Լրահոս
Օրվա լրահոսը

Բաբուխանյանը բացահայտում է Քոչարյանի ու Տեր-Պետրոսյանի գաղտնի պլանը՝ վերադառնալու մեծ քաղաքականություն

Սեպտեմբեր 18,2015 13:28

Լաբիրինթոսից ելքեր կան, տեսնել է պետք, իսկ տեսնելու համար միշտ պետք է առաջ նայել»,- ԱԺ-ում այսպես Հերմինե Նաղդալյանը լավատեսության կոչ արեց ընդդիմադիրներին՝ ասելով, որ նրանք մնում են միտինգային հռետորների դերում, իսկ դա մարտավարական սխալ է. «Ժամանակը առաջ է գնում,ի՞նչ եք ասում, որ իշխանությունը վա՞տն է, որ ուզում է վերարտադրվե՞լ: Իսկ ի՞նչ եք անում դուք՝ ամեն անգամ բյուջեի նախագծին դեմ քվեարկելով կամ այլ հիմնարար օրենքներ: Դրանով սպառվո՞ւմ է ձեր ընդդիմադիր առաքելությունը, որեւէ այլ գործ դուք ունե՞ք: Ես աղոտ հույսեր ունեի, որ Սահմանադրության այս քննարկումը ընդդիմադիր գործընկերներին կղեր բովանդակային առաջարկներ անել թեկուզ իրենց գործունեության համար ապահովելու ավելի մեծ հնարավորություններ»:

Ըստ Հերմինե Նաղդալյանի, ոչ են ասում՝ առանց որեւէ պատճառաբանության, իսկ իշխանությունը քայլ է անում՝ դեպի հանրային կյանքի բարելավում. «Ձեր ուզած փոփոխությունը միակն է, որ դուք իշխանություն լինեք: Իսկ ի՞նչ է փոխվելու դրանից ՀՀ քաղաքացու կյանքում, դա ասեք, ոչ թե անվերջ կրկնեք, թե Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն ուզում են վերարտադրվել: ՀՀԿ-ն ոչ թե վերարտադրվում է, այլ շարունակում է իր գործը: Սերժ Սարգսյանի քաղաքական ճակատագիրը Սահմանադրական փոփոխությունների հետ կապելը եւ դրանից կառչած մնալը ոչ թե մարգարեություն է, այլ ձեր թուլության եւ իրական ասելիք չունենալու հետեւանք: Պետք է չէ անվերջ բացասական լիցքեր տարածել այս ամբիոնից: Ամենահեշտը ոչ ասելով հեռանալն է, այո ասելն ու այո-ին տեր լինելը՝ ավելի դժվար»:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանն էլ հեգնեց ՀԱԿ-ին, որ 3 տարվա մեջ 18 կուսակցությունների դաշինքը մաշեցրեցին, մնացին 2-ը եւ իրենց անկարողությունը, «ամլությունը» ուզում են փաթաթել այլ քաղաքական կատեգորիաների մեջ. «Մեր ՀՀՇ-ական գործընկերներին թվում է, որ եթե նրանք իրենց անունը փոխեցին ՀԱԿ-ի, ապա ժողովուրդը մոռացել է, թե ում հետ գործ ունի, եւ այստեղ շռայլ մեղադրանքներ շաղ տալով՝ փորձում են ցույց տալ, թե իբր 95-ի Սահմանադրությունն անցել է կոնսենսուսով: Մոռանում են, որ այդ ժամանակ կուսակցությունների մի մասի գործունեությունն արգելված էր, ընդդիմադիր գործիչները բանտերում էին, մի շարք առաջատար թերթեր արգելված ու փակված էին, ո՞ր մեկն ասեմ: Ժողովուրդը շատ լավ է հիշում Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ կեղծիքով անցկացրած եւ ժողովրդի վզին փաթաթած տարբերակը: Պետք չէ այստեղ հույս դնել, որ երիտասարդ սերունդը չգիտի դրա մասին: Այն ժամանակ վեցյակը պահանջեց Սահմանադրության այլընտրանքային տարբերակ: Ընդդիմությունը այդպիսին կլինի, ոչ թե միայն փնթփնթա ու բամբասի,: Բա ինչի՞չդրեցիք քվեարկության այդ այլընտրանքային տարբերակը»:

Ըստ նրա, ներկայիս Սահմանադրությունով չէ, որ մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում, այլ Խորհրդային միության Սահմանադրությամբ:

Նա հայտարարեց, որ «ոչ» ասող ընդդիմադիրները գաղտնի պլան ունեն, որը կբացահայտի: Խոսքը, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձի մասին էր՝ արեւմտյան ուժերի աջակցության միջոցով:

Նրա խոսքերով՝ «Ոչ ասողների խնդիրը նախագահական ընտրությունների բացակայությունն է: Ակնհայտ է, որ Արեւմուտքն ուզում է վերականգնել իր տոտալ վերահսկողությունը մեր տարածաշրջանի նկատմամբ: Ակնհայտ է, որ ՀՀ-ի ներգրավումը ԵՏՄ-ում խոչընդոտ է այն արեւմտյան ծրագրերին, որոնք նպատակ ունեն վերականգնել իրենց վերահսկողությունը: Եվ այստեղ է, որ գալիս է մայդանների, Լիբիայի տարբերակը կրկնելու անհրաժեշտությունը: Լիբիայի տարբերակը երազում էր Վարդան Օսկանյանը, Մայդանի տարբերակը՝ ՀՀՇ-ն: Նախագահական ընտրություններն ուզում են օգտագործել՝ երկրում իրավիճակն ապակայունացնելու եւ նորանոր բախումներ եւ մարտի 1-եր ստեղծելու: Սա վերջին շանսն է 2018-ի ընտրությունները Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի համար՝ վերադառնալու մեծ քաղաքականություն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930