Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 18-ին մասնակցել է մայրաքաղաք Ստեփանակերտի Ֆրանսիայի պուրակում քանդակագործ Թորոս Ռասթկելենյանի «Հավերժություն» արձանի բացմանը եւ «Պոլ Էլյուարի տուն» ֆրանկոֆոնիայի կենտրոնի հիմնարկեքի հանդիսավոր արարողությանը:
Իր խոսքում Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախ-Ֆրանսիա բարեկամությունը թեւակոխում է մի նոր փուլ՝ ընդգծելով, որ Ֆրանսիայի հետ բարեկամական հարաբերությունների խորացումը մեր արտաքին քաղաքականության օրակարգի կարեւորագույն ուղղություններից մեկն է: «Ի դեմս Ֆրանսիայի՝ մենք ունենք հզոր ու քաղաքակիրթ բարեկամ երկիր, որի հետ կապված ենք բազմաթիվ խողովակներով: Ես լավատես եմ մեր երկկողմ հարաբերությունների ապագայի հանդեպ, քանի որ տեսնում եմ անկեղծ ձգտում եւ հաստատակամություն մեր եղբայրական կապերը զարգացնելու ուղղությամբ»,- նշել է երկրի ղեկավարը:
Միջոցառմանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, Ֆրանսիայի Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ եւ պաշտոնյաներ, հյուրեր արտերկրից եւ սփյուռքից, պաշտոնատար այլ անձինք: