
Մեր հարցին` այս իրավիճակում «Ոչ»-ի ճակատը կարո՞ղ է եղանակ և իրավիճակ փոխել, պարոն Դանիելյանը, ըստ էության, հրաժարվեց պատասխանել` պատճառաբանելով, թե իրենց որդեգրած սկզբունքի համաձայն` մասնագիտական հանձնաժողովը հակված չէ անդրադառնալ քաղաքական խնդիրների:
Մեր հարցին`որքանո՞վ են իրատեսական «Ոչ»-ի ճակատից հնչող քննադատությունները, Գևորգ Դանիելյանն արձագանքեց. «Եթե փաստարկի հիմքում զուտ քաղաքական մոտեցումներ են, ապա դրանք հանձնաժողովը չի կարող քննարկել: Ենթադրություններ անել` թե այս կամ այն փաստաթուղթը ինչպես և ում կողմից կկիրառվի, մասնագիտական հանձնաժողովի խնդիրը չէ: Պետք է ներկայացվեին հիմնավոր և իրավական խնդիրներ բարձրացնող առաջարկություններ, իսկ եղած առաջարկությունները իրավական հարթության վրա չեն, որոնք էլ կան, դրանց անդրադարձել ենք»:
Կարդացեք նաև
Դառնալով սահմանադրական փոփոխությունների` խորհրդարանական քննարկումներին, պարոն Դանիելյանն ասաց, որ դրանք հնարավորություն տվեցին նաև հասկանալ խորհրդարանական ուժերի մոտեցումները. «Արդեն իսկ նկատվում են նախադրյալներ, որ Սահմանադրության նախագիծը կարող է որոշակի փոփոխությունների ենթարկվել: Մենք չենք փակել հարցը, այն չենք գնահատել, որպես վերջնական, վերանայման ոչ ենթակա փաստաթուղթ, ընդհակառակը խորհրդարանում ներկայացված խնդիրները պետք է համարժեք քննարկենք ու արդյունքներով կատարենք լրամշակումներ»:
Ըստ Գևորգ Դանիելյանի` պատգամավորների բարձրացրած մտահոգությունների շարքում կային նաև հիմնավորները: Նա նշեց, թե չէր էլ ակնկալում, որ պատգամավորներն անպայման պետք է ձևակերպված առաջարկություններ ներկայացնեին, քանի որ դա նրանց պարտականությունը չէր, բավարար էր անգամ մտահոգություն հնչեցնելը:
Անդրադառնալով իր բնորոշմամբ` իրավական հիմնավորումից զուրկ ելույթներին` ասաց, որ քաղաքական խնդիրներին հանձնաժողովը չի կարող անդրադառնալ: Ի պատասխան այդ քննադատությունների և դժգոհությունների` պարոն Դանիելյանը հիշեցրեց, որ հանձնաժողովի բոլոր նիստերը ձայնագրվել են և բոլոր այդ մտահոգությունների պատասխանները կարելի է գտնել այդ ձայնագրություններին ծանոթանալուց հետո:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ