Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ռուստամյանը համարում է, որ ոչ թե Ռուբեն Հակոբյանն է շեղվել «Ժառանգության» գծից, այլ «Ժառանգությունը» (Տեսանյութ) 

Սեպտեմբեր 18,2015 13:36

«Ես չեմ հասկանում այն քաղաքական ուժերին, որոնք ժամանակին մի բան պահանջում են, հետո, երբ այդ պահանջը սկսվում է բավարարվել, ինքը հետ է քաշվում: Կամ ժամանակին չեն հասկացել, թե ինչ են պահանջում, կամ չեն մտածել, որ ենթադրել, որ մի օր կգա ու այն կիրականանա»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն` անդրադառնալով «Ժառանգություն» խմբակցության եւ կուսակցության գործունեությանը:

Արմեն Ռուստամյանը հիշեցնում է, որ այն ժամանակ, երբ քառյակի շրջանակներում խորհրդարանում քննարկումներ էին գնում եւ դրանց նաեւ Ռուբեն Հակոբյանն էր մասնակցում, իբրեւ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար, երեք հարց էր քննարկվել, փաստաթուղթը պատրաստ էր ստորագրության, Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ այն, ինչ ընթանում է խորհրդարանում, կապ չունի իր եւ «Ժառանգության» հետ: Նաեւ այս իմաստով, Արմեն Ռուստամյանը բնական եւ տրամաբանված է համարում Ռուբեն Հակոբյանի`«Ժառանգությունը» լքելու մասին որոշումը:

Արմեն Ռուստամյանը համարում է, որ ոչ թե Ռուբեն Հակոբյանն է շեղվել «Ժառանգության» գծից, այլ «Ժառանգությունը»: ՀՅԴ-ական պատգամավորը հիշեցնում է նաեւ թե ի՞նչ կերպ ձեւավորվեց ու փլուզվեց «Ժառանգություն» խմբակցությունը ու ասում է, որ այդ ամենից հետո իր համար անհասկանալի է, թե ո՞վ, ինչի՞ց է շեղվել:

Արմեն Ռուստամյանն ասում է, որ ՀՅԴ-ն պատրաստ է ետ ընդունել Ռուբեն Հակոբյանին. «Կարգ կա, դրան քաջածանոթ է նաեւ Ռուբեն Հակոբյանը, որովհետեւ ինքը եղել է ոչ միայն մեր կուսակցության պարզ անդամներից, այլ ղեկավար կազմի մեջ է եղել եւ լավ տիրապետում է բոլոր միջոցներին ու հնարավորություններին»: ՀՅԴ-ն նրան ետ ընդունելու հարցը կքննարկի, երբ Ռուբեն Հակոբյանը համապատասխան-պատշաճ ձեւով դիմի իրեն վերականգնելու հարցով: Հիմնական պահանջն է՝ ՀՅԴ-ից դուրս գալուց հետո կուսակցության դեմ չգործելը: Ռուբեն Հակոբյանն այդ չափանիշը պահել է:

Ավելին, Արմեն Ռուստամյանը գտնում է, որ Ռուբեն Հակոբյանի բոլոր քայլերն ու գործողությունները բխում են ՀՅԴ-ի ակունքներից. «Դա շատ նորմալ է, մարդը երկար տարիներ եղել է ՀՅԴ-ական մեծ ընտանիքի անդամ: Չի կարելի, որ մարդն ինքն իր կենսագրությունից հրաժարվի. մարդը երկար տարիներ ջատագովն է եղել խորհրդարանական համակարգի: Երբ ՀՅԴ-ից ոչ ոք չկար, միայն Ռուբիկ Հակոբյանն էր ներկայացված խորհրդարանում, նա մեծ դեր, լումա ունի հենց այդ տարիներին ՀՅԴ-ի տեսակետները, այլընտրանքային ծրագրերը ներկայացնելու համար»:

Արմեն Ռուստամյանը խորը ցավ է զգում, երբ տեսնում է, որ Ռուբեն Հակոբյանը «Ժառանգությունում» իրեն իր ափսեում չի զգում:

Արմեն Ռուստամյանը տեղյակ չէ, թե ե՞րբ Ռուբեն Հակոբյանը նման որոշում կկայացնի: Բայց հիշեցնում է նման նախադեպի մասին`Ռոլանդ Շառոյանի մասով:

Aravot.am-ի հարցին`տարիներ առաջ, երբ Ռուբեն Հակոբյանը ՀՅԴ-ից դուրս եկավ, խոսակցություններ կային, որ նա նեղացած է կուսակցական ընկերներից`կուսակցական վերնախավում իրեն տեղ չտալու, իր դերակատարումը նվազեցնելու համար. այդ նեղացածություններն անցե՞լ են, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Այդպիսի բաներ չկային, դրանք ասեկոսեներ էին: ՀՅԴ-ից Ռուբեն Հակոբյանը չի հեռացել ինչ-որ դավաճանական արարք կատարելով ՀՅԴ-ական գաղափարախոսության դեմ: Ունեցել է խնդիրներ, ինչպես  կուսակցության մեջ ժամանակին շատ մեծամեծերն են ունեցել: Մեր կանոնադրության մեջ տեղավորվելը բարդ է, շատ խիստ է: Նժդեհի նման մարդն է ժամանակին խնդիր ունեցել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930