Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Պաչյանին Ուկրաինայում հայկական Կաֆկա են ընկալել

Սեպտեմբեր 18,2015 14:00

Ուկրաինայում կայացել է հեղինակի՝
ուկրաիներեն հրատարակված «Ռոբինզոն» գրքի շնորհանդեսը

Վերջին օրերին արվեստագետների շրջանում խոսվում է, թե ուկրաինական գրական որոշ կայքեր անդրադառնալով ճանաչված արձակագիր Արամ Պաչյանին, նշում են, որ Ուկրաինա է ժամանել հայկական Կաֆկան:

«Առավոտը» հանդիպեց արվեստագետին եւ պարզեցինք, որ Կիեւում, սեպտեմբերի 10-ին, Շեւչենկոյի անվան գրադարանում, ապա տեղի ավստրիական գրախանութների ցանցին պատկանող «ն» սրահում, իսկ հետո Լվովում, սեպտեմբերի 11, 12-ին անցկացվող գրքի ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել Արամ Պաչյանի «Ռոբինզոն» գրքի ուկրաիներեն տարբերակի (թարգմանությունը՝ Անուշավան Մեսրոպյանի) շնորհանդեսը: Պաչյանն առաջին հայ հեղինակն է, որ հրատարակվել է Ուկրաինայում, իսկ նրա «Ռոբինզոնը»՝ առաջին գիրքը, որով 2011թ. հայ ընթերցողին ներկայացավ այսօր արդեն ճանաչված արձակագիրը: Մեր զրուցակիցը հայտնեց, որ ուկրաինական «Ստարի լեւ» հրատարակչությունը «Լավագույնը» խորագրով շարք է ստեղծել, որտեղ պարբերաբար ընդգրկվում են նաեւ օտարազգի հեղինակների գործերը:

Արամ Պաչյանի հավաստմամբ՝ ուկրաինացիների կողմից կարծիքներ են հնչել, թե «Ռոբինզոնը» համահունչ է հոգեբանական այն իրավիճակին, որի մեջ տեւական ժամանակահատված է, ինչ գտնվում է Ուկրաինան: Այս ժողովածուում տեղ գտած պատմվածքները, որոնք թեմատիկ կապ ունեն միմյանց հետ, առնչվում են «ռոբինզոնադա» ժանրին եւ հիմնականում վերաբերում են մարդկային կյանքի կորուսյալ հատվածներին, ակնթարթներին, որոնք առաջին հայացքից թվում է՝ կարեւոր չեն:

Aram_Pachyan_1

Արամ Պաչյանն ասաց, որ հրատարակչության ներկայացուցիչները իր ցանկությամբ իրեն ուղեկցել են Մայդան. «Ինձ համար կարեւոր էր տեսնել մի հրապարակ, որ երազում էր ազատության մասին, որն, անկասկած, ինչ-որ չափով ձեռք բերվեց…»:

Անդրադառնալով ժողովածուին՝ հեղինակն ասաց, որ ջերմ էր ընդունելությունը թե ուկրաինացի եւ թե տեղի հայերի կողմից, շնորհանդեսներից մեկին էլ ներկա է գտնվել Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոն:

Դիտարկմանը՝ այսօր եթե ասում են երիտասարդ գրող, ապա գրքասերներն ու ոչ գրքասերները միանգամից տալիս են Պաչյան ազգանունը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Կյանքիս կեսն ապրել եմ, հետեւաբար այլեւս երիտասարդ չեմ: Մի բան ցանկալի է, որ ինձ ճանաչեին գրքերով, ինչը քաղաքակիրթ աշխարհի՝ ստեղծագործողին հարգելու միակ ձեւն է»: Հարցին՝ ինչ թեմաներ են հետաքրքրում այսօր գրական նյութի առումով, Արամը պատասխանեց իր անունից եւ շատ հակիրճ. «Ինձ հետաքրքրում է իմ սերնդի կյանքն ու ճակատագիրը»: Ռեպլիկին էլ, թե դա գոնե մշտապես արտացոլվո՞ւմ է իր ստեղծագործություններում, արձակագիրը վստահաբար ասաց՝ այո, հետո էլ փոքր-ինչ մանրամասնեց. «Իհարկե՝ այո, որովհետեւ պատմություններիս հերոսները իմ տարեկիցներն են՝ այն խնդիրներով, որոնք ես ու ընկերներս առայսօր ունենք»: Խնդրեցինք հակիրճ ներկայացնել այդ խնդիրները: «Հիմնականում ինքնաճանաչողությունը, երբ դրա հնարավորությունները ոչ միայն տրված չեն, այլեւ կարծես դրա ժամանակը նույնիսկ չկա: Նաեւ մարդկային փոխհարաբերությունները, որոնք մեր օրերում փոփոխությունների են ենթարկվել՝ հանգամանքների բերումով, այդ թվում՝ քաղաքական, նոր տեխնոլոգիաների, արժեքները վերասահմանելու եւ դրանցում ինչ-որ կերպ ինքդ քեզ հասկանալու առումով»,- ներկայացրեց Արամ Պաչյանը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում` Արամ Պաչյանը (կենտրոնում)՝ ուկրաինական ասուլիսներից մեկի ժամանակ:

 

«Առավոտ» օրաթերթ
17.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (12)

Պատասխանել

  1. Մանե says:

    Թարգմանվելը դեռ ոչինչ չի նշանակում, մանավանդ երբ այս երիտասարդւ վերջին գիրքը շատ թույլ էր գրված: Ամենաշատն է գովազդվել, կարդացինք և զգացինք, որ անգրագետ համեմատությունները կխանգարեն ստեղծագործողին:

    • Տիգրան Ավետիսյան says:

      Իսկ ով ասեց, որ ինչ որ բան չի նշանակում:
      Առնվազն այն, որ հետաքրքրել է օտարազգիներին-դա է նշանակում:
      Իսկ ուրիշ ի՞նչ պիտի նշանակեր:
      Իսկ թույլ է , թե ուժեղ-երևի դուք պիտի որոշեք:է դուք էլ մի կարդացեք, դա շատ հեշտաա:
      Գիրքը Արամի՛ ստեղծագործական կյանքի ու դինամիկայի արտացոլումն է, ոչ թե ինչ-որ մեկի (այդ թվում ՝ Ձեր) ակնկալիքների ու չափանիշների հանրագիտարանը:

  2. Մանե says:

    Կարիք չկա խորհուրդ տաք ինչ կարդանք: Ինչ ուզում ենք, կարդում ենք: Ամեն ընթերցող իրավունք ունի կարծիք հայտնելու, Հետո ամեն մեկի կյանքը չի դառնում ընթերցողինը ու կարիք չկա ստիպեք՝ ում գրականությունը սիրենք, ումը ոչ: Ստիպելը – ենթագիտակցաբար: Ավելի շնորհալիներ կան, էլ չեմ ասում դասականներին: կամ Ձեր կարծիքով եթե այլ ավելի լավ գրողներ թարգմանվեին, անհետաքրքիր կլինե՞ր, ասենք Լևոն Խեչոյանին: Նորից եմ կրկնում, ամեն ընթերցող իրավունք ունի կարծիք ու ակնկալիք ունենալ, մանավանդ որ ես և ինձ նմանները չտես չենք, իսկ կոնկրետ այդ երիտասարդի որոշ գործեր վատ չեն, որոշ գործեր չափազանց սարքված ու անհաջող են: Այնպես որ չի կարելի կարծիքի համար մարդկանց գնդակահարել, կամ ով ասաց, որ Ձեր կարծիքը ամենառացիոնալն է:

  3. Վահան says:

    Ձեր շնորհալիներով, դասականներով, Խեչոյաններով դու կհասնեք, որտեղ որ պետք է, իսկ Արամը իր ճանապարհն ունի, որն անցնում է պատվով ու խոնարհությամբ: Իսկ վերջին գիրքը նրա լավագույն գիրքն է:

  4. Սերինե says:

    Պետք չէ գրող խաղալ, ինչպես այդ երիտասարդը: Իսկ Խեչոյանի մասին չի կարելի այդպես խոսել, ամոթ է: Նա ո՞վ է Խեչոյանի մոտ: Որքան ինքասիրահարվածություն կա իր գրքերում, Արամին ոչ մեկը չի բռնել, ինչ ուզում է, թող անի: Միայն մտածի, որ ամեն ինչից առաջ պետք է լավ մարդ լինել:

  5. Վահան says:

    Ահա, դե ուրեմն ի՞նչ եք ուզում, ձեր համար ապրեք Խեչոյանի հետ, ԻՐ ՄՈՏ նույնիսկ Աստվածն է անարժեք ու դուք չէ, որ “լավ ու վատ” մարդու բանասիրական ուսանողուհու քարոզներ պիտի ստեղ կարդաք.

  6. Սերինե says:

    Ամոթ է, ոնց կարելի է նման բան ասել Աստծուն: Դուք երևի քրիստոնյա չեք: Դեռ այդ տղան շատ ճանապարհ ունի անցնելու, որ հասնի Խեչոյանին: Իսկ եթե Ձեզ համար Աստված է նա, ծնկեք ու համբուրեք նրա քղանցքը: Դուք էլ երևի հենց այդ հեղինակն եք:

  7. Վահան says:

    Խեչոյանին ու Աստծուն դուք հասեք, ու ծնկելով համբուրեք նրանց փեշերը, էդ տղայի ճանապարհը ձեր նմաններից ահռելի հեռավորություն վրա է:

  8. Մ. Լևոնյան says:

    Ռեկլամով գրող չեն դառնում, այդքան ում էլ ռեկլամեք , մի բան կդառնան: Միջակությունները լցվել են:

  9. Վահան says:

    սառը ջուր խմի, մի քիչ թթվածին շնչի, սիրտդ հեսա կկանգնի

  10. Օսաննա says:

    Հետաքրքիր հոդված էր, եթե աղավաղված պահերը չհաշվենք:
    Իսկ ամենահետաքրքիրը Ռոբինզոնի շուրջը ծավալված զրույցն է:
    Ես ապրում եմ ուկրաինայում: Տեսել եմ Արամին, ու նույնիսկ ինքնագիր եմ վերցրել:
    Կարդացել եմ այդ գիրքը հավեսով ու հավանել եմ:
    Անտարես հրատարակչությունը հրատարակել է Լյուբկո Դերեշի «Խաղաղարար»-ը: Ձեզանից որևէ մեկը կարդացե՞լ է այդ ուկրաինացի ժամանակակից գրողին, Կուզենայի իմանալ Ձեր կարծիքը:
    1 շաբաթից հետո մի գաղտնիք կասեմ Ձեզ:
    Հարգելի Վահան, Արամ Պաչյանի ո՞ր գիրքն եք ամենից շատ հավանում

  11. Վահան says:

    Հարգելի Օսաննա ամենից շատ հավանում եմ՝ “Օվկիանոսը”:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930