Լրահոս
Օրվա լրահոսը

Դատապարտյալը բարձրաձայնում է վաղաժամկետ պայմանական ազատման մասին

Սեպտեմբեր 18,2015 15:00

Բազմիցս ես եւ մի շարք դատապարտյալներ բարձրաձայնել ենք վաղաժամկետ պայմանական ազատման գործընթացում առկա խախտումների, խտրականության եւ անօրինականությունների մասին, որոնք մինչ այսօր շարունակվում են: Ներկա պահին ես սպառել եմ իմ իրավունքների պաշտպանության միջոցները ՀՀ դատական բոլոր ատյաններում եւ պատրաստվում եմ դիմել Եվրոպական դատարան: Մինչդեռ ՀՀ դատարանները իմ բողոքների մերժման հիմք եւ պատճառաբանություն են օգտագործել «Կոշ» ՔԿՀ-ի կողմից տրված բացասական բնութագիրը, որը իր ողջ էությամբ անհիմն է եւ կեղծիք: Բայց այս ամենի ետեւում կանգնած է ՀՀ նախագահի հրամանագրով գործող անկախ հանձնաժողովը, որը նույնիսկ մերժում է «Կոշ» ՔԿՀ-ի կողմից դրական բնութագրվող եզակի դատապարտյալներին՝ առանց որեւէ պատճառաբանության:

Ես ցանկանում եմ նշել նաեւ «Կոշ» ՔԿՀ 2014թ. այցելած արդարադատության նախարարությունից եւ քրեակատարողական վարչությունից պաշտոնատար անձանց պատասխանները, երբ ես եւ մյուս դատապարտյալները բարձրացրեցինք վաղաժամկետ պայմանական ազատման չգործելու հարցը, նրանք բոլորն էլ պատասխանեցին, որ «վաղաժամկետ պայմանական ազատման հարցը մինչեւ տարվա վերջ կլուծվի», սակայն 2014թ. ավարտվեց, բայց իրենց խոստումը նորից չկատարվեց: Ասեմ ձեզ ավելին, որ վաղաժամկետ պայմանական ազատման խնդիրը ոչ թե միայն չի լուծվել, այլ հակառակը՝ այնքան է վատացել, որ ամսական վաղաժամկետ պայմանական ազատման ներկայացվող, միջինը 130-ից ազատվում են «Կոշ» ՔԿՀ-ից 2-4 դատապարտյալ: Ցանկանում եմ նշել, որ քչաթիվ դատապարտյալների վաղաժամկետ ազատման պատճառ են հանդիսանում ՀՀ նախագահը եւ իր հրամանագրով գործող անկախ հանձնաժողովի կամայականությունները եւ խտրականությունները:

Շատ եմ ցանկանում անդրադառնալ ՀՀ նախագահի բարի կամքի հերթական չդրսեւորմանը դատապարտյալներիս հանդեպ, ում լիազորության ներքո է գտնվում համաներման հայտարարումը եւ ով առաջնորդվելով իր սեփական չկամեցողությամբ, չհայտարարեց համաներում ոչ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի 100-րդ տարեդարձի առթիվ, ոչ Հայրենական պատերազմի հաղթանակի 70-րդ ամյակի եւ ոչ էլ ՀՀ սահմանադրության 20-րդ ամյակի առթիվ: Ինչումն է հարցը, պատճառը, խնդիրը, որ ՀՀ նախագահն այսպես անբարյացակամորեն է տրամադրված դատապարտյալներիս հանդեպ եւ ոչ միայն…

Ըստ ԶԼՄ-ների՝ ս.թ. ապրիլի 2-ին Ամենայն հայոց կաթողիկոսը վարչապետի միջոցով համաներում հայտարարելու մասին խնդրագիր էր ուղարկել ՀՀ նախագահին, ով անտեսեց կաթողիկոսի խնդրանքը: ԱՊՀ անդամներից Ղազախստանի, Բելառուսի եւ Ռուսաստանի նախագահները, հարգելով իրենց զոհված հայրենակիցների հիշատակը, հայտարարեցին համաներում Հայրենական պատերազմի հաղթանակի 70-րդ ամյակի առթիվ: Կցանկանայի նշել, որ 2013թ. Ադրբեջանի նախագահը, հարգելով նախկին նախագահի հիշատակը, նրա 90-րդ տարեդարձի առթիվ հայտարարեց համաներում, իսկ ՀՀ նախագահը չցանկացավ հայտարարել համաներում ցեղասպանության 1.500.000-ից ավելի նահատակների եւ Հայրենական պատերազմում 250.000-ից ավելի զոհված մեր հայրենակիցների հիշատակի առթիվ: Կցանկանայի նշել, որ հայրենասեր մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրը իրավացի էր, երբ ասում էր, որ Հայաստանում չկա կառավարություն, որի հետ ես լիովին համաձայն եմ:
Նամակս փակելուց առաջ ուզում եմ խոսքս ուղղել ՀՀ նախագահին՝ տվեք դատապարտյալներիս հասանելիք վաղաժամկետ ազատումը, որը սահմանված է ՀՀ սահմանադրությամբ եւ օրենքներով եւ բավական է դատապարտյալներիս հետ վարվեք այնպես, ինչպես վարվում են գերիների հետ, եւ հերիք է ոտնահարեք մարդկանց իրավունքները:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՆԵՆՋՅԱՆ
«Կոշ» քրեակատարողական հիմնարկ, դատապարտյալ

«Առավոտ» օրաթերթ
17.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930