Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպանի դերը Սահմանադրությամբ դարձնում են դեկլարատիվ

Սեպտեմբեր 18,2015 16:00

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին

ՀՀ Սահմանադրության անփոփոխելի 114-րդ հոդվածը սահմանադրական փոփոխությունների նախագծում փոփոխված է 202-րդ հոդվածով, որի տեքստը նույնպես փոխված է. «Սահմանադրության 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 202-րդ հոդվածները փոփոխման ենթակա չեն»: Ավելին՝ սահմանադրական փոփոխությունների նախագծի նորաստեղծ անփոփոխելի 3-րդ հոդվածի 2-րդ մասում գրված է. «Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականությունն է»:

Այսինքն՝ հանրային իշխանությունը պարտավորվում է հարգել ու պաշտպանել մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքները եւ ազատությունները, սակայն չի պարտավորվում պահպանել այն: ՄԱԿ-ի կանոնադրության 55 կետ c) եւ 56-րդ հոդվածներում www.un.org/ru/documents/charter/chapter9.shtml   www.un.org/ en/documents/charter/chapter9.shtml գրված է, որ բոլոր պետությունները պարտավոր են հարգել եւ պահպանել մարդու հիմնական իրավունքները եւ ազատությունները, իսկ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը ներկայացրել է Վենետիկի հանձնաժողովին սահմանադրական փոփոխությունների նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասի աղավաղված անգլերեն թարգմանությունը www.venice. coe.int/webforms/documents/?pdf=CDL-REF(2015)023-e, որտեղ գրված է. «The protection and the respect for the fundamental rights and freedoms of the human being and the citizen shall be the duty of the public power»: Անգլերենից հայերեն այն թարգմանվում է. «Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների հարգումը, պահպանումը ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականությունն է»: «Respect for» թարգմանվում է «հարգումը/պահպանումը» (տե՛ս Եվրոպայի խորհրդին առնչվող տերմինների եւ արտահայտությունների անգլերեն-հայերեն բառարանը): «Պաշտպանել» եւ «հարգել» բառերի իմաստները «պահպանել» բառը չեն ընդգրկում (տե՛ս արդի հայերենի բացատրական բառարանները):

Այդպիսի հոդվածը դարձնել անփոփոխելի հանցագործություն է ընդդեմ մարդու եւ քաղաքացու իրավունքների ու ազատությունների: Ավելին՝ սահմանադրական փոփոխությունների նախագծի 190-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Մարդու իրավունքների պաշտպանը հետեւում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանմանը: Սակայն անհասկանալի է, թե ինչպես կարելի է պահանջել հանրային իշխանությունից մարդու իրավունքների պահպանում, եթե հանրային իշխանությունը պարտավոր չի պահպանել մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքները եւ ազատությունները: Այսինքն՝ Մարդու իրավունքների պաշտպանի դերը Սահմանադրությամբ դարձնում են դեկլարատիվ: Ավելին՝ «առաջարկություն» եւ «առաջարկ» իմաստով միեւնույն բառերն են (տե՛ս արդի հայերենի բացատրական բառարանները): Սահմանադրության փոփոխությունների նախագծում 20 անգամից ավելի օգտագործվում է «առաջարկություն» բառը, որը Վենետիկի հանձնաժողովին ներկայացրած սահմանադրական փոփոխությունների նախագծի անգլերեն թարգմանությունում թարգմանված է «proposal»: Սակայն սահմանադրական փոփոխությունների նախագծի 190-րդ հոդվածի 4-րդ մասում Մարդու իրավունքների պաշտպանի մասին օգտագործվել է «առաջարկ» բառը, որը Վենետիկի հանձնաժողովին ներկայացրած թարգմանությունում թարգմանված է «recommendation (երաշխավորություն)». «Զեկույցը կարող է առաջարկներ պարունակել օրենսդրական փոփոխությունների կամ այլ բնույթի միջոցառումների վերաբերյալ»:

Բանն այն է, որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում չպետք է կիրառվեն նորմեր, որոնց չկատարման համար իրավական հետեւանքներ նախատեսված չեն: Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի առաջարկները պետք է կատարել, սակայն երաշխավորությունների կատարումը պարտադիր չէ ու ոչ մի իրավական հետեւանքներ չի պահանջում: Ընդ որում, գործող Սահմանադրության անգլերեն տեքստում «առաջարկ» բառը (հոդվածներ 59, 110, 111 եւ 112) թարգմանված է «proposal», իսկ «առաջարկություն»՝ «recommendation» (հոդվածներ 55, 72, 74.1, 81, 82, 83, 83.3, 83.4, 85, 103 եւ 111): Սահմանադրական փոփոխությունների նախագծի 167 եւ 169 հոդվածների համաձայն՝ Սահմանադրական դատարանը անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ լուծում է Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերը: Այսինքն՝ 6 դատավոր քվորումի դեպքում անհրաժեշտ է, որ ընտրությունների արդյունքները վիճարկող կուսակցության օգտին քվեարկեն հինգ անգամից շատ դատավորներ՝ կամ դեմ:

ԱՆԴՐԱՆԻԿ ԲԱԲԱԽԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930