Այս պահին լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում: Փոքր Վեդի գյուղի մշակույթի տան բակում են հավաքվել մեծ թվով գյուղացիներ, հիմնականում՝ Փոքր Վեդի, Լուսառատ, Տափերական, Այգեզարդ, Այգեպատ, Վերին Արտաշատ, Քաղցրաշեն գյուղերից, ովքեր արդարացիորեն պահանջում են, որպեսզի կառավարությունը՝ հանձինս գյուղնախարարության, կատարեն իրենց խոստումը:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Գարնանը գյուղնախարարը բոլորիս խոստանում էր, որ աճեցված խաղողը գետնին չի մնա, կանոնավոր կսպառվի և գյուղացին նախորդ տարիների նման դժգոհ չի լինի, մինչդեռ հայտնի ֆիլմի նման՝ «դիփունքը խափում ին»»: Այսօր առավոտվանից նված գյուղերի բնակիչները փակել էին Երևան-Մեղրի ավտոճանապարհի Խոր Վիրապի հատվածը և երթևեկությունը կաթվածահար էր եղել:
Ժամանել էին ոստիկանության Արարատի բաժնի մեծ թվով ծառայողներ՝ բաժնի պետ Սևակ Քոչարյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ծառայողները:
Գյուղացիները ճանապարհը չէին բացում, պահանջում էին արդարացի լուծում: Ժամեր անց ժամանեց գյուղնախարար Սերգո Կարապետյանը, ով գյուղացիներին հրավիրեց մշակույթի տանը հանդիպելու: Ժողովուրդը ոտքով մշակույթի տուն հասնելուց հետո պահանջեց, որպեսզի նախարարն իջնի ներքև, այլ ոչ թե կաբինետում հարց քննարկի: Սկզբից նախարարը հրաժարվում էր դրսում հանդիպել ժողովրդի հետ և միայն Արարատի ոստիկանապետ Ս. Քոչարյանի հորդորից հետո նախարարն իջավ ներքև, իսկ եթե նա չիջներ, ժողովուրդը պատրաստվում էր կրկին փակել ճանապարհը:
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com -ի կայքում