Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԷՑ-ը վաճառում են նրա կեղտերը մաքրելու համար»

Սեպտեմբեր 18,2015 10:05

«Հայաստանի էլեկտրական ցանցերի» նոր գնորդ է հայտնվել. երեկ կառավարությունը
որոշում է ընդունել ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի օտարման վերաբերյալ:

«Ինտեր ՌԱՕ ԵԷՍ Հոլդինգ Բի.Վի.» ընկերությունը դիմել է Հայաստանի կառավարությանը եւ տեղեկացրել, որ մտադիր է իր սեփականությունը հանդիսացող ՀԷՑ-ի բաժնետոմսերի ամբողջ փաթեթն օտարել «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը:

Էներգետիկայի եւ բնական պաշարների, արդարադատության, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարներին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (ՀԾԿՀ) է տրվել ուսումնասիրել առքուվաճառք կատարող այդ ընկերությունների միջեւ կնքվող պայմանագիրը, ներկայացված փաստաթղթերը եւ տալ եզրակացություն:

Այս գործարքը տնտեսագետները համարում են ՀԷՑ-ի չարաշահումների հետքերը մաքրող մի բան, եւ այն, որ հանրությունը տեւական ժամանակ է՝ պահանջում է բացահայտել եւ պատժել բոլոր այն մեղավորներին, որոնք մասնակից են էներգետիկ համակարգում, հատկապես ՀԷՑ-ում կատարվող չարաշահումներին, իշխանությունը «ջրեց»: Ըստ էության, «ջրվեց» նաեւ հանրության՝ չեղարկել հոսանքի 6.93 դրամ որոշման պահանջը, քանի որ երեկ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը լրագրողներին վստահեցրել է, որ սակագնի վերանայում չի լինի:

Տնտեսագետ, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանն «Առավոտի» հետ զրույցում ՀԷՑ-ի վաճառքի մասին ասաց, որ կառավարության որոշումը բացահայտեց այս ընթացքում տեղի ունեցող ներկայացման իմաստը, որը սկսել էր հանրահավաքներով ու հայտարարություններով. «Մեկ ասաց՝ կասեցվում է թանկացումը, հետո ասաց՝ փոխհատուցում է, հետո ասաց՝ բիզնեսին չի վերաբերում, աուդիտ են հրավիրել եւ այլն, եւ այլն: Ի սկզբանե ծրագիր է եղել՝ ՀԷՑ-ը պիտի վաճառվի, նախօրոք հայտնի գնորդն էլ պարտքն իր վրա չէր կարող վերցնել, պայմաններ դրեց, որից մեկն էլ հոսանքի գնի բարձրացումն էր: Ու քանի որ չէր ուզում իր հետ կապվեր այդ թանկացումը, այլ սցենար աշխատեց՝ ՀԷՑ-ը թանկացման հայտ ներկայացրեց ամռանը: Իրականում վերջին հաշվով մենք ենք տուժում, որ ավելի թանկ հոսանք ենք գնում, չհիմնավորված»:

Խաչատրյանը կասկած հայտնեց՝ այդ ինչպե՞ս պատահեց, որ նախօրոք շահույթով աշխատող ընկերությունը վատ մենեջմենթի, թե միջոցների վատնումի արդյունքում սկսեց 3 տարի վնասով աշխատել. «Այդ վնասի պատճառները չեն հայտնաբերվել, հիմնավորումները, որ ներկայացվեցին, ընդամենն ինչ-որ պատճառաբանություններ էին, դա հաստատվեց նաեւ կառավարության՝ ՀԱԿ-ին տված պատասխանով: Այս խառնաշփոթը մնալու է, շարունակվելու է, առավել եւս, որ այսպիսի գործընթաց է տեղի ունենում, ու վերջին ակորդը աուդիտորին հրավիրելն էր եւ բյուջեից գումարներ վատնելը»:

Տնտեսագետը ասաց՝ զարմանալի է, որ չսպասեցին ՀԾԿՀ-ի հրավիրած խորհրդատվական ընկերության եզրակացությանը, ինչպես նաեւ, թե կառավարության կողմից աուդիտ մրցույթն ինչով կավարտվեր, ինչ եզրակացություն կլիներ. «Գոնե սպասեին այդ եզրակացություններին՝ հետո վաճառեին: Խորհրդատվական գործընթացն էլ շղարշ է՝ ՀԷՑ-ի գործարքը վերջնական արդարացնելու համար»:

Տնտեսագետ Արտակ Մանուկյանն ասաց, որ նախատեսվող աուդիտի տեխնիկական առաջադրանքը, որն այդպես էլ չհրապարակվեց, հիմա ՀԷՑ-ի վաճառքի գործարքի շրջանակում չի բացառվում, որ աուդիտի պահանջը փոխվի, այսինքն՝ դրանով պոտենցիալ գինը որոշվի. «Թիրախային փոփոխություն տեղի կունենա: Եթե հանրությունը պահանջում էր չարաշահումների հետ կապված ուսումնասիրություն, չի լինի, կլինի ՀԷՑ-ի ակտիվների ու շուկայական գնի վերաբերյալ աուդիտ»:

Արտակ Մանուկյանի կարծիքով՝ ՀԷՑ-ի հնարավոր չարաշահումների բացահայտումը չի լինի, քանի որ այդ ամենը թաքցնելու հետեւում Ռուսաստանի իշխանությունների ականջներ են երեւում: Որպես օրինակ՝ տնտեսագետը նշեց վերջին շրջանում ՀՀ իշխանավորների պարբերաբար հանդիպումներն ու հեռախոսազրույցները Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ. «Ակնհայտ է, որ այս թեման քննարկվել է, ակնհայտ է, որ Ռուսաստանի համար հավասարապես ընդունելի է եղել ինչպես ՀԷՑ-ը՝ որպես ուղղակի ռուսական կապիտալ, այնպես էլ այս նոր գնորդը: Այստեղ Ռուսաստանն օգուտներ ունի: Ես բազմիցս ասել եմ՝ ՀԷՑ-ը անվճարունակության եզրին է գտնվում ու վարկունակ չէ, դատական հայցեր կան նրա դեմ, հիմա, երբ նոր սեփականատեր է գալիս, հետքերը մաքրվում են: Ըստ էության, նոր գնորդն էլ էժան վարկ ստանալու հնարավորություն է ունենում, քանի որ նա չունի վատ պատմություն, վատ համբավ:

Ամենակարեւորն այն է՝ եթե ՀԷՑ-ում կար որեւէ բան, որը պատշաճ աուդիտի կամ ուսումնասիրության դեպքում կարելի էր բացահայտել, հիմա նոր սեփականատիրոջ ի հայտ գալով՝ այս մասը ի չիք է դառնում, ջրվում է, այսինքն՝ որեւէ մեկին պատժել չարաշահումների համար բացառվում է, որովհետեւ ՀԷՑ-ը խաղից դուրս է գալիս»:

«Առավոտի» 08.7.2015-ի՝ «ՀՀ օրենքով՝ ՀԷՑ-ը մոտ է լուծարման» հոդվածում Մանուկյանն ասել էր՝ 2014 թվականի դեկտեմբերի 31-ի ՀԷՑ-ում վերջին աուդիտի տվյալներով՝ ընկերության սեփական կապիտալը 2,9 միլիարդ դրամ է, որի մեջ են ներառված նաեւ «Նաիրիտի» եւ «Վանաձոր Քիմպրոմի» 2.5 միլիարդ դրամ պարտքերը, որոնք անհուսալի են, եւ փաստորեն ՀԷՑ-ը 2014-ին բացասական սեփական կապիտալ է ունեցել: Ըստ օրենքի՝ եթե մինչեւ տարեվերջ ՀԷՑ-ի վիճակը չլավանա, ապա կամ ինքնակամ պիտի գնա լուծարման, կամ լիազորված պետական մարմիններն իրավունք ունեն պահանջել ընկերության լուծարում` դատական կարգով:

Հիշեցնելով նշված իր խոսքերը՝ տնտեսագետը նկատեց. «ՀԷՑ-ը տեւական ժամանակ վնասով էր աշխատում, պիտի սնանկ ճանաչվեր, հիմա նոր ֆիրմա, գնորդ «խաղացնելով» արհեստականորեն, իմիտացիայով՝ այդ խնդիրն էլ լուծում են: Ես կարծում եմ՝ սա միջանկյալ գործարք է, հիմա ՀԷՑ-ը կվաճառվի, կգա «պուպուշ» ֆիրմա, «պուպուշ» ձեւով կաշխատի, հետո նորից կվաճառվի՝ արդեն ավելի թափանցիկորեն՝ նրան, ում պետք է վաճառվեր: Այս դեպքում անհրաժեշտ չի լինի նման աուդիտ՝ չարաշահումները պարզելու, որովհետեւ փաստաթղթերով այս ընկերությունը ՀԷՑ-ի կեղտերը մաքրած է լինելու»:

Ինչ վերաբերում է ՀԾԿՀ-ի հրավիրած խորհրդատվական ընկերությանը, ապա Մանուկյանն ասաց, որ դա ոչ թե խորհրդատվություն է, այլ իրավական գնահատական, այն պիտի հոսանքի՝ 6.93 դրամի թանկացման հիմնավորվածությունը պարզի, տրվելու են իրավական գնահատականներ, որով կանաչ լույս է վառվելու պոտենցիալ ներդրողի կողմից որոշում կայացնելու համար. «Ուսումնասիրելու է էներգետիկ ոլորտում ռիսկերն ու օրենսդրությունը, որը շատ կարեւոր է ներդրողի համար, եւ այդ եզրակացությունը կարող է փոխանցել անկախ աուդիտորին: Ստացվում է՝ այս մասով էլ մենք կվճարենք, քանի որ այդ խորհրդատվությունը մեր պետբյուջեից է վճարվելու՝ 230 հազար դոլար»:

Արդյոք մեր կառավարությունը որեւէ լծակ ունի՞ ազդելու վաճառքի գործարքի վրա, որպեսզի այն չկայանա, քանի որ ՀԷՑ-ի գնորդ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությունը օֆշորային գոտում է գրանցված, իսկ օֆշորային ընկերություններից հայերի «աչքը վախեցած է» «Նաիրիտ» գործարանի հայտնի մութ պատմության պատճառով:

Այս առնչությամբ Մանուկյանն ասաց, որ մեր կառավարությունը ՀԷՑ-ի սեփականատեր չի հանդիսանում, հետեւաբար չենք կարող մերժել գնորդին, եթե այն լիցենզիա ունի էներգետիկ ոլորտում աշխատելու:

Ինչ վերաբերում է այս ընկերության օֆշորային ծագմանը, ապա տնտեսագետը հիշեցրեց, որ «ԻՆՏԵՌ ՌԱՕ ԵԷՍ»-ն էլ է օֆշորում գրանցված, եւ էներգետիկ, կապի ու նման ոլորտներում աշխատող շատ ընկերություններ կան օֆշորում գրանցված:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930