Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը սեպտեմբերի 24-ին կայանալիք «Քելե լաո, քելե էրթանք մըր էրգիր» խորագրով համերգին Կոմիտաս եւ ընդհանրապես մի շարք հայերեն երգեր կկատարի գերմանաբնակ թուրք երգչուհի Լեման Շտեհնը: Այս մասին «Առավոտին» տեղեկացրեց Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Սեդրակ Երկանյանը:
Մաեստրոն հայտնեց, որ համերգին ընդառաջ՝ իրենց գործընկերներից մեկից իմացել է, որ կա այդպիսի թուրք երգչուհի, որը հայերեն է երգում եւ առաջիկայում Երեւան է այցելելու: «Ինձ ասացին՝ արդյոք հնարավո՞ր է համատեղ ելույթի հնարավորությունը: Հետաքրքիր էր, որ լինելով ազգությամբ թուրք՝ նա ոչ միայն երգում է հայկական ժողովրդական երգեր, այլեւ իր նպաստն է բերում Հայոց ցեղասպանության ճանաչման գործին: Youtube այցելելով եւ լսելով նրա մի շարք կատարումները՝ հասկացա, որ բավականին կիրթ եւ մակարդակով երգչուհի է, նաեւ այն համերգները նայեցի, որտեղ ինքը գերմաներեն խոսում էր Հայոց ցեղասպանության ճանաչման մասին: Այս երկու հանգամանքը գրավեց, բնականաբար՝ կապվեցինք իր հետ, եւ Լեման Շտեհնը համաձայնեց մի շաբաթ շուտ գալ, եւ ահա մեր համերգին ելույթ է ունենալու»:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
17.09..2015