Լրահոս
Օրվա լրահոսը

Պահպանողականի հայացքով

Սեպտեմբեր 18,2015 10:00

Սադամի, Քադաֆիի, Ասադի ռեժիմները բռնապետական էին: Իսկապես բռնապետական՝ առանց այլընտրանքային քաղաքական հոսանքների եւ լրատվամիջոցների, մարդկանց «անհետացումներով» եւ զանգվածային խոշտանգումներով: Բայց այդ ռեժիմների տապալումից հետո ի՞նչ է տեղի ունենում այդ երկրներում. մի՞թե անիշխանությունն ու քաոսը երջանկացրեցին բնակիչներին, մի՞թե հիմա այնտեղ մի քանի տասնյակ անգամ ավելի շատ մարդ չի զոհվում, քան բռնապետության ժամանակ: Դրանից, իհարկե, պետք չէ եզրակացություն անել, որ բռնապետությունը լավ եւ հանդուրժելի բան է, պարզապես, եթե հետեւենք, թե ինչպես, ինչ եղանակով են այդ ռեժիմները տապալվել, մարդկային ինչ սարսափելի տառապանքների է դա բերել, մտածում ես՝ գուցե ավելի լավ է՝ բռնապետություն մնար:

Հայաստանում (Վրաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում, ինչպես նաեւ, օրինակ, Վենեսուելայում, Բոլիվիայում եւ տասնյակ այլ երկրներում) ռեժիմը բռնապետական չէ, բայց, իհարկե, նաեւ ժողովրդավարական չէ: Եղել են եւ շարունակվում են փորձերը՝ կտրուկ փոփոխություններ իրականացնել այս կամ այն «ակցիայի» միջոցով՝ սկսած 88-ին մարդկանց «Զվարթնոց» օդանավակայան ուղարկելուց (որի պատճառով մի երիտասարդ մահացավ), ԳԽ նախագահ Հրանտ Ոսկանյանի գլուխը ջարդելուց, շարունակած 96-ին ԱԺՄ-ականների՝ Ազգային ժողով ներխուժելով եւ վերջացրած օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելով: Գիտեմ, որ ամեն մեկն ունի իր արդարացումը, իրադարձությունների իր մեկնաբանությունը եւ այլն: Բայց իմ ընկալմամբ՝ որքան էլ համակրելի լինեն հեղափոխականները, որքան էլ նրանք «արդար» լինեն իրենց պայքարում, ցանկացած նման ակցիա իրականում մեզ առաջ չի տանում:

Հենց այդ պատճառով էլ ես դեմ եմ այսօր Սահմանադրությունը փոխելուն՝ անկախ դրա մոտիվացիայից, ինչի վրա կենտրոնացել են հայաստանյան ընդդիմադիրները: Պարզ է, որ նրանք պետք է առաջնորդվեն քաղաքական պայքարի մարտավարությամբ (ուրիշ հարց, թե որքանով է այն ճիշտ). ես առաջնորդվում եմ իմ պահպանողական հայացքներով: Այս տեսակի նոր Սահմանադրության ընդունումը չափից դուրս ռադիկալ, կտրուկ փոփոխություններ է ենթադրում, այդ փաստաթղթով գործի են դրվելու կառավարման բոլորովին նոր մեխանիզմներ, որոնք մեր երկրում փորձարկված չեն, վստահ չեմ նաեւ, որ քաղաքական համակարգը, հասարակությունն այդ փոփոխություններին պատրաստ է: Այս պայմաններում գերադասելի է ռիսկի չդիմել:

Ընդդիմադիրներն ասում են՝ «ժողովուրդը կընդվզի» եւ այլն: Նրանք միամիտ են. «ժողովուրդը» շատ կուրախանա՝ ընտրակաշառք վերցնելու «արտահերթ» առիթ է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Իրավաբան says:

    Ժողովրդի մասին /անկախ չակերտներից/ Ձեր կարծիքը, հիրավի, գնահատելի է:
    Իսկական եվրոպական ու պահպանողական մոտեցում:
    Ձեր ընթերցողները, հուսով եմ նույնպես կգնահատեն Ձեր դեմոկրատական արժեքները

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930