Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանն ուղղակի պարաշյուտով չի իջնելու Բաղրամյան-26

Սեպտեմբեր 18,2015 17:00

Ստեփան Սաֆարյանը չի բացառում Լեւոն Տեր-Պետրոսյանի
եւ Ռոբերտ Քոչարյանի համագործակցությունը

– Սահմանադրական բարեփոխումներին դեմ կուսակցությունները, նախաձեռնությունները, անձինք հավաքվել են մեկ տեղ եւ «Ոչ»-ի ճակատ են ստեղծել: «Ազգային փրկության ծրագիր» ստորագրեցին ու հավակնում են սահմանադրական բարեփոխումների գործընթացը վերածել իշխանափոխության գործընթացի: Հետեւե՞լ եք «Ոչ»-ի ճակատի ձեւավորմանը` ովքե՞ր են կանգնել նույն հարթակում, ի՞նչ բանավեճեր են ընթանում, ինչպե՞ս են համաձայնության գալիս: Ի՞նչ տպավորություն եք ստացել այդ ամենից:

– Այս պահին մի բան հստակ է` «Ոչ»-ի ճակատը կազմող քաղաքական ուժերի դիրքորոշումները նույնական են, բայց դրանց տակ ընկած շահերը տարբեր են: Եվ թերեւս այն, ինչը որ մենք նկատեցինք բաց քննարկումների ընթացքում, դրա վկայությունն էին: Սկսած նրանից` իշխանափոխության հարց դրվո՞ւմ է, թե՞ ոչ, Սերժ Սարգսյանի հրաժարականի հարց դրվո՞ւմ է, թե՞ ոչ, վերջացրած այլ հարցերով, տեսանելի է, որ հետապնդած շահերը տարբեր են, դրանց գլխավերեւում ձեւավորված դիրքորոշումները նույնական են: Բայց դա բավական չի նման խոշոր խնդիր լուծելու համար եւ չափազանց խոցելի է դարձնում այդ միավորումը:

Ընդհանրապես՝ հայաստանյան ընդդիմադիր միավորների ողբերգությունն է եղել` չունենալ շահերի ընդհանրություն: Դիրքորոշումը դեռեւս ամբողջության նույնացում չի նշանակում, եւ, հետեւաբար, բավական է, որ իշխանությունը որեւէ տեխնոլոգիայով ներազդի այդ շահերի հակասության վրա` ճեղքվածք կառաջանա նաեւ դիրքորոշումների դաշտում: Հետեւաբար այս կտրվածքով պիտի արձանագրել, որ դեռեւս շատ փխրուն է այդ ճակատը, ինչքան էլ որոշակի կոնսոլիդացիա կա:

– Ոչ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ոչ Ստեփան Դեմիրճյանը, ոչ Րաֆֆի Հովհաննիսյանը, անգամ Պարույր Հայրիկյանը ներկա չէին «Ոչ»-ի ճակատի ձեւավորման համաժողովին, թեեւ նրանց ղեկավարած կուսակցություններն այդ ճակատում են: Սա արդյոք փաստո՞ւմ է, որ գործընթացը վարողներն իրենք այդչափ լուրջ չեն վերաբերվում դրան կամ ակնկալիքների առումով երաշխիքներ չունեն:

– Դա երկու բացատրություն ունի` անձնական խնդիրները մի կողմից՝ իրենց զգացնել են տալիս, «աբիդաներ», որոնք ունեն անցյալից: Կամ` վստահության պակաս, որ ինչ-որ մի բան, այնուամենայնիվ, հաջող կստացվի: Քաղաքական գործիչները, բնականաբար, միշտ մտածում են ինչպես գործընթացի մեջ մտնելու, այնպես էլ դրանից դուրս գալու մասին: Ես կարծում եմ, որ առայժմ իրենք էլ լիահույս չեն, թերահավատ են վերջնական հաջողության հարցում, կոնսոլիդացիայի առումով եւ դրա համար առայժմ գերադասում են հարաբերվել երկրորդ մակարդակով: Սրան էլ գումարվում են նաեւ հիմնական խնդիրները:

– Ռոբերտ Քոչարյանի գործոնն այստեղ ի՞նչ դեր ունի: «Ոչ»-ի ճակատը գլխավորելու մասին շրջանառվող խոսակցությունները որքանո՞վ են տեղավորվում տրամաբանության շրջանակներում:

– Ինչքան էլ ոմանք հերքեն, տարանջատեն, Ռոբերտ Քոչարյանն ունի հարցազրույց, որտեղ խոսում է իր վերադարձի մասին: Եվ, հետեւաբար, այնպես չէ, որ Ռոբերտ Քոչարյանն ուղղակի պարաշյուտով իջնելու է Բաղրամյան-26: Ռոբերտ Քոչարյանն իր վերադարձի համար, հավանաբար, ունի հաշվարկներ կամ հույսեր` ինչ-որ միավորումների, ինչ-որ քաղաքական ուժերի վարքագծի հետ կապված: Ռոբերտ Քոչարյանը չափազանց ակտիվացավ անցած տարի` խորհրդարանական քառյակի շրջանակներում: Հետո անցավ խորը ընդհատակ: Ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը չորոշեց հարցազրույցներ տալ «Էլեկտրիկ Երեւան» քաղաքացիական շարժման ժամանակ, մի՞թե երկրի վիճակը կամ տնտեսական վիճակն ավելի լավ էր: Ոչ: Բայց նա գերադասում է իր քաղաքական եւ տնտեսական գնահատականները տալ հենց այն շրջանում, երբ ընդդիմադիր որոշ քաղաքական ուժեր ակտիվանում են: Այն շրջանում, երբ, ըստ էության, արդեն հայտարարվեց «Ոչ»-ի ճակատի ձեւավորման մասին, դրան զուգորդվում են Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը եւ հրապարակային հայտարարությունը, որ որոշ հանգամանքների դեպքում ինքը կվերադառնա:

– Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի ֆոնին գլխավոր գործոն է դառնում ՀԱԿ-ը` «մարտի 1»-ի չլուծված հարցերով ինչպե՞ս են նույն հարթակում կանգնելու:

– Ինչպես որ նախկինում նրանք երբեք նույն հարթակում չեն կանգնել, բայց շատ զուգահեռ գործել են, նույն կերպ հիմա կվարվեն: Նույն հարթակում կանգնելու խնդիր չի լինի, բայց նույն թիրախին հարվածելու հարցում նրանք ազատ կլինեն: Ի վերջո՝ Տեր-Պետրոսյանն ինքն էր ասում` եթե Ռոբերտ Քոչարյանը ինքն էլ պայքարի այս ռեժիմի դեմ, առանձին ճակատով, ապա ինքը շնորհակալ կլինի: Այսինքն՝ բարձրաձայն հայտարարվել է, որ կարեւորն ընդհանուր թիրախն է: Հետեւաբար կարեւորը միասին լինելը չէ, այլ միասին ընդհանուր թիրախին խփելը, ուստի այս խնդիրը կարծես տեխնոլոգիական լուծում ունի ու բնավ պարտադիր չի դարձնում մեկ հարթակի վրա բոլորի կանգնելը:

– Մարտի 1-ի էջը, փաստորեն, փակվա՞ծ է:

– Նայած ով ինչ է հասկանում «մարտի 1»-ի էջի բաց կամ փակ լինելու տակ: «Մարտի 1»-ի էջը երբեք փակ չի լինելու, քանի դեռ պատասխանատվության չեն կանչվել տասը մարդ սպանած, դրա հրամանը տված հրամանատարները եւ ղեկավարությունը: Մենք, լավագույն դեպքում, կարող ենք խոսել «մարտի 1»-ը մոռանալու կամ չմոռանալու մասին: Իսկ թե ովքեր կմոռանան, ովքեր դա այլեւս օրախնդիր չեն համարի՝ ժամանակը ցույց կտա:

– ՀԱԿ-ի վարքագիծը կարծես հուշում է, որ մոռացության են տալիս:

– ՀԱԿ-ը երբեք չի հայտարարում, որ ինքը պայքարում է Ռոբերտ Քոչարյանին բերելու համար, ՀԱԿ-ը երբեք չի հաստատում, որ գործում է Ռոբերտ Քոչարյանի հետ սինխրոն, ՀԱԿ-ը երբեք չի հայտարարում, որ Ռոբերտ Քոչարյանի հետ կկանգնի նույն հարթակին: Հետեւաբար մնացած առումներով կարծես թե բոլորն ազատ են՝ մոռանալու կամ հիշելու «մարտի 1»-ը եւ դրա ողբերգությունը:

Նաեւ մի ուրիշ պահ կա` ի վերջո, Տեր-Պետրոսյանն ինքը լինելով ներկայիս Սահմանադրության կնքահայրը՝ այս պայքարը նրա համար վերջին ճակատամարտի նման մի բան է՝ անկախ իշխանության գալ-չգալու հեռանկարից: Ես չեմ կարծում, որ Տեր-Պետրոսյանը կարծում է, թե ինքը երկրորդ շանսը կստանա: Հայաստանյան ոչ մի ընդդիմադիր գործիչ երկրորդ շանս չի ստացել հասարակության կողմից՝ որպես ընդդիմության առաջնորդ: Ես չեմ կարծում, որ Տեր-Պետրոսյանը հավատում է, որ իրեն երկրորդ շանս կտրվի: Բայց ինքը մի բան հասկանում է` ըստ էության, փոխվում է այն, ինչը ստեղծել է ինքը: Այս կտրվածքով «մարտի 1» կամ մի ուրիշ բան կարծես թե իր համար ավելի քիչ կարեւոր խնդիր են դառնում, քան իր ստեղծածը պահելը: Ուստի, իմ կարծիքով, նա չի խորշի որեւէ մեկի հետ համագործակցել ու թույլ չտալ փոխել Սահմանադրությունը:

– «Ոչ»-ի շարժման այս գործող անձանցով հնարավո՞ր է Ռոբերտ Քոչարյանի ամբիցիաները բավարարել:

– Ինձ թվում է՝ Քոչարյանի ամբիցիաները բավարարելը շատ ավելի հեշտ կլինի որեւէ խմբի համար, քան լիդերության ինստիտուտին ներկայացվող պահանջները բավարարելը: Սա մի հարց է, որտեղ կաղացել են բոլոր ղեկավարները եւ քաղաքական գործիչները:
Այս պահին ես չեմ տեսնում, որ նրանք բավարարում են լիդերության դասական չափանիշներին, պատրաստ են եւ կարող են առաջնորդել գործընթացը: Որքանո՞վ Ռոբերտ Քոչարյանը հույսը կդնի կամ իր պահանջները կառաջադրի մի մարմնի, որը դեռեւս ի վիճակի չէ տանել գործընթացը` արդեն մի քիչ բարդ է ասել:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930