Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայրենի եզերք Վերականգնված եռատոնը

Սեպտեմբեր 18,2015 12:30

Հաղպատում եռատոնի սկիզբը դրվել է 5 տարի առաջ, երբ «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախաձեռնությամբ մեծն Սայաթ-Նովային նվիրված հուշաքար դրվեց Հաղպատ գյուղի եկեղեցամերձ հրապարակում: Այս ամենին հաջորդեց մեծ տոնահանդեսը` նվիրված գյուղի օրվան եւ Հաղպատավանքին, Հայաստանի առաջատար երաժշտական խմբերի մասնակցությամբ:

Այս մասին ներկաներին հիշեցրեց «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը` ողջունելով հյուրերին եւ հաղպատցիներին:

«Բարի ավանդույթ է դառնում, երբ մեր բնակավայրերը նշում են իրենց օրերը,- շարունակեց Սերգո Երիցյանը,- բայց Հաղպատի դեպքում դա ոչ միայն գյուղի, այլեւ Հաղպատավանքի օրն է եւ նաեւ մեծն Սայաթ-Նովային նվիրված տոն է»:
Ողջույնի խոսքեր հնչեցին Գուգարաց թեմի առաջնորդի եւ Լոռու մարզպետի անուններից: Հաղպատավանքի հոգեւոր հովիվ տեր Ղազար քահանա Թորոսյանը եւ մարզպետարանի մշակույթի բաժնի պետ Արամ Ռեւազյանը ողջունեցին եռատոնը, ընդգծելով, որ այն ամեն տարի պետք է դեպի Հաղպատ կանչի հազարավոր մարդկանց:

Իսկ Հաղպատի գյուղապետ Վահրամ Քառյանն ավելացրեց, որ իրենք, իհարկե, բոլորին ողջ տարվա ընթացքում են Հաղպատ հրավիրում, բայց կուզենային, որ շատերը հենց այդ օրը Հաղպատ գային:

Իսկ այդ օրը, որը նաեւ Խաչվերացի տոնն է, հատուկ պատարագ մատուցվեց Հաղպատավանքի մայր եկեղեցում: Այնուհետեւ հոգեւորականներից եւ հավատացյալներից կազմված թափորը Խաչափայտի առաջնորդությամբ շրջեցին Հաղպատավանքով մեկ։ Հաղպատավանքի հոգեւոր հովիվը` տեր Ղազար քահանա Թորոսյանը, օրհնեց մատաղը, որն այնուհետեւ բաժանվեց հյուրերին եւ հաղպատցիներին:
Իսկ գյուղի գլխավոր հրապարակում սկսվեց Սայաթ-Նովայի ստեղծագործությունների կատարումը: Հարթակի վրա էին ՀՀ վաստակավոր արտիստներ Ռուբեն Սահակյանը եւ Ստեփան Դալլաքյանը: Գյուղով մեկ տարածվում են մեծ բանաստեղծի եւ գուսանի գրավիչ ստեղծագործությունների կատարումները:

eraton-2
Իսկ բանաստեղծ Լիպարիտ Սարգսյանը պոեզիայի լեզվով էր ներկաներին պատմում Հաղպատավանքի եւ Սայաթ-Նովայի մասին.
Լոռի՛, չքնաղ Լոռի, քո լեռներով հպարտ,
Նորից կանչել ես մեզ, բերել ես մեզ Հաղպատ,
Բերել ես, որ քո հին, քո շեն հարկի ներքո՝
Մի անգամ էլ հարբենք նրա՛ անմահ երգով…

Հրապարակում կամաց-կամաց ծովանում է Սայաթ-Նովայի կատարումների ոգին: Վանաձորի հայորդյաց տան սանուհիները երգին համապատասխան պարային շարժումներ են ներկայացնում: Այնքան գրավիչ ու տրամադրող է երաժշտությունը, որ ներկաներին եւս հրավիրում են պարահրապարակ:

«Նման ժողովրդական տոնախմբություն պետք է ունենա ամեն մի բնակավայր,- մեր զրույցի ժամանակ ասաց Սերգո Երիցյանը,- այդ դեպքում ամեն մի բնակավայր իր արածը եւ չարածը ծանրութեթեւ անելու, նաեւ մի փոքր հանգիստ առնելու հնարավորություն կունենա: Ես ուրախ եմ, որ նման տոնակատարություններ ունեն Լոռվա Դսեղը, Մոտկորի տարածաշրջանի գյուղերը, Օձունը, Շնողը, Ախթալան, Վահագնին»:
Մինչեւ ուշ երեկո մարդաշատ էր Հաղպատը եւ Հաղպատավանքը, իսկ գյուղով մեկ տարածվել էր Սայաթ-Նովայի երաժշտությունը:

Բարձր էր մարդկանց տրամադրությունը: Ուրեմն եռատոնը կայացել էր:

ԿԱՐԻՆԵ ՏԻՏԱՆՅԱՆ
Հաղպատ-Երեւան

«Առավոտ» օրաթերթ
17.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930