Ըստ Վարդան Այվազյանի՝ ինքն արդար է եւ անմեղ, իրեն զրպարտում են
ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը օրերս հրավիրած ասուլիսում խիստ բորբոքվել էր, որ ԶԼՄ-ներում իրեն քննադատում են մի բանի համար, երբ ինքը անմեղ է, ավելին՝ զոհ է: Խոսքը վրացական Տաբածղուրի լճից ձուկ բռնելու արգելքի հետ կապված բարձրացած աղմուկի մասին է:
Հիշեցնենք, որ Տաբածղուրի գյուղի բնակիչները դատի են տվել ՀՀ բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանին եւ պահանջում են անվավեր ճանաչել նրա կազմակերպությանը Վրաստանի բնապահպանության նախարարության տված լիցենզիան, որով Տաբածղուրի լճից ձուկ բռնելու նրանց իրավունքը սահմանափակվում է: Ըստ Վարդան Այվազյանի՝ իրեն զրպարտում են, ինքը միայն լավություն է արել Տաբածղուրի գյուղին եւ նման արգելք չի դրել: Պարոն Այվազյանը խոստացավ բոլորի ներկայությամբ ուտել այն թուղթը, որը կվկայի այն մասին, որ ինքը արգելել է ձուկ որսալ որեւէ բնակչի:
«Առավոտի» հետ զրույցում պարոն Այվազյանը «դավաճան հայվան» անվանեց բոլոր նրանց, ովքեր իրեն այդպես զրպարտում են եւ ԶԼՄ-ներում պատվերով նյութեր տարածում: Մեր հարցին՝ եթե անմեղ եք, ինչո՞ւ դատական ճանապարհով չեք լուծում այդ հարցը, նա պատասխանեց. «Գրում են, թե մի քյավառցի մտավորական է ասել, ես ո՞ւմ գնամ դատի տամ: Ասում են՝ Այվազյան Վարդանը չի թույլ տալիս լճից ձուկ որսալ: Զրպարտությո՛ւն է: Նախ՝ դա Այվազյան Վարդանի կազմակերպությունը չի: Ես էլ ասում եմ՝ ցույց տվեք մի թուղթ, մի նամակ, մի դիմում, որ ես չեմ թույլատրել ձուկ բռնել: Գրում են, որ ես «Բաքու-Ջեյհանը» պիտի պայթեցնեմ՝ եսիմ ինչից փոխհատուցում ստանամ: Դավաճան հայվաննե՛ր»:
Պատգամավորը սկսեց իրեն գովել, որ քանի անգամ են իրեն դատի տվել, բայց բոլոր գործերն ինքը շահել է: Մեր դիտարկմանը, որ բոլոր հարցերից «չոր» եք դուրս գալիս՝ նա արձագանքեց. «Չոր ա, թացացրեք: Հայաստանում դատում էին, Ամերիկայում դատում էին, հիմա էլ՝ Վրաստանում»:
Կարդացեք նաև
Ժողովրդական խոսք կա՝ առանց կրակ ծուխ չի լինի: Մեր դիտարկմանը՝ ուրեմն մի բան կա, որ ամեն տեղ Ձեզ դատում են, Վարդան Այվազյանը պատասխանեց. «Կրակ անողն էլ, ծուխ հանողն էլ լրատվամիջոցներն են: Ուզում ես բերեմ վրացական թերթը, որտեղ գրված է, որ Այվազյան Վարդանն ասում է՝ գնացեք, ձուկ բռնեք, 50 տոկոսը ձեզ, 50 տոկոսը տարեք դասատուներին տվեք, ճանապարհները սարքեք: Ես 5 դատ եմ կրել Ամերիկայում՝ ստեղ նստած, երկու դատ էլ Վրաստանում եմ կրել՝ էլի ստեղ նստած: Չգիտես ինչի, Ամերիկայի դատարաններն էլ են ինձ պաշտպանում, Վրաստանի դատարաններն էլ, մենակ ստեղ ինձ չեն պաշտպանում»:
Մեր հարցին՝ լծակ չունե՞ք ԱՄՆ-ի, Վրաստանի դատարանների որոշման վրա ազդելու, նա պատասխանեց. «Իմ արդար լինելը դա լծակ չի, հա՞: Ես արդար եմ, որ հիմա ստեղ նստած եմ: Ես ընդհանրապես մտածելու բան չունեմ: «Բաքու-Ջեյհան» շինարարության համար գյուղից ձերբակալեցին 14 հոգու, ես այդ մարդկանց դատից էի ազատում՝ 7 տարի նստելու, 9 տարի նստելու փոխարեն: Այդ մարդիկ չգիտեին՝ ինչ բան է գյուղը: Ես եկեղեցի վերականգնեցի այնտեղ, բացումն արեցի ու ասեցի՝ ձեզ լինի»:
Վարդան Այվազյանը վստահեցրեց, որ որոշ մարդիկ ուզում են ստիպողաբար իր հետ փայ մտնել՝ 40 տոկոս մասնաբաժին են ուզում, չի տվել, դրա համար էլ ԶԼՄ-ներով իրեն քննադատում են. «Մարդիկ ինձ գալիս ասում են, որ խնդրում ենք՝ ինձ տվեք 40 տոկոսը փայի, որ ձեզնից վազն անցնենք: Էնի էնտեղ հոդվածը գրում ա, ստեղ լայք ա տալիս, ծախու շո՛ւն»:
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
17.09..2015