Լրահոս
Օրվա լրահոսը

«Էս սարն իմն է, էս ծառն իմն է…»

Սեպտեմբեր 18,2015 17:30

«Գնամ Գյազբելիս զմրուխտով հարբեմ,
Ելնեմ երկինքոտ ժայռերը նրա
Եվ ներշնչանքիս խորհուրդով չափեմ
Արծվի ճախրանքը վիհերի վրա։

Գնամ շուրթերը համբուրեմ՝ նրա
Ծաղիկների մեջ ծվարած ձյունի,
Փռվեմ Գյազբելիս փեշերի վրա
Ու խղճամ նրան, ով Գյազբել չունի…»:

Երբ Համո Սահյանը երգում էր իր սիրելի Գյազբել սարը, նա չգիտեր, որ օրերից մի օր այն դառնալու է անհաս երազ: Ոգեշնչված Սահյանի բանաստեղծություններով՝ ճանաչված գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը օրերս որոշեց բարձրանալ ներկայումս Արամազդ վերանվանված լեռը, որ գտնվում է Տաթեւ եւ Սվարանց գյուղերի միջեւ, եւ իր կտավներում հավերժացնել այն: Սակայն… Սվարանցի կողմից դեպի լեռ տանող ճանապարհը քարուքանդ էր, իսկ Տաթեւի կողմից լեռ բարձրացող ճանապարհի վրա արգելափակոց էր դրված:

Մոտակայքում գտնվող գյուղացիները նկարչին տեղեկացրել են, որ արգելափակոցի բանալին գտնվում է Տաթեւի գյուղապետի մոտ: Գյուղապետ Մուրադ Սիմոնյանը հեռախոսազրույցի ժամանակ Նիկոլ Աղաբաբյանին բացատրել է, որ արգելափակոցը դրվել է ավագանու որոշմամբ, որպեսզի որսագողերը չբարձրանան «Զանգեզուր» պետական արգելավայրի մաս կազմող լեռը, սակայն լեռ բարձրանալու ցանկություն ունեցող եւ որս անելու մտադրություն չունեցողները կարող են իրենից վերցնել բանալին: Ավելի ճիշտ՝ ոչ թե իրենից, այլ իր որդուց:

sar-1

Նկարիչը համաձայնվել է, գնացել է գյուղապետի տուն, որպեսզի վերցնի բանալին, սակայն գյուղապետի տղան տանը չի եղել, հեռախոսով ասել է, որ հիմա շատ զբաղված է, կես ժամից կգա: Ի դեպ, գյուղապետի տղան ոչ ավագանու անդամ է, ոչ էլ որեւէ այլ պաշտոն ունի Տաթեւ համայնքում, եւ հասկանալի չէ, թե ի՞նչ հիմունքներով է Արամազդի պահպանությունը դրվել նրա վրա:

Անշուշտ, որսագողերից եւ ապօրինի ծառահատումներից պետք է պաշտպանվել, բնապահպանության նախարարությունն էլ հատուկ զգուշացնող ցուցանակներ է տեղադրել դեպի լեռը տանող ճանապարհին, սակայն մյուս կողմից էլ՝ մի՞թե լեռ բարձրանալու համար պիտի հատուկ թույլտվություն ստանալ, «ծանոթ» մեջ գցել: Եվ ինչպե՞ս վստահ լինել, որ հենց «ծանոթը» որսագող չի:

Երբ ասում են, որ Հայաստանում եթե ոչ կարգերը, ապա գոնե բարքերը ֆեոդալական են, երբ գյուղապետն իրեն գյուղի տերն ու տիրակալն է զգում եւ կարող է մի ամբողջ լեռան բանալիները որդուն հանձնել, մարզպետը՝ մարզի, քաղաքապետը՝ քաղաքի, հենց նմա՛ն բաները ի նկատի ունեն:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930