Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Էյր Արմենիան» հակընդդեմ հայց է ներկայացրել HSBC բանկին

Սեպտեմբեր 18,2015 16:30

Բանկը պահանջում է ավիաընկերությանը սնանկ ճանաչել

HSBC բանկն «Էյր Արմենիա» ավիաընկերությանը դատի է տվել. պահանջում է ընկերությանը հարկադիր սնանկ ճանաչել, քանի որ ավիաընկերությունը չի կարողանում բանկից վերցրած գումարները վերադարձնել:

Ավիաընկերության սեփականատիրոջ՝ Արսեն Ավետիսյանի եւ հանրապետական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հետ հայտնի միջադեպից օրեր առաջ (երբ Հայրապետյանը ծեծի էր ենթարկել Ավետիսյանին) «Էյր Արմենիայի» 49% բաժնեմասի սեփականատեր «East Prospect Fund»-ը 68 միլիոն դոլարի արժեթղթերի ներդրում էր կատարել ընկերության բալանսում՝ հավաստիացնելով, որ ավիաընկերությունը այն կարող է տնօրինել ըստ անհրաժեշտության եւ նպատակի: Կարծես թե ընկերությունը փող ունի պարտքերը մարելու ու սնանկ չճանաչվելու համար, բայց կարծես թե նաեւ չունի փող:
Պարզ է, որ այս արժեթղթերը պարտքի դիմաց Ավետիսյանը չի կարող տալ, մնում է մի այնպիսի բանկ գտնել, որը կհամաձայնվի այդ արժեթղթերը որպես գրավ վերցնել ու դիմացը գումար տալ:

Արդյոք HSBC բանկին կհաջողվի՞ հաղթել ու սնանկության «դուռն ուղարկել» «Էյր Արմենիային», արդեն սնանկացման գործով կառավարիչ էլ կա: Ավիաընկերությունն, ըստ էության, չի պատրաստվում հանձնվել, Արսեն Ավետիսյանն «Առավոտի» հետ զրույցում վստահեցրեց, որ պայքարելու են՝ հակընդդեմ հայց են ներկայացրել:

Ավետիսյանի խոսքերով՝ HSBC-ին ավիաընկերությունը պարտք է 2 միլիոն 150 հազար եվրո, որի դիմաց իր առանձնատունն է գրավադրված եւ գրասենյակը. «Մենք պաշտպանվելու ենք, մենք ասում ենք՝ մեր ակտիվներն ավելի շատ են, քան մեր պարտավորությունները, համբերեք՝ արժեթղթերը գրավադնենք, ձեր պարտքը կտանք»:
«Առավոտի» այն հարցին՝ արդեն որեւէ բանկ կա՞, որը կվերցնի այդ արժեթղթերը, Ավետիսյանը վստահեցրեց, որ տեղական որեւէ բանկ դժվար թե վարկ դա արժեթղթերի դիմաց, եվրոպական բանկերի հետ են բանակցում: Ավետիսյանը հրաժարվեց հնարավոր բանկերի անուններ տալ, միայն ասաց, որ գերմանական մի բանկի հետ արդեն ավելի մոտ են հաջողության: «Վարկը կարող է ստանանք գրավի առարկա արժեթղթերի կես գնով, 68 միլիոնի դիմաց՝ 30-35 միլիոն դոլար»: Մեր այն դիտարկմանը՝ արդյոք Հայրապետյանի հետ միջադեպն ազդե՞լ է արժեթղթերի արժեքի վրա, Ավետիսյանն ասաց, որ ինքը չի ուզում դրա հետ կապել. «Դրա հետ կապ չունի»: Մեր մյուս հարցին էլ՝ եթե ընկերությունը որեւէ էական գույք չունի, ասենք՝ սեփական ինքնաթիռ, արդյոք բանկը կհամաձայնվի՞ այդ արժեթղթերը վերցնել ու վարկ տալ, քանի որ եթե ընկերության գործերը վատ լինեն, բանկը վաճառելու բան էլ չի ունենա, արժեթղթերն էլ գնող դժվար ունենա, Ավետիսյանն ասաց. «Արժեթղթերը կարող է վաճառի, դա եվրոպական խոշոր ընկերության արժետոմսեր են, ունեն իրենց համապատասխան գնահատվածությունը՝ 68 միլիոն դոլար»:

Բացի HSBC բանկից՝ ավիաընկերությունն այլ պարտքեր էլ ունի, այդ թվում նաեւ աշխատավարձերի՝ 76.5 միլիոն դրամ, «Ալա ինթերնեյշնլին»՝ 2.5 միլիոն դոլար. այս պարտքի համար էլ տեղի ունեցավ Ռուբեն Հայրապետյանի հետ միջադեպը: Հիշեցնենք, որ «Էյր Արմենիան» «Տարոն-Ավիայից» «Բոինգ» ինքնաթիռ էր վարձակալել, որի դիմաց պարտքը կազմում է հենց այդ 2.5 միլիոն դոլարը, բայց հետո պարզվեց, որ այս պարտքը ոչ թե «Տարոն-Ավիայինն» էր, այլ Արաբական Միացյալ Էմիրություններում «Տարոն Ավիայի» սեփականատեր Գառնիկ Պապիկյանի կողմից ստեղծված «Ալա ինթերնեյշնլ» ընկերությանը:

«Էյր Արմենիան» պարտք է նաեւ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Ավիասնունդ» ընկերությանը՝ 400 հազար դոլար, փոքր չեն պարտքերը նաեւ «Զվարթնոց» օդանավակայանին, պարտքեր ունի նաեւ «Ամերիա» եւ «Կոնվերս» բանկերին, պարտք ունի նաեւ «Ինգո Արմենիային», «Ռիմ ընդ Ար», «Էֆ Էմ Թայմս», «Յումակս», «Արմյանսկոյե բյուրո պուտեշեստվիյ» ՍՊԸ-ներին, «Աքիլա տեխնիքսին» 15,4 միլիոն դրամ. սրանցից որոշների դեպքում, ըստ «Դատալեքսի», որպես հայցի ապահովման միջոց է որոշված գույքի դրամական միջոցների վրա արգելանք դնելը:

«Էյր Արմենիայի» ընդհանուր պարտքը, ինչպես վստահեցրեց Ավետիսյանը, 16 միլիոն դոլար է: Մեր տեղեկություններով՝ ավիաընկերությունը մտադիր է եկող տարվա գարնանը վերսկսել թռիչքները, կարո՞ղ է արդյոք ընկերությունը «դուրս գալ» նշված պարտքերի տակից ու վերսկսել թռիչքները՝ մեր այս հարցին Ավետիսյանն ասաց. «Մեր բոլոր հաշիվների ու գույքի վրա կալանք է դրված, ու դե ֆակտո մեր գործունեությունը պարալիզված է: Եթե նույնիսկ փողը ճամպրուկով այստեղ դրված լինի, մինչեւ հաշիվները չբացենք, չենք կարող աշխատել, իսկ պարտքերը մարելու համար պիտի աշխատենք: Մենք շատ ենք ուզում ապրիլին թռնել, բայց դրա համար, բացի փողից, բոլորի հետ պիտի հաշտության պայմանագրեր կնքենք, որպեսզի կալանքները մեր հաշվի վրայից դուրս գան: 3-րդ հաշվին որեւէ մեկը փող չի փոխանցի, նույնիսկ ներդրողը»: Ավետիսյանը վստահեցրեց, որ եթե կարողանան արժեթղթերի դիմաց վարկ ստանալ, ապա դրա մի մասն ուղղվելու է պարտքերի մարմանը: Ինչ վերաբերում է «Ալա Ինթերնեյշնլից» պահանջվող պարտքին, Ավետիսյանն ասաց, որ ճիշտ է՝ ինքը այն միջադեպից հետո չի հանդիպել պարտապանին, սակայն խնդիրը դատարանով է լուծվելու. «Դատարանը պարտքի մարման ժամանակացույց սահմանի՝ մենք էլ ըստ այդմ վճարենք»:

Աշխատավարձերի պարտքերն էլ, ըստ Ավետիսյանի, 3.5 ամսվա են, սա էլ է խոստանում աստիճանաբար մարել. «Աշխատողների հետ պայմանավորվել ենք, որ ամեն մի տրանշից պարտքի մի մաս կփակենք, եթե մեծ գումար եկավ, ամբողջը կստանան, 4 փուլով վերջանա՝ գնա: Կփակենք պարտքերը»:

Նշենք, որ «Էյր Արմենիայի» աշխատակիցների մեծ մասը «Արմավիայից» են գնացել, ու սնանկ ճանաչված «Արմավիայից» աշխատակիցները պարտքերը չստացած, որի հույսն էլ չունեն, կրկին աշխատավարձերի պարտքերի մարման են սպասում այլ ընկերությունում: Այս առնչությամբ էլ Ավետիսյանն ասաց. «Իսկ աշխատակիցներն այլընտրանք ունեի՞ն այլ տեղ աշխատելու, չունեին: Ավելի լավ չէ՞ 12 ամիս աշխատեն մեզ մոտ, 4 ամիս աշխատավարձ չստանան, բայց հետո ստանան»:

Իսկ շրջանառվող այն լուրերին էլ, որ Հայրապետյանի կողմից ծեծի միջադեպը կապված էր նաեւ նրա հետ, որ իբր ավիաընկերությունն են ուզում Ավետիսյանի «ձեռքից վերցնել», արդյոք նման միտում կա՞, վերջինս ասաց, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում. «Ռուբեն Հայրապետյանի հետ ձեռք ձեռքի եմ տվել, ու չէի ցանկանա այդ թեմայով խոսել, որեւէ միտումնավոր բան չեմ տեսնում, ուղղակի մարդը քայլ էր՝ արել էր՝ չստացվեց»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

Հ.Գ. Ինչու մեր երկրում չեն կայանում տեղական ավիափոխադրողները, ինչպես Բաց երկնքից տուժեց «Էյր Արմենիան». այս հարցերի շուրջ Ավետիսյանի դիտարկումները՝ «Առավոտի» առաջիկա համարներից մեկում:

«Առավոտ» օրաթերթ
17.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930