Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արթուր Աբրահամի հաջորդ մենամարտը կկայանա նոյեմբերի 21-ին

Սեպտեմբեր 18,2015 13:00

WBO վարկածով երկրորդ կիսամիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հուլիսին կայացած արդեն չորրորդ մենամարտում 6-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթելով Ռոբերտ Շտիգլիցին՝ ավանդույթի համաձայն՝ կրկին եկել էր Երեւան: Բայց այս անգամ նա մամուլի ասուլիս չարեց:

Երեկ «Արքա Արթուրը» վերադառնալու էր Գերմանիա: Մեկնելուց առաջ «Առավոտի» հետ զրույցում Աբրահամն ասաց. «Այս անգամ եկել էի զուտ ընտանիքիս, հարազատներիս, բարեկամներիս եւ ընկերներիս տեսնելու ու նրանց հետ հանգիստս վայելելու: Դրա համար մամուլի ասուլիս չարեցի: Բայց հաջորդ անգամ անպայման կհանդիպեմ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ»: Հարցին, թե Ռոբերտ Շտիգլիցի հետ հինգերորդ մենամարտը հնարավո՞ր է, Աբրահամը պատասխանեց. «Ոչ: Դա բացառվում է, որովհետեւ արդեն ձանձրալի կլինի բոլորի համար»: Հետաքրքրվեցինք՝ գիտե՞, թե հաջորդ մենամարտը երբ եւ ում հետ է լինելու: «Արդեն վերադառնում եմ Գերմանիա, որպեսզի վերսկսեմ մարզումներս: Երեկ մարզիչս զանգահարեց եւ ասաց, որ հերթական մենամարտիս օրը որոշվել է՝ նոյեմբերի 21-ին: Բայց թե ո՞վ է լինելու մրցակիցս, դեռ պարզ չէ»:

Արթուր Աբրահամը ոչ միայն մարզումներով ու մենամարտերով է անցկացնում օրը, այլեւ լինելով Գերմանիայում շատ սիրված անձնավորություն, հեռուստաալիքներին հյուրընկալվելու եւ տարբեր ֆիլմերում նկարահանվելու բազմաթիվ առաջարկներ է ստանում: Դրանք չե՞ն խանգարում, արդյոք, մեր հարցին Աբրահամը պատասխանեց. «Մենք պրոֆեսիոնալ ենք ու անում ենք այնպես, որ մեկը մյուսին չխանգարի: Հասկանալի է, որ երբ նախապատրաստվում եմ հերթական մենամարտին, ուրիշ ոչ մի բանով չեմ զբաղվում: Իսկ հրավերներն ու առաջարկները ընդունում եմ միայն մարտերից հետո, երբ արդեն ազատ ժամանակ եմ ունենում: Դա նաեւ հաճույքի համար է»:

Արթուր Աբրահամը քաշային կարգը փոխելու մտադրություն չունի: «Ես այնքան ծանր չեմ, որ քաշային կարգս բարձրացնեմ», – ասում է նա: Իսկ մեկնելուց առաջ «Առավոտի» միջոցով Աբրահամը շնորհակալություն հայտնեց Հայաստանում, Գերմանիայում եւ աշխարհի տարբեր երկրներում ապրող իր երկրպագուներին՝ իրեն մշտապես աջակցելու համար եւ խոստացավ այսուհետեւ էլ ուրախացնել նրանց:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930