«Այս պահին ես որեւէ մեկնաբանություն չունեմ»,- այսօր խորհրդարանում`Ռուբեն Հակոբյանի`«Ժառանգությունից» դուրս գալու մասին հարցերին այսպես պատասխանեց «Ժառանգություն» խմբակցությունում «Ժառանգություն» կուսակցության միակ անդամ Զարուհի Փոստանջյանը:
Ինքը`Ռուբեն Հակոբյանը խորհրդարան չի եկել:
Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանություններից հրաժարվեց նաեւ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Հետաքրքրվեցինք`Րաֆֆի Հովհաննիսյանն ի՞նչ վերաբերմունք ունի: Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ Րաֆֆի Հովհաննիսյանին չի տեսել:
Կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանն այդ առիթով ֆեյսբուքյան էջում հետեւյալ գրառումն է կատարել. «Ռուբեն Հակոբյանի հրաժարականի և «Ժառանգությունից» հեռանալու մասին
Կարդացեք նաև
Հարգելի ընկերներ, սիրելի լրագրողներ,
Մամուլից ենք տեղեկացել պարոն Հակոբյանի որոշման և դրա ձևակերպման մասին։ Ցավում ենք, բայց նաև հարգանքով ենք վերաբերվում։ Առայժմ այլ բան չունենք ասելու ․․․
Շնորհակալություն ենք հայտնում համատեղ աշխատանքի համար և մաղթում հաջողություններ․․․
«Ժառանգություն» խմբակցությունն այսուհետ կներկայացնի Զարուհի Փոստանջյանը»:
Հիշեցնենք, խոսակցություններ են շրջանառվում, որ Ռուբեն Հակոբյանը պատրաստվում է վերադառնալ ՀՅԴ եւ 2018 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցել ՀՀԴ-ի ցուցակով: Թեեւ, թե Ռուբեն Հակոբյանը, թե ՀՅԴ-ից հերքում են նման հնարավորությունը:
Ի դեպ՝ դեռ երեկ էր Ռուբեն Հակոբյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել, որ նախագահի հետ հանդիպումներում ոչ մի դատապարտելի բան չի տեսնում. «Դու պետք է ասես՝ ինչու ես կողմ, ինչու ես դեմ: Եվ կներեք՝ դաշտի լյումպենացման պրոցես է գնում: Շատ վտանգավոր է այսօր այդ դաշտը բաժանել սևի և սպիտակի: Դա քաղաքական դալտոնիզմ է»:
Ու նաեւ ասել էր, որ իր դիրքորոշումը «Ժառանգության» հետ կապ չունի. «Անձնապես ես «ոչ»-ի ճակատում չեմ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ