Սեպտեմբերի 17-ին ՀՀ սփյուռքի նախարարության և «Մուսալեռ» հայրենակցական միության նախաձեռնությամբ Երևանի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակին նվիրված հանդիսավոր երեկո, որին ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակի կենտրոնական մարմնի նախագահ Եսայի Հավաթյանը (Այնճար), «Մուսալեռ» հայրենակցական միության անդամներ, պաշտոնական այլ անձինք, հյուրեր:
Շնորհավորելով մուսալեռցիներին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնավորապես նշեց. «Ցավի, ողբի և վշտի 100 տարիների զգացողությունը այսօր փոխարինվեց մուսալեռցիների փայլուն հաղթանակի ապրումներով, որի ոգին այստեղ է` այս դահլիճում: Շնորհավորում եմ բոլորիս: Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Մուսալեռ» հայրենակցական միությանը: Հայ ժողովուրդը Մուսա լեռան մեր հայրենակիցների գենն է իր մեջ կրում: Մենք հիշում ենք, խոնարհվում մեր հերոսների առջև և պահանջում հայերի կորցրած իրավունքների վերականգնումը: Մենք մեր վերջնական երազանքին, անկախ ամեն ինչից, հասնելու ենք»:
Միջոցառման մասնակիցներին ողջունեցին և հոբելյանի առթիվ շնորհավորեց նաև «Մուսալեռ» հայրենակցական միության Հայաստանի մասնաճյուղի նախագահ Պերճ Ղազարյանը:
«Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի ատենապետ Արթուր Հաբեշյանն իր ելույթում նշեց. «100 տարի առաջ մեր պապերը կռվում էին, իսկ այսօր մենք` այդ հերոսական սերնդի ժառանգներ, հավաքվել ենք` ցույց տալու, որ յուրաքանչյուրս կրում է մեր պապերի ժառանգած կրակը: Մուսալեռցու դռները և սիրտը բաց են բարեկամի և անողոք՝ թշնամու առջև: Յուրաքանչյուրիս պարտքն է վառ պահել մուսալեռցու անունը և համբավը»:
Միջոցառման ավարտին «Մուսալեռ» պատվո շքանշան հանձնվեց 4 մուսալեռցիների` տեր Մովսես քահանա Ղազարյանին, Կամո Տեր-Պետրոսյանին, Գաբրիել Փանոսյանին, Աբրահամ Բալաբանյանին: Մի շարք մուսալեռցիներ արժանացան նաև պատվոգրերի: ՀՀ սփյուռքի նախարարն էլ «Մուսալեռ» հայրենակցական միության կողմից արժանացավ հուշանվերների:
ՀՀ սփյուռքի նախարարը Ոսկե մեդալով պարգևատրեց ֆրանսահայ մտավորական, նախկին ռազմական ինժեներ Ժորժ Կևորկյանին, որի «Ֆրանսիական ռազմածովային նավատորմի օգնությունը հայերին 1909-1915թթ.» տարեգիրքը հրաշալի նվեր է աշխարհասփյուռ մուսալեռցիների համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ